Իշխանությունը Սամվել Շահրամանյանի նկատմամբ ճնշման բոլոր լծակները գործի է դրել, որպեսզի նա, լինելով Արցախի նախագահի, կարելի է ասել, միակ թեկնածուն, հրաժարվի առաջադրվելուց։
«Հրապարակ» թերթը գրել է․ Ճնշման գործիքն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, որը ՀՀ իշխանական վարչակարգի թերեւս միակ պաշտոնյան է, որն ուղիղ շփման մեջ է Շահրամանյանի հետ՝ որպես նախկին կոլեգայի: Հիշեցնենք․ Շահրամանյանն Արցախում երկար տարիներ ԱԱԾ-ում է աշխատել։
Մեզ պատմեցին, որ Աբազյանը տեւական ժամանակ է՝ իշխանություններից ուղերձներ է փոխանցում Շահրամանյանին, որ չառաջադրվի, թե իբր` Ալիեւի վերջին ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի նկատմամբ Արցախի քաղաքական վերնախավի այս գործողությունների պատճառով են, մասնավորապես՝ պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու ջանքերի հետ կապված։ Դրա համար է Ալիեւը սպառնում «Արեւմտյան Ադրբեջանով» եւ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան վերադարձով։
Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը մի քանի անգամ հարցաքննվել է՝ Արցախի հանձնման ժամանակ սպառազինությունը թշնամուն հանձնելու վարույթով։ Տեղեկություն կար, որ այդ գործով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հաղորդում ներկայացրել Շահրամանյանի դեմ: Ի դեպ, ասում են՝ Բաբայանը 2018-ից հետո ինքնակամ շատերի դեմ է ցուցմունքներ տվել, որոնք հիմա ջրի երես են ելնում։ Իշխանության ճնշումները կարծես արդյունք են տալիս` նախագահի թեկնածուների առաջադրման առաջին ժամկետը բաց է թողնվել, վաղվանից երկրորդ ժամկետն է սկսվում, եւ եթե 7 օրվա ընթացքում թեկնածու չառաջադրեն, Արցախի նախագահի լիազորությունները կմնան ԱԺ նախագահի վրա։ Այդպես Սահմանադրությունն է ասում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախի նախագահի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են, և Արցախի խորհրդարանը պետք է նոր նախագահ ընտրի:
Ըստ Արցախի Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո։ Այսինքն, այսօր լրանում է տասնօրյա ժամկետը, երբ ԱՀ Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի:
Երեկ մենք դիմեցինք ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ով ասաց, որ «այս պահի դրությամբ» հստակ որևէ բան չի կարող ասել: «Ցավոք, այդ ամենը կախված չէ միայն ինձանից՝ որպես պատգամավոր, կամ միայն մեր խմբակցությունից, որը, ըստ էության, փոքր խմբակցություն է։ Հնարավոր է, որ կլինի հայտարարություն, հնարավոր է, որ կլինի այլ գործընթաց, որի մասին հաստատ տեղեկացված կլինեք»։
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ոչ միայն հրապարակավ, այլև տարբեր խողովակներով խստագույնս զգուշացրել են և ամեն ինչ անում են, որ հանկարծ ընտրություն չլինի: Ըստ էության, իշխանությունը գործընթացը տանում է Արցախի սահմանադրական կարգը տապալելու և նախագահի ինստիտուտը լուծարելու ճանապարհով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայում Արցախի խորհրդարանը ակտիվ քննարկումներ է տանում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու և դրությունը փրկելու համար: Թե ինչով կավարտվի իշխանության գրոհը, և արդյոք արցախցիները կուլ կտան հերթական հարձակումը, պարզ կդառնա օրերի, գուցե նաև ժամերի ընթացքում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին նորից հրավիրել են հարցաքննության ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Իրավապահ համակարգին մոտ կանգնած՝ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ հարցաքննությունը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ, նույն քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է 2020թ․ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում իշխանության կողմից հնարավոր պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք թշնամուն հանձնելու հանգամանքներին։
Հավելենք, որ ArmLur.am-ը հայտնել էր երեկ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը արդեն 5-6 անգամ այցելել է քննչական մարմին՝ վկայի դատավարական կարգավիճակով։ Թեև նրա փաստաբան Ռոման Երիցյանը, հրաժարվել է բացահայտել գործի մանրամասները, միևնույնն է՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակները հաստատում են, որ գործը խորանում է։
Ավելին, մեր տեղեկություններով՝ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ հնարավոր է հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը։
Հասկանալի է դառնում նաև, որ նախաքննությունը ստանում է որոշակի քաղաքական երանգներ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2026թ․ քաղաքական շրջադարձերին ընդառաջ ինչ-ինչ կենտրոններ արդեն «աշխատում են» որոշ ֆիգուրների շուրջ։ Եվ չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի»։
Բաց մի թողեք
Նրանք մեծացել են այդ բառապաշարի մեջ, ուրիշ ոչինչ չեն լսել, այդ բառապաշարն իրենց առօրյայի մի մասն է. Գուրգեն Մելիքյան
Հատուկ տգետների համար՝ կուսակրոնությունը ներդրվել է միջնադարում և աստվածաբանական իմաստ չունի
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից