Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի առնչությամբ սպասում է Հայաստանի պարտավորությունների կատարմանը՝ տարածքային պահանջներից հրաժարում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Բայրամովի այս հայտարարությունը, ըստ էության, հնարավոր է դիտարկել որպես պատասխան արձագանք Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանի այն հայտարարությանը, որ պայմանագրի ստորագրման հարցում հայ-ադրբեջանական խոսակցությունը շարունակվում է և «առաջիկայում կարող են լինել լավ նորություններ»:
Երևանն այդ մասին հայտարարեց նախօրեին, թեև մինչև այժմ չի մանրամասնվել, թե որոնք կարող են լինել լավ նորությունները, խոսքը պայմանագրի ստորագրմա՞ն մասին է, թե որևէ այլ տրամաբանություն ունեցող քայլի:
Բոլոր դեպքերում, Բաքուն փաստորեն հաջորդիվ հայտարարում է, որ իր պահանջների հարցում չկա փոփոխություն: Ըստ այդմ` հարց է առաջանում, կամ վերստին մնում է հարցը, թե այդ դեպքում ինչի՞ «հաշվին» կարող է լինել «լավ նորությունը», որի մասին ազդարարում է կամ հանրային սպասում առաջացնում Հայաստանի ԱԳ նախարարը:
Եթե, իհարկե, այդ նորությունը վերաբերում է հենց խաղաղության պայմանագրի ստորագրման պրոցեսին: Ի վերջո, հայ-ադրբեջանական պրոցեսն ակնհայտորեն բաժանված է նվազագույնը երեք մասի՝ խաղաղության պայմանագրի գործընթաց, սահմանազատման և սահմանագծման գործընթաց, և ճանապարհների ու այլ ենթակառուցվածքների ապաշրջափակում:
Թե ինչպիսի փոխադարձ «կորելացիայի» մեջ են այդ երեք գործընթացները միմյանց հետ, բավականին բարդ է ասել, որովհետև ընթացքի տեսանկյունից շատ, թե քիչ տեսանելիություն ստացել է պայմանագրի գործընթացը, մարտին ամբողջանալով այն հայտարարությամբ, որ համաձայնեցվել է պայմանագրի տեքստը:
Թեև առայժմ հանրությանը հայտնի չէ տեքստի ամբողջական տարբերակը, այլ ընդամենը ընդհանուր նկարագրով հայտնի են որոշ դրույթներ:
Հայտնի չէ նաև, թե Երևանն ի՞նչ առաջարկ է արել Բաքվին ճանապարհների ապաշրջափակման մասով, որի վերաբերյալ հայտարարել է ամիսներ առաջ, փաստորեն չստանալով պատասխան, կամ գուցե ստանալով մերժում: Համենայն դեպս, Բայրամովը այդ մասով այսօր էլ հայտարարել է, թե Ադրբեջանի մոտեցումները ապաշրջափակման առումով հայտնի են և սպասում են, որ Երևանը կատարի պարտավորությունները:
Երևանը հայտարարել է նաև սահմանազատման ու սահմանագծման հարցում Բաքվին արած առաջարկների, և դրանց պատասխանի սպասելու մասին: Փաստ է այն, որ հունվարին համաձայնեցվել է աշխատանքի ուղղությունը՝ Հյուսիսից դեպի հարավ, սակայն արդեն անցել է որս ամիս, իսկ աշխատանքի գործնական փուլը չի մեկնարկել:
Սա թույլ է տալիս մտածելու, որ կան ընդհուպ քաղաքական բովանդակության անհամաձայնություններ, այլ ոչ թե միայն տեխնիկական:
Բաց մի թողեք
Եվրոպան զինվում է․ Գերմանիան նպատակ ունի ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը
Սին մխիթարանք․ Իրանը զորավարժություններում ստուգում է Ադրբեջանի օկուպացրած տարածքները
Ռումինիայի նախագահական ընտրություններում` թեև ՌԴ միջամտությանը, հաղթել է եվրոպամետ թեկնածուն․ Լուսանկար