06/06/2025

Մայր Աթոռը պետք է հստակ պարզաբանի` արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի անվան շուրջ աղմուկին և տեղեկությանը, թե վերջինս զավակ ունի:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ եթե պարզվի՝ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

Այս գրառմանը հաջորդել էր Գարեգին Բ-ի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը:

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերթական սաղմոսն է մեջբերել:

«8 Տէ՛ր, Տէ՛ր, իմ փրկութեան զօրութի՛ւն,

գլխիս հովանի՛ն պատերազմի մէջ:

9 Մի՛ մատնիր ինձ, Տէ՛ր, մեղաւորների կամքին,

որոնք նենգամտեցին իմ դէմ:

Ինձ երեսի վրայ մի՛ թող,

որ նրանք երբեք չբարձրանան,

եւ նրանց մտադրութիւնները չկատարուեն:

10 Թող նրանց կատարածի վախճանն այս լինի.

իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց:

11 Դու նրանց վրայ կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց,

որ տառապանքներից չկարողանան փրկուել:

Սաղմոս 139․ 8–11»: