04/11/2026

EU – Armenia

Եվրոպան մասնակցում է խաղաղության հասնելու գործընթացին․ Զելենսկին՝ Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ հանդիպումների վերսկսումը. բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ը։

«Դա կլինի բանակցությունների ձևաչափ՝ թիմերի մակարդակով։ Ակնկալում ենք, որ այս ձևաչափով աշխատանքը, ինչպես նաև մեր մյուս դիվանագիտական քայլերը ճանապարհ կբացեն առաջնորդների մակարդակով եռակողմ բանակցությունների համար, քանի որ դրանք ի վիճակի են լուծել երկարաժամկետ խաղաղության հասնելու և երաշխավորված անվտանգության ապահովման համար անհրաժեշտ առանցքային հարցերը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Կիևը շատ առարկայորեն համակարգում է իր դիրքորոշումը Գերմանիայի և եվրոպական այլ երկրների հետ բանակցությունների հիմնական կետերի շուրջ։

«Եվրոպան մասնակցում է խաղաղության հասնելու գործընթացին, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ձևավորենք միասնական եվրոպական դիրքորոշում անվտանգության մարտահրավերների, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե ինչպես և ինչ պայմաններով պետք է ավարտվի այս պատերազմը»,- ասել է նա։