ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Հայաստան առիթ է տվել գնահատականների կամ դատողությունների, որ տեղի է ունենում կամ կարող է տեղի ունենալ հայ-ռուսական հարաբերության «ռեստարտ»:
Այդ գնահատականը, թերևս, հեռու է իրականությունից, ընդ որում՝ շատ ավելի պարզ պատճառով, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հայ-ռուսական հարաբերության «ռեստարտ» հնարավոր չէ, որովհետև այդ հասկացությունը նշանակում է մեխանիզմի վերագործարկում:
Մինչդեռ հայ-ռուսական հարաբերությունում տեղի է ունենում մեխանիզմի փոփոխություն: Ճգնաժամը, որ առկա է երկու երկրների փոխհարաբերությունում և որի սկզբնավորումը, ինչպես ինքս եմ առիթ ունեցել բազմիցս նշելու, գալիս է դեռևս 2000-ականների առաջին տարիներից, պահանջում է նոր մեխանիզմ:
Ավելին՝ ճգնաժամը ձևավորվել և հասունացել, ժամանակի ընթացքում բազմաշերտ ու բազմաբնույթ տրամաբանությամբ ծավալում է ունեցել այն պատճառով, որ ժամանակի հանդեպ հակոտնյա տրամաբանության մեջ է հայտնվել հարաբերության գոյություն ունեցող մեխանիզմը:
Սա, իհարկե, օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների մի ամբողջ համախմբի հետևանք է, բայց միեւնույն ժամանակ՝ խորքային իրականություն, որի դեմ գնալը խորացնելու է ճգնաժամը, այլ ոչ թե տալու է դրանից դուրս գալու ելքեր:
Հետևաբար, հայ-ռուսական հարաբերության օրակարգային հրամայականը նոր մեխանիզմի ձևավորումն է, ոչ թե «ռեսթարտը»՝ այսինքն գոյություն ունեցած եւ ճգնաժամի բերած մեխանիզմի վերագործարկումը:
Այլ հարց է, թե ինչպիսի ընթացք եւ տրամաբանություն ունի նոր մեխանիզմի, հարաբերության նոր ճարտարապետության և բովանդակային առանցքի ձևավորման գործընթացը, ինչպիսին է դրա արդյունավետությունը: Այս հարցերը, անշուշտ, ենթակա են քննարկման, ընդ որում թե պետական, թե քաղաքական ու հանրային մակարդակներում:
Միևնույն ժամանակ, հայ-ռուսական հարաբերության հարցը, անշուշտ, ենթակա է նաև աշխարհաքաղաքական, աշխարհակարգային տրանսֆորմացիայի պրոցեսներին: Երկկողմ հարաբերությունն է լինելու դրանց հանդեպ ձևավորվող, այլ ոչ թե դրանք՝ հայ-ռուսական հարաբերությունից «ածանցվող»:
Անկասկած է մի բան, որ չի կարող փոխվել ժամանակը տրամագծորեն փոխվել աշխարհը, միջազգային հարաբերություններն ու անվտանգության միջազգային ճարտարապետությունը, բայց անփոփոխ մնան միջպետական առանցքային հարաբերությունները, որոնք, ըստ էության, եղել են ընդհուպ ռեգիոնալ տրամաբանություն ձևավորող հարաբերություններ, որպիսին հայ-ռուսականն է:
Ներկա գտնվեցի ԱԳՆ շենքի մոտ ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային: Ինչո՞ւ: Որովհետև Լեռնային Ղարաբաղի պետականության կորուստը, հայ բնակչության բռնատեղահանությունը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որտեղ լայնակտավ պաստառներին գրված էր. «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»:
