17/06/2025

Ինչպես «փուռը տալ» հոգևորականին կամ՝ Բագրատ Գալստանյանի ինքնաոչնչացումն ու ուշագրավ բացահայտումը

Օրերս «սրբազան պայքար» կոչվող մարգինալ, դեռ նախորդ տարի աշնանը «շունչն ավանդած» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ուշացած, սակայն ուշագրավ բացահայտումներ է արել իր կողմից ղեկավարած, բայց ստվերային շահառուներ (ՀՀ նախկին նախագահներ) ունեցած շարժման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ այս օրերին մոլեգնող «Տավուշը հանուն հայրենիքի», ապաև՝ «սրբազան» վերանվանված շարժումը խոստանում էր շաբաթների ընթացքում լուծել երկրում իշխանափոխության հարցը՝ իմպիչմենտի ճանապարհով «տուն» ուղարկելով Նիկոլ Փաշինյանին։

Տավուշից քայլերթով Երևան հասած և մայիսի 9-ին Հանրապետության հրապարակ շռնդալից մուտք գործած շարժման կազմկոմիտեն, սակայն, այդպես էլ չհանդգնեց պաշտոնապես ազդարարել վարչապետի թեկնածուի անունը, որն իմպիչմենտի հաջողության դեպքում պետք է փոխարիներ Փաշինյանին ու Հայաստանը դարձներ Աստծո ստեղծած եդեմը երկրիս երեսին։

Ինչևէ, ինչպես էպոսում է ասվում՝ «դառանք, զօղորմին տի տանք» շարժմանն ու անդրադառնանք Գալստանյանի թարմ բացահայտումներին, որոնք նա արել է կայքերից մեկի տաղավարում։

Եվ ուրեմն, ըստ եկեղեցական ծառայությունը սառեցրած հոգևորականի, իր համար ընդունելի ճանապարհ է եղել հենց իմպիչմենտի միջոցով Փաշինյանին հեռացնելը՝ որպես քաղաքակիրթ, սահմանադրական եղանակ։ «Ո՞վ ձեզ համոզեց, որ իմպիչմենտի ճանապարհը հաջողությամբ է պսակվելու, ո՞վ էր ձեզ ասել դա»՝ հարցին Գալստանյանն արձագանքում է․ «Ով էր ասել չէ, տարբեր խորհրդակցություններ են եղել մինչե՜ւ մայիսի 9-ը։ Ես հենց ամենասկզբից էլ ասել եմ, դեռ չսկսած, որ միակ բացարձակ ճանապարհը անվստահություն հայտնելու խորհրդարանական ճանապարհն է»։ Իսկ թե ինչու այդ՝ իր ու իր գաղափարակիցների համար «ընդունելի» ճանապարհով հնարավոր չեղավ գլուխ բերել գործընթացը՝ Գալստանյանը մանրամասնել է՝ «որովհետև թեկնածության խնդիրն այդպես էլ մնաց օդում»։

Հոգևորականը նաև հավելել է, թե ինքը վարչապետի թեկնածու է առաջադրվել, ուշադրություն՝ «ստիպված լինելով»։ «Այսինքն՝ թեկնածուի հարցում այդպես էլ չեկան ընդհանուր հայտարարի»՝ լրագրողի ճշտմանը արքեպիսկոպոսն արձագանքում է՝ «ո՛չ, թեկնածուներն իրենք՝ ինչ-ինչ պատճառներով, արդարացված կամ ոչ, հավանաբար չուզեցին պատասխանատվության տակ մտնել, ովքեր որ կային մեր մտքի մեջ, ում հետ որ մենք նախապես խոսել էինք, մի քանի հոգի, մեկ հոգի չէր»։

Ճշտմանը՝ «ոչ ոք չցանկացա՞վ իշխանություն վերցնել», Գալստանյանն արձագանքեց․ «Մարդ չհայտնվեց, որ ասեր՝ կանեմ»։ Քաղաքականություն մտած հոգևորականն իր խոսքի հետագա հատվածում նշում է նաև, որ շարժմանը միացած կուսակցություններն իրեն են առաջադրել որպես թեկնածու, սակայն հայտարարությամբ հանդես չեն եկել, ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն առաջարկել է առայժմ չհայտարարել այդ մասին։ Այս բացահայտումը մի շարք ենթադրությունների տեղիք է տալիս։

Նախ՝ ինչո՞ւ են քաղաքական կուսակցությունները առաջադրել այնպիսի թեկնածուի, որը խոցելի է Սահմանադրության տեսանկյունից․ ինչպես հայտնի է՝ Գալստանյանը երկքաղաքացի է՝ ունի նաև Կանադայի քաղաքացիություն (իրողություն, որը, ինչպես ինքն է քանիցս նշել, երբեք չի թաքցրել, ենթադրաբար՝ տեղյակ է պահել նաև իրեն միացած ընդդիմությանը), իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար պարտադիր պահանջ է, որ թեկնածուն վերջին 4 տարում լինի միայն ՀՀ քաղաքացի։

Արդ, հարց է ծագում՝ «հակասահմանադրական» թեկնածուին առաջադրելով ընդդիմությունն ի՞նչ խնդիր է փորձել լուծել, արդյոք անվանարկել նրան ու մարման տանել նրա առաջնորդած շարժումը, որը, նկատենք, ինչպես հենց իրենք՝ ընդդիմադիր տարբեր գործիչներ են խոստովանել, ամենամարդաշատն է եղել նախորդ ընդդիմադիր շարժումների համեմատ։

Ենթադրաբար քաղաքական «խանդը», թե ինչու պետք է ինչ որ հոգևորական ավելի բարձր հանրային աջակցություն վայելի, շատ մարդ հավաքի իր շուրջը, քան իրենք՝ երկիրը տասնամյակներով կառավարած, քաղաքական գործունեության փորձառություն ունեցող նախկին նախագահներն ու նրանց սատարող ուժերը, ստիպել է վերջիններիս զոհ գնալ սեփական քաղաքական ամբարտավանությանը՝ զոհաբերելով իշխանափոխության գաղափարը։

Երկրորդ ենթադրությունն այն է, որ նախկին ռեժիմը, որքան էլ ցույց է տալիս, թե ջանք ու եռանդ չի խնայում իշխանափոխության հասնելու համար ու պայքարում է հանուն այդ օրհասական հարցի, իրականում զբաղված է պայքարի իմիտացիայով, քանի որ պատրաստ չէ ստեղծված աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում ստանձնել իշխանությունն ու իր ուսերին կրել դրա պատասխանատվությունը։

Ընդդիմության «լոքշ» կարգավիճակը, երբ ոչինչ չես անում, ոչնչի համար պատասխանատվություն չես կրում, բայց քննադատում ու ձաղկում ես գործ անողին՝ իշխանությանը, ամենահարմարավետն ու ապահովն է․ ինչո՞ւ գլուխդ դնես «ցավոտ ավետարանի» տակ, եթե կարելի է այն «էյթիբարով պահել» մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները։

Նկատենք՝ դեռ նախորդ տարի սեպտեմբերին դրա համաառաջնորդներից մեկը՝ Սուրեն Պետրոսյանը, որը շարժման՝ երևանյան հավաքներից որոշ ժամանակ անց լքեց դրա համաառաջնորդությունը, Հ1-ի եթեում իր հերթին մի շարք փակագծեր էր բացել շարժման ստվերային շահառուների (նախկին նախագաներ և դրանց պրոտեժեներ) մասին։

Նա, մասնավորապես խոսելով երկրորդ և երրոդ նախագահների թիմերի միջև՝ դեռ Դիմադրության շարժման օրերից առկա մրցակցության մասին, նշել էր․ «Էս պրոցեսի մեջ միակ խնդիրը որ լուծում են, ընդդիմադիր դաշտում առաջին տեղը զբաղեցնելն է։

