Հոկտեմբերի 27-ի հետ կապված քրեական վարույթը գաղտնի ռեժիմով է քննվում, բայց հավաստիացնում եմ, որ այս քրեական վարույթով մեծածավալ և հսկայական գործողություններ են կատարվում:
Մարտի 1-ի հետ կապված էլ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում:
Այս մասին Ազգային ժողովում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի, «Մարտի 1»-ի գործերին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործերի քննություններին:
«Ես տեղյակ եմ, որ այս գործերով առնվազն մեր հանրությունը և մեր ժողովուրդը սպասելիքներ ունեն, և սպասում են այս գործերով կոնկրետ պատասխանների: Իսկ մենք կոչված ենք, որպեսզի այդ պատասխանների հետ կապված գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի մյուս անգամ այստեղ գալիս ասելիք ունենանք»,- ասել է նա:
Պողոսյանի խոսքով՝ չնայած ինքը մեծ գայթակղություն ունի մանրամասներ ներկայացնելու, թե այս գործերի մասով ինչ աշխատանքներ են կատարվել, բայց այդ գայթակղությանը կդիմանա, որ երբ ՔԿ-ն կոնկրետ արդյունք ունենա, հրապարակի այդ արդյունքը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է, թե քննչական մարմինը կամ ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ հոդվածով են քննում 2020 թվականի նոյեմբերի 9-ին լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները՝ միայն Արարատ Միրզոյանի մահափորձի՞, թե՞ նաև իշխանության զավթման: ՔԿ նախագահը նշել է՝ երկուսի էլ:
«Քրեական վարույթներով ՔԿ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում՝ նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ: Արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Դրա հետ կապված մենք պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք»,- ասել է ՔԿ նախագահը:
Անդրանիկ Քոչարյանն իր հերթին խոստացել է իր ելույթի շրջանակում ներկայացնել, թե ինչ «հետաքրքիր կապ» կա վերոնշյալ երեք գործերի միջև:







Բաց մի թողեք
Եկեղեցին՝ ինքնության մարտադաշտում․ Արա Սահակյան
Սամվել Կարապետյանի մասնակցությունը անգնահատելի է, իսկ չաջակցելն իմ անձնական հարցն է․ Հովիկ Աբրահամյան
Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ. Ռուբեն Մխիթարյան