Այդ կարգախոսի, Ռուսաստանի Դաշնության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանդեպ հավատն է քառասունչորսօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղ վերադարձրել գրեթե ամբողջ խաղաղ բնակչությանը, որ ադրբեջանական ռմբակոծություններից, հրթիռա-հրետանային թիրախավորումներից փրկվելու համար ապաստանել էր Հայաստանում:
Ակնկալում էի, որ ակցիայի մասնակիցների շարքում կտեսնեմ ստեփանակերտցի գոնե այն մարդկանց, որ տարիներ, տասնամյակներ ի վեր հանդես են եկել որպես եվրոպական, համամարդկային արժեքների կրող և քարոզիչ, համագործակցել արեւմտյան վերլուծական հաստատությունների, տեղեկատվական կառույցների և հանրային շրջանակների հետ: Ավա՜ղ… Ներկա էր միայն մի տիկին, ով այդ մասին ֆեյսբուքում հայտարարել էր նախօրեին, ուստի նրա ինքնությունը չեմ հանրայնացնում:
Նա ձեռքին պահել էր մի համեստ, բայց բազմանշանակ կարգախոսով պաստառ. «Ռուսաստանը խաղաղարար չէ, Ռուսաստանը վաճառական է»: Արցախից բռնատեղաահանված կնոջ այդ գնահատականը լիովին բացահայտում է ԼՂ-ում ռուսական զորախմբի վարքը, որ, անկասկած, քաղաքական ձևակերպում էր ստացել Կրեմլում: Ե՞րբ և ինչպե՞ս, լրջագույն վերլուծության հարց է:
ԱԳՆ շենքին հարող մայթին շոգ էր, հանդիպակացը՝ զոհ, որովետև պաշտպանված է ստվերախիտ ծառերով: Ակցիայի ընթացքում երեք անգամ ծխելու և զովանալու համար մի մայթից մյուսն էի անցնում և ամեն անգամ հանդիպում Արցախից բռնատեղահանված տղամարդկանց:
Ինչո՞ւ նրանցից ոչ ոք ակցիայի մասնակիցների հետ չէր: Չէ՞ որ մասնավոր խոսակցության ժամանակ բոլորն էլ խոստովանում են, որ «ռուսները խաբել են»: Բայց, որքանով հասկացվում է, Երևանում արմատավորված ստեփանակերտյան էլիտան շարունակում է մարդկանց ազատ կամարտահայտության վրա ներգործության ամենատարբեր լծակներ գործադրել:
Ո՞րն է նպատակը: Միայն մի բան, քարոզչա-տեղեկատվական տպավորություն ձևավորել, որ «Արցախից բռնատեղահանվածները քննադատության մի թիրախ ունեն՝ Նիկոլ Փաշինյան»: Ներշնչվում է, որ եթե մարդը, քաղաքացին Արցախից բռնատեղահանված է, ուրեմն «չի կարող կանգնել նրանց կողքին, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին հիշեցնել, որ Արցախն էթնիկ զտման է ենթարկվել, երբ այնտեղ ռուսական զորախումբն էր, ստեփանակերտյան վերնախավի ընկալմամբ նշանակում է լինել «սորոսական»: Հենց այդպես են մարդկանց հեռու պահում այն միջավայրից, որտեղ Լեռնային Ղարաբաղի, բռնատեղահանված բնակչության վերադարձի հարցերը ոչ միայն ավելի հաճախակի, այլև չափազանց լուրջ կտրվածքով են քննարկվում, քան «վրանապետությունում» կամ Նաիրի Զարյան 17/1-ի «ուղեղային կենտրոնում»:
Վատ է, երբ բռնատեղահանված մարդկանց մեծ մասն ԱԳՆ մոտ ակցիային «հեռավար է մասնակցում», լավ է, որ մի տիկին երկու հարազատների հետ այնտեղ էր: Ամեն ինչ սկսվում է ՄԵԿ-ի ինքնաբացահայտումից:
Բաց մի թողեք
Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին «պատերազմ է հայտարարել» և պետք է սպասել Ռուսաստանի պատասխանին
Աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակի հանդիպումներում ո՞րն է լինելու առաջնայինը
Միթե հնարավոր է համաշխարհային պատերազմի պայմաններում հայ – ադրբեջանական խաղաղություն