12/07/2025

Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանից զանգի լուրը, սակայն ինքը թիրախավորվել է 2008-ից

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն թիրախավորելու պրոցեսը 2008թ. հետո է սկսվել․ «Ես կարծում եմ՝ այդ պրոցեսը (խմբ․ նկատի ունի՝ իրեն թիրախավորելը) 2018թ․ չի սկսվել։ Եթե ուշադրությամբ դիտել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, նա այդտեղ ասում է, որ այդ պրոցեսը գոնե իր կողմից սկսվել է 2008թ․ հետո»,- դատարանի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

«Ես ինչո՞ւ պետք է ենթադրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիսն ում համար էր․ երևի հանրության համար էր»։

Դատարանի մոտակայքում լրագրողների հետ զրույցում այսպես է մեկնաբանել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին հարցը։

Անդրադառնալով 2018թ. հրաժարականից առաջ իրեն զանգահարելու պատմությանը՝ Սարգսյանն ասել է. «Ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, զրույցները հրապարակայնացնելու։ Զանգ եղել է։ Բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել… Մի բան կարող եմ հստակ ասել. ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեմ»։

Սարգսյանը նաև լրագրողներին հարցրել է՝ իր լեքսիկոնում երբևէ լսե՞լ են «կոնտրոլի տակ» արտահայտությունը. «10-15 տարի է՝ հետևում եք, երբևէ լսե՞լ եք այդպիսի բառ՝ «կոնտրոլի տակ». ես չունեմ այդպիսի բառապաշար»։

Նա լրագրողներին խնդրել է նաև 2018թ. մասին իրեն հարցեր չուղղել. «Ես մի անգամ եմ ասելու, ասելու եմ ուղիղ եթերում, որ մարդիկ հնարավորություն ունենան հարցեր տալ՝ ուղղորդված, չուղղորդված»։ Հարցին՝ երբ եք ասելու, նա պատասխանել է. «Երբ նպատակահարմար համարեմ»։

Հիշեցնենք՝ օրերս չորս լրատվականների հետ հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ 2018 թ․ ապրիլին զանգել է Սերժ Սարգսյանին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, որովհետև սա ձնագնդի պես աճում է, խնդիր է դառնալու, վերահսկողությունը կորցնելու եք:

«Սերժ Սարգսյանը շատ հանգիստ՝ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել»,- նշել էր Քոչարյանը: