10/06/2025

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել ՀՀ կառավարությանը և ջրային կոմիտեին․ մանրամասներ

Կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի հետ մենք գնում ենք յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր հրապարակման հետևից:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով կոմունալ ոլորտի խնդիրներին:

Նա ներկայացրեց համապատասխան վիճակագրությունը՝ տեղեկացնելով, որ քաղաքացիները ինքնակամ շինություններով ծածկել են կոյուղու 3 դիտահոր, որոնք հայտնվել էին նրանց խոհանոցում, պատշգամբում, ու ամբողջ մեղադրանքն ուղղվել է քաղաքապետարանին և «Վեոլիա ջրին», քաղաքապետարանն էլ ստիպված է եղել դիտահորերը տեղափոխել․ «Նորաշենում մասնավոր կառուցապատողը հեղեղատար համակարգը կառուցել էր սխալ նորմերով՝ գրունտի վրա, միացրել էին կոյուղուն՝ առանց «Վեոլիա ջրի» տեխնիկական պայմանների, ինչը հանգեցրել էր անձրևաջրերի մեծ հորդմանը դիտահորերից: Վարչական շրջանի ղեկավարը կարողացել է կարգավորել այդ հատվածը»։

Քաղաքապետի խորհրդականը հայտարարեց, որ քաղաքապետի ստորագրությամբ 6 կետից բաղկացած նամակ են ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել, կարգավորել «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրային հարաբերությունները: Կամո Արեյանը նշեց, որ վեցերորդ կետը վերաբերել է ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցմանը: Նրա խոսքով՝ 2016 թվականին «Վեոլիա ջրին» վարձակալության տված գույքի ցանկը թերություններով է եղել. «Մայրաքաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ խնդիրը վերաբերում է «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթից դուրս գտնվող գույքին, քանի որ այն բացակայում է ցանկում: Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին և այնտեղ տեղադրված պոմպակայաններին: Կառուցապատողների մեղքով պոմպը չի հանձնվել «Վեոլիա ջրին», պետությանը և դարձել է գլխացավանքի ու բնակիչների վեճի առարկա: Այստեղ քաղաքապետարանը որևէ մեղք չունի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վերջին 3 դեպքը վերաբերում են Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցին. կոյուղաջրերը լցվել են նկուղ․

«Անձամբ եղել եմ տեղում: Հիմա խնդրել ենք «Վեոլիա ջրին»՝ ներկայացնի առաջարկ, որ դպրոցի շրջակայքից կոյուղատարը դուրս բերենք դեպի Տերյան փողոց: Թիվ 95 մանկապարտեզն է նորոգման փուլում: Ամբողջ կոյուղագծերը լցվում են մանկապարտեզ. դա ևս մեր օրակարգում է: 105 մանկապարտեզի կոյուղագծի խնդիրը պետք է լուծվի: «Վեոլիան» չի հրաժարվել տեխնիկական պայման տալուց: Այս համագործակցությունը կա, բայց վեճը շատ մեծ է, խորանում է: Ընթացքի մեջ է հետևողական մեր կողմից վեցերորդ կետի պահանջը: 560 վթար շաբաթվա մեջ: Այսօրվա տեղեկանքն է. 400-ը՝ կոյուղի: Այսպիսի ցուցանիշ չունի ոչ մի մատակարար. 92 վթար գրանցվել է պլանային անջատումով և վթարայինով ՀԷՑ ընկերության դաշտում, 6-ը՝ պլանային և վթարային միասին՝ գազի մոտ, «Վեոլիան» միայն՝ 560: Այս վիճակագրությունը երբեմն ավելի է բարձրանում: Սա վկայում է կոյուղատար համակարգի ցանցի քայքայվածության մասին: Մենք ունենք սրված խնդիր բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, նկուղներ լցվող կոյուղաջրