ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես գիտենք, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնի մանդատ ստանալուց ու ԱԺ խուժելուց հետո նոր մարտավարություն են որդեգրել՝ հայտարարությունների, կառավարությանն ուղղված հարցերի ու հարցապնդումների տեսքով «մաշեցնել» Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն ու 2026-ի հերթական ընտրությունների ժամանակ պայքարել «ռեյտինգակորույս» ՔՊ-ի հետ։
Պարոնայք ու տիկնայք հայաստանականներն իրենց հարցադրումներում հաճախ են դիմում «հիշեցնելու» ու «երեսով տալու» հնարքին։ «Մաշեցման» օպերացիան գլուխ բերելու համար, նկատենք, աշխատանքի բաժանում է կատարվել, և «հիշեցնողների» բլոկում ներգրավված է «կանանց բրիգադը», մասնավորապես լեզվակոխի ասպարեզում հմուտ Ագնեսա Խամոյանը, «Իմ քայլը» դաշինքով մանդատ ստացած, թիմը լքած ու Քոչարյանի թիմ թռած Աննա Գրիգորյանը, Սերժ Սարգսյանի հետ 2017-ին կոալիցիա կազմած, հետո 2018-ին հեղափոխությանը միացած ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նրանից կառավարական պորտֆելներ ստացած, հետո դրանցից զրկված կուսակցության ներկայացուցիչներ Քրիստինե Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, որի «քաղաքական սկզբունքայնությանը» անդրադարձել ենք նախորդիվ։
…Ամեն մեկն իր ծառայությունն է բերում Քոչարյանի «երրորդ գահակալության» սուրբ գործին՝ յուրաքանչյուրն իր հունարի, սկզբունքների ու բարոյական նկարագրի չափով։
Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը վերածվեց ոչ միայն «հիշեցման և երեստվանքի», այլև քաղաքական հիշոցների երեկույթի, որի թեմատիկան բռնությունն ու կոռուպցիան էին, սակայն՝ ընդդիմության «ֆիրմեննի» ինտերպրետացիայով։ Հընթացս արձանագրենք՝ երբ բռնության, կոռուպցիայի և այլ զազիր բաների մասին խոսում են այն խմբակցության ներկայացուցիչները, որոնց քաղաքական պատրոնը՝ Քոչարյանը, հանրության շրջանում ընկալվում է որպես կոռուպցիայի հոմանիշ, և որի պաշտոնավարման շրջանը նույնանում է հենց այդ չարիքի հետ, խմբակցություն, որի ղեկավարը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քրեական հետապնդման է ենթարկվում պաշտպանության նախարար եղած շրջանում իր թույլ տված ապօրինությունների համար, ավելին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող է, ինչպես և Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները, ստիպված ենթադրում ես՝ կամ «կոռուպցիա»-ն հոլովողը անադեկվատ է, կամ էլ «վիսշի կլասսի» ցինիկ։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Օհանյանից պահանջում է բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր, Ռոբերտ Քոչարյանից (և նրան փոխկապակցված յոթ անձանցից էլ՝ ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ)՝ 25 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ։
Քոչարյանի գլխավորած դաշինքի մեկ այլ անդամ էլ՝ Արման Ղազարյանը, որը 2002-2021թթ. եղել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար, նույնպես ամիսուկես առաջ հրավիրվել է Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Չենք կարծում, թե որևէ ադեկվատ մարդ, մտածելով Օհանյանի, Քոչարյանի և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի «շահառու» հանդիսացող այլ նախկին պաշտոնյաների կուտակած գույքի ծագման մասին, կեզրահանգի՝ այն ձեռք է բերվել առանց կոռուպցիոն սխեմաների, այսինքն՝ բացառապես հալալ արյուն-քրտինքով։
Արդ, Քոչարյանի կուրացիայի ներքո գործող պատգամավորները փոխանակ տապակվեն «հալալ կաթնակեր» իրենց քաղաքական պատրոնի ու թիմակիցների «դարդով», որոնք այդպես էլ չէին կանգնի դատարանի առաջ, եթե տեղի չունենար 2018-ի թավշյա հեղափոխությունը, որոշել են «լացել» կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք համարող ու դրա դեմ պայքարող գործող իշխանության «ցավը»։ Հարցուպատասխանի ժամանակ, երբ հայաստանական պատգամավորներից մեկը վարչապետին «կսմթեց» կոռուպցիայի վերաբերյալ մամուլի հրապարակումներին հետամուտ լինելու, սակայն կոռուպցիոներներին չբացահայտելու համար, վարչապետը հունից դուրս եկավ, նրա էմոցիաները տեղի տվեցին։