Ընդամենը։ Ոչ ոք իշխանափոխության մասին չի էլ մտածում անգամ, որովհետև իրենք էս երկար 30 տարիների հպատակային քաղաքականության հետևանքով գիտեն, որ իրենց իշխանություն դրսից պետք է տան, մի հատվածը գիտի, թե Դ-ն բերելու ա իրենց մարմնաշարժությունների հետևանքով իշխանությունը տա, ասի՝ ապրեք, լավ էիք անում։

Մի մասն էլ գիտի՝ հեսա Արևմուտքը հոգնելու ա Նիկոլից, իշխանությունը բերի մեզ տա։ Իրենց հիմնական խնդիրը ընդդիմադիր դաշտում առաջին տեղ զբաղեցնելն է։ Իրենք բոլորն իրենց ներսում համոզված են՝ դե Փաշինյանը մինչև 2026 թիվը ինչ որ պիտի հանձնի, կհանձնի, կվերջացնի, էլ ինքը գերտերություններին պետք չի լինի, էն, ում որ իշխանությունը պետք է ավտոմատ հանձնեն, առաջին դիրքում լինենք, որ մենք ստանանք էդ իշխանությունը»։

Ի դեպ, «սրբազան շարժման» անփառունակ ֆիասկոյից հետո ընդդիմությունը որոշել է այս անգամ հերթական փողոցային շարժումը չնախաձեռնել, քանի որ տառապանքի փորձը հուշում է՝ ինչ անունով էլ այն կոչեն, ինչ օրակարգով էլ սկսեն, միևնույն է՝ արդյունքը լինելու է նույնը՝ ձախողումը։

Այդ է պատճառը, որ մինչև 2026-ի խորհրդարանական ընտությունները ընդդիմադիրի «ֆորմի» մեջ մնալու համար որոշել են նորից իմպիչմենտի գործիքի օգնությանը դիմել՝ վարչապետին անվստահություն հայտնելու ֆիկտիվ գործընթաց բզբզալ, բայց այս անգամ էլ առանց վարչապետի թեկնածու առաջադրելու։

Բնականաբար, Գալստանյանին առաջադրել չեն կարող, նա արդեն (որքան էլ կոպիտ հնչի) «զոհաբերված պեշկա» է։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ նվազագույն ինքնասիրություն ունեալու դեպքում չպետք է իրենց վարչապետի թեկնածուի կարգավիճակում պատկերացնեն, առավել ևս՝ առաջադրվեն։

Որքան էլ նրանց քաղաքական թիմերը ձև անեն, թե քափ-քրտինք են թափում Փաշինյանին հեռացնելու համար, ակնհայտ է՝ իշխանափոխության ռեալ օրակարգ և ամենակարևորը՝ այն սպասարկելու իրավաքաղաքական ռեսուրս նրանք չունեն։

Հ․Գ․ Դեռ անցյալ սեպտեմբերին երբ Գալստանյանին (որը իշխանափոխությունը խոստացել էր իրագործել դեռ հունիսին) լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ չեն կարողանում Նիկոլ Փաշինյանին հեռացնել, խրոխտ արձագանքեց․ «Իսկ ո՞վ ասաց, որ չենք կարողանում: Մայիսին սկսել ենք, մայիսին էլ կավարտենք»։

Դեկտեմբերի 27-ին էլ տարեվերջյան իր ելույթում սրբազան հայրը խոստացել էր փողոցային պայքարը վերսկսել 2025-ին։ Մայիսն արդեն կես է դարձել, «կկուն երեք անգամ կանչել» է, սակայն փողոցային պայքարի ոչ իզն է երևում, ոչ՝ թոզը։ «Սրբազան» կոչեցյալ շարժումն էլ փոխակերպվել է «չեմ վստահում» անունը կրող՝ ատելության, խտրական խոսք տիրաժավորող էժանագին ակցիայի։

Հ․ Մանուկյան