Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն քննարկել է Վրաստանի 2023-2024 թվականների ներքաղաքական իրադարձությունները և եզրահանգել, որ «Վրացական երազանք» կուսակցությունը փաստացի օկուպացրել է երկիրը: Այդ հաշվետվության կողմ քվեարկել է 55, դեմ՝ 14 պատգամավոր, 4 եվրախորհրդարանական ձեռնպահ է մնացել:
Փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կներկայացվի Եվրախորհրդարանի լիագումար նիստին: Այն հերթական անգամ Եվրահնաձնաժողովին կոչ է անում «Վրացական երազանքի» և նրա կառավարության նկատմամբ պատժամիջոցներ սահմանել:
Քննարկումների ընդհանուր տրամադրվածությունը, կարելի է ասել, ձևակերպել է Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնյավիչենեն. «Դա օրինակ է, թե երկիրն ինչպես կարող է ռուսամետ ուժերի կողմից գրավել առանց մեկ կրակոցի»:
Փաստաթուղթն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանի իշխող կուսակցությունը «չի օգտագործել պատմական հնարավորությունը և, չնայած հանրային լայն աջակցությանը, չի զարգացրել ԵՄ հետ ինտեգրման գործընթացը»:
Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի քննարկումները և քվեարկությունը ժամանակային առումով համընկնում են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները վրացական ընդդիմությունը «վերակենդանացնելու, բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպելու և այդ միջոցով Վրաստանում իշխանափոխության ծրագիր է մշակել»:
Ի՞նչ տեղեկությունների հիման վրա է նման շատ պատասխանատու եզրակացություն արվել՝ մնում է չբացահայտված: Վրաստանում, ընդհակառակը, տպավորություն ունեն, որ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի քվեարկած փաստաթուղթը «հանրային լայն աջակցություն չի ստանա»:
Սոցհարցումների տվյալներով՝ եթե 2024թ. նոյեմբերին Եվրամիությանը վստահում էր Վրաստանի քաղաքացիների 58 տոկոսը, ապա ընթացիկ տարվա մարտին ՝ միայն 49-ը: Ընդ որում, հարցումներ անցկացրել է «Եվրաբարոմետրը»:
«Ես «Վրացական երազանքի» երկրպագու չեմ, բայց ծիծաղելի է, երբ նրան մեղադրում են ավտորիտարիզմի մեջ: Եթե իշխանությունը մնացել է նրա ձեռքում, ապա մեղքն ապիկար ընդդիմությանն է: Եվրոպացիները երևակայել են վարչախմբի ինչ-որ հակառակորդների, որ չեն հաղթում քաղաքական բռնաճնշումների պատճառով»,- տեսակետ է հայտնել քաղաքագետ Դեմուրի Գեորխելիձեն:
Նրա կարծիքով՝ «Վրացական երազանքի» հասցեին Եվրախորհրդարանի նման մեղադրենքները միայն վնասում են Վրաստանի բնակչության կողմից Եվրամիության գրավչության ընկալմանը: «Վրացիները լավ գիտեն և գնահատում են դասական Եվրոպան, բայց երբ հանուն ԵՄ անդամակցության մեզ առաջարկում են Թբիլիսիում անցկացնել սեքսուալ փոքրամասնությունների շքերք, դա միայն առաջացնում է տրոհում»,- կարծում է վրացի քաղաքագետը:
Այս ֆոնին Վրաստանի նախագահ Կավելաշվիլին ռուս-վրացական 2008 թվականի պատերազմի պատասխանատվությունը կրկին հասցեագրել է նախկին նախագահ Սաակաշվիլիին: Ընդ որում, այդ գնահատականը հնչեցվում է, երբ Ռուսաստանն Աբխազիայում, այսինքն՝ Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, հիմնում է Սևծովյան ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկական ապահովման հենակայան:
Հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չեղյալ է հայտարարել Հայաստան այցը՝ պատճառաբանելով, որ «ծանրաբեռնված է»: Այցի ընթացքում, ինչպես մամուլն է տեղեկացնում, պետք է քննարկվեր հայկական կոնյակի արտահանման հետ կապված հարցը:
Ըստ տեղեկությունների՝ հունիսի վերջին Հայաստան կայցելի Եվրահանձնաժողովի պատվիրակությունը, որի կազմում կլինի Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կալասը: Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարեւոր են:
«Վրացական երազանքը» լրջագույն խնդիրներ ունի նաև Միացյալ Նահանգների հետ: Վրաստանն, իհարկե, հազիվ թե միանա Ռուսաստանի եվրասիական նախագծումներին, բայց Եվրամիության հետ Թբիլիսիի ավելի սրվող տարաձայնությունները Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ կոմֆորտ միջավայր են ստեղծում: Դա կանխածրագրվա՞ծ է, թե՞ միայն իրավիճակային:
Բաց մի թողեք
Նախկինի ու ներկայի «փոխօգնության» հերթական մի դրվագ
Երևանը հայ-ադրբեջանականում առաջ է շարժվում իր մարտկոցի հաշվին, նվազում է մարտկոցի «լիցքը»
«Լիուլի բավարար» է այն խեղճությունն ու ենթակայությունը, որ առկա է քաղաքական իշխանության խոսույթում