Հայաստանի բնակչության 23%-ը բախվում է պարենային անապահովության խնդրի, հայտարարել է ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և ռեգիոնալ տնօրեն Նանա Սկաուն, ասելով, թե այդ պատճառով է կազմակերպությունը աշխատում Հայաստանում:
Ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար բավարար մեծ տեսակարար կշիռ է պարենային խնդիր ունեցող բնակչության 23 տոկոս վիճակագրությունը:
Ընդ որում, դեռ պետք է նաև բաղդատել, թե ինչ կառուցվածք ունի այդ 23 տոկոսը, հանրային ինչ շերտեր է այն ներառում, որքան են կազմում երեխաները: Ի վերջո, խոսքը գրեթե 600 հազար մարդու մասին է:
Հայաստանում փաստորեն 600 հազար մարդ ունի պարենային անապահովության խնդիր: Սա սոցիալական հարց չէ, սա քաղաքական հարց է, բարոյական, արժեհամակարգային հարց է, առավել ևս տնտեսական հարց է, և ի վերջո՝ ազգային անվտանգության հարց է:
Բայց այս հարցը չկա Հայաստանի հասարակական-քաղաքական խոսույթի առաջին շարքերում, չկա թերևս «թոփ թեմաների» առաջին տասը և գուցե նույնիսկ քսան կամ երեսուն կետերում:
Մինչդեռ ցուցանիշն առաջացնում է հարցեր, թե ինչպե՞ս է Հայաստանում բաշխվում այն մեծ տնտեսական վիճակագրական աճը, որ արձանագրվել է վերջին երեք-չորս տարիներին: Կամ, ավելի շուտ, այս թիվը ցույց է տալիս, որ Հայաստանում վիճակագրական երկնիշ աճն ունեցել է և ունի խիստ բևեռացված բաշխում:
Հայաստանում շարունակում է հիմնարար խնդիր մնալ տնտեսական աճի «ապակենտրոնացումը», որպեսզի այդ աճը հասանելի դառնա հանրային առավելագույնս լայն շերտերի: Ի վերջո, խոսքը ընդամենը 3 միլիոն բնակչության մասին է, այլ ոչ թե 30 կամ 300 միլիոնի:
Տնտեսական աճի և արդյունքի հասանելիություն ու բաշխվածություն ասածը, բնականաբար, չի ենթադրում սոցիալական օգնություն: Կամ, ավելի շուտ՝ բացառապես սոցիալական օգնություն:
Ավելին, տնտեսական արդյունքի ապաբևեռացում, բաշխվածության առավելագույն ապակենտրոնացում ասվածը պետք է ենթադրի այնպիսի տնտեսական ռեֆորմացիա, որ ֆինանսական հոսքերի տարբեր տնտեսական գործընթացների տեսքով տարածվեն հանրային լայն շերտեր, այլ ոչ թե սոցիալական օգնությունների և բարեգործությունների:
Եվ այդ տարածման ձևը կամ բանաձևը պետք է կապել ոչ թե «աղքատների գլխում» եղածի հետ, այլ այն մարդկանց «գլխում եղածի», որոնք պարտավոր են Հայաստանում իրականացնել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որ դրա բարիքները հասանելի լինեն ոչ թե մի քանի առանձին խմբի կամ շերտի, այլ համամասնորեն «ճյուղավորվեն» հանրային օրգանիզմում:
Բաց մի թողեք
Չեղարկվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ չվերթները
Հայաստանի անկարողությունների շղթան, այս անգամ նույնիսկ Վրաստանի հետ
Նիկոլ Փաշինյանը կայցելի Անկարա, ահա թե ինչու է սրել ներքին խաղը