Հղում անելով մամուլի հրապարակումներին՝ վարչապետն իր հերթին նկատեց՝ կոռուպցիոն բացահայտումները տեղի են ունենում նախ դրանք հանրայնացնելով, և եթե քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, բոլոր այդ դեպքերում մարդը կենթարկվի պատասխանատվության։ Մի դիտարկում էլ՝ ՀՀ-ում մամուլը չէ դատական իշխանությունը, որին էլ վերապահված է հանցանքին իրավական գնահատական տալու առաքելությունը։
«Որ մամուլի հրապարակումներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և ՀՀ-ից արտաքսել էինք ընդհանրապես։ Բա ձե՞ր մասին ինչ է գրում մամուլը։ Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք դուք ընդհանրապես էս դահլիճում նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, բոլորիդ պետք է տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը… Առաջինը դու պիտի գնաս ու կգնաս»,- դիմելով ԱԺ նիստերի դահլիճից արձագանքած Սեյրան Օհանյանին՝ ազդարարեց Փաշինյանը։
Արդ, դառնանք վարչապետի նշած ու «ոտքից գլուխ կոռուպցիա» բնորոշված անձի՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ մամուլի մեկ-երկու հրապարակումների (դրանք առնվազն մի քանի տասնյակ են)։ Մասնավորապես Ապրիլյան պատերազմից հետո բանակում՝ առաջնագծում առկա խայտառակ իրավիճակի՝ «բանկա-բութուլկաների» մասին և խայտառակ բացահայտումներից հետո երբ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին, մամուլը գրեց՝ «նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները:
Տեղեկություն կա, որ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել: Ի դեպ, այս ստուգումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կապված ևս լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ուստի չի բացառվում, որ նա ևս առաջիկայում պաշտոնանկ կարվի»:
Այս հրապարակումից ամիսներ անց Օհանյանը հեռացավ պաշտոնից և գործուղվեց ընդդիմություն։ Արդեն ընդդիմադիր Սեյրան Օհանյանը 2017-ին խոստովանեց՝ «բանակում շատերը կոռուպցիայի միջոցով ունեցվածք էին դիզում, ես դա կանգնեցրեցի»: Թե ովքեր էին դիզողները, ու ինչո՞ւ նրանց ձեռքը չէր բռնում կամ «կտրում» օրվա՝ Սերժ Սարգսյանի տակ գործող իրավապահ համակարգը՝ թող եզրակացնի ընթերցողը։
Ի դեպ, Օհանյանի պաշտոնավարման շրջանում առկա կոռուպցիայի մասին ժամանակին Հ1-ի եթերից աղաղակում էր նաև մամուլի ներկայացուցիչ, այժմ Սեյրան Օհանյանի թիմակից, ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք՝ Օհանյանի երբեմնի քաղաքական պարտնյոր Վարդան Օսկանյանի հետ զրույցում տիկին պատգամավորն ազդարարում էր՝ «այս տարիների ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան բանակում կոռուպցիոն ռիսկերի ու այլնի մասին, վերջերս էլ վարչապետը (Կարեն Կարապետյանը-խմբ.) հայտարարեց անորակ դիզվառելիքի մասին, ինչին ի պատասխան, ի զարմանս ինձ, Սեյրան Օհանյանն ասում է՝ բավական է կենցաղային հարցեր տաք։ Կենցաղային հա՞րց է (վրդովված տոնով-խմբ.) ապրիլյանի օրերին անորակ դիզվառելիքի մասին վարչապետի հարցը»։
Ի դեպ, շատ հետաքրքիր է՝ տիկին Խամոյանն այս ընթացքում անկեղծ զրույց ունեցե՞լ է իր խմբակցության ղեկավարի հետ, ստացե՞լ է համոզիչ պատասխաններ բանակում նախքան հեղափոխությունը տեղի ունեցած կոռուպցիոն բացահայտումների մասին։ Եթե ստացել է, ապա կարող է թեև ուշացումով, սակայն հրապարակել դրանք կամ էլ դիմել իրավապահներին։ Ժամանակին իրավապահներից պլստացած կոռուպցիոներներին բացահայտելու գործում օգտակար գործ արած կլինի։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ի՞նչ պետք է անի Հայաստանը Մերձավոր Արևելքում ներկայիս ծայրահեղ լարվածության իրավիճակում
Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, չպետք է վախենալ պատերազմից. Հովհաննիսյան
Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Պետրոսյան