Իրավապահները աչք են փակում գողության դեպքերի վրա։ «Սմոք Հաուս» ընկերության 6 տարբեր խանութներից տարբեր ժամանակահատվածներում նույն անձը բազմակի գողություն է կատարել` պատճառելով տնտեսվարողին 15 միլիոն դրամի վնաս։ Գողության փաստով իրավապահները արձանագրություն են կազմել, գողին՝ բաց թողել։
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ գողության 3 դրվագի հիման վրա նախաձեռնվել են 3 տարբեր քրեական վարույթներ։ Մեկ վարույթի շրջանակում անձն անգամ ձերբակալվել է, սակայն անհասկանալի պատճառներով ազատ է արձակվել։ 4-րդ դրվագով գողություն կատարվելուց հետո սեփականատերն ահազանգել է ոստիկանությանն ու քննիչներին։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնից 2 ժամ հետո զանգել, ասել են՝ եկեք հաղորդում տվեք, քննչականի քննիչներից մեկը (Աբովյանի քննիչներից ոմն Մարիամ) ասել է՝ երկուշաբթի մի բան կանեմ, մյուսը (Արաբկիրի բաժնի քննիչներից ոմն Արմինե) 10 օրով արձակուրդ է գնացել, վերադարձից հետո խոստանալով կզբաղվի, իսկ երրորդն էլ (Մաշտոցի բաժնի քննիչներից ոմն Դավիթ) ասել է՝ իմ վարույթով ես իրեն դեռ մեղադրանք չեմ առաջադրել։
Ցուցաբերված անլրջության պատճառով գողությունը կրկնվել է։ Ինչպես «Հրապարակ»-ին պատմում է խանութի սեփականատերը՝ գողացվածը բացառապես «Իգնայթ» տեսակի էլեկրական ծխախոտ է։ Վերջին 1 ամսա ընթացքում 4 գողություն է կատարվել, 2 գողության փորձ՝ նույն անձի կատարմամբ։
Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է էլեկտրական ծխախոտների գողությունները, մեկ անձ ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչականից հայտնել էին, որ Էլեկտրական ծխախոտներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ: Ընկերությունը տուժող է ճանաչվել: 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեսանյութերով անձի ինքնությունը պարզ երեւում է, սակայն իրավապահները նրան կալանավորել չեն ցանկանում։

Բաց մի թողեք
Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել
Ինչո՞ւ է ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