24/06/2025

Ղազախստանը միանո՞ւմ է թյուրքական աշխարհի ռազմավարական դաշինքին

Ղազախստանի մայրաքաղաքում գումարվել է «Ուղեղների ներգրավում, ապագայի ձևավորում» երկօրյա միջազգային խորհրդաժողով, որի բացմանը ներկա է գտնվել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Իր ներածական ելույթում նա կարևորել է Ղազախստանի վերջին մի քանի տարիների բարեփոխումները: Տոկաևը, հատկապես գնահատել է կառավարման համակարգի, ինչպես նաև տնտեսության կառուցվածքի ազատականացումը:

Խոսելով նախագահական իշխանության մասին, Տոկաևը հայտարարել է, որ կատարված սահմանադրական փոփոխություններից հետո Ղազախստանում պետության ղեկավարն այլևս «որոշակի ժամկետով ժողովրդի կողմից վարձված կառավարիչ է»:

Նա մասնավորեցրել է, որ Ղազախստանում «ժողովուրդը կառավարիչ է վարձում յոթ տարով»: Ըստ երևույթին, այդ հայտարարությամբ նա հակադարձել է պնդումներին, թե ինքը մտադիր է նոր ժամկետով նույնպես պաշտոնավարել:

Ղազախստանի նախագահն անդրադարձել է նաև միջազգային քաղաքականությանը: Տոկաևը խոսել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունից, որպեսզի այնտեղ ավելի մեծ թվով երկրներ ներկայացված լինեն:

«Կարևորագույն որոշումները, որ վերաբերում են միլիարդավոր մարդկանց, չպետք է ընդունվեն միայն մի քանի երկրների կողմից»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը և հավելել, որ Աստանան պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնումը՝ «տարածաշրջանային ավելի լայն ներկայացուցչությամբ»:

Տոկաևի գնահատմամբ՝ միայն այդ դեպքում ՄԱԿ-ը «կմնա պահանջված և իրականում կներկայացնի ամբողջ աշխարհը»:

Ղազախստանի նախագահի այս հայտարարությունը հաջորդում է Թուրքական պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ գումարվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին բազմիցս խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հայտնի է նրա այն ձևակերպումը, որ «աշխարհը միայն հինգ պետություն չէ»: Էրդողանը նկատի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետություններին, որ ունեն վետոյի իրավունք:

Էրդողանը Բուդապեշտում խոսել է Թուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունից: Թուրքիայի նախագահը, սակայն, երբեմն շեշտադրում է իսլամական աշխարհի «անտեսվածությունը»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման հարցը վաղուց է շոշափվում, խոսքն, ընդ որում, մշտական անդամ պետությունների շարքը համալրելու մասին է:

Այս առումով նշվում են պետություններ՝ Բրազիալիա, Հնդկաստան, Հարավ-աֆիրկյան հանրապետություն: Թուրքիան, ինչ խոսք, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամության հավակնություններ ունի, բայց դա, ամենայն հավանականությամբ, ոչ իրատեսական է: Եթե հարցը հասունանա, ապա Թուրքական պետությունների կազմակերպության տեսակետը կարող է եթե ոչ վճռական, ապա առնվազն սկզբունքային նշանակություն ունենալ:

Ու՞մ է «թուրքական աշխարհը» տեսնում ՄԱԿ-ի ԱԽ վեցերորդ մշտական անդամ: Ըստ երևույթին, դա Հնդկաստանը չէ: Ուշագրավ է, որ Ղազախստանի նախագահը ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխման մասին խոսել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան հանդիպման հաջորդ օրը:

Ղազախստանը կմիանա՞ այդ ռազմավարական դաշինքին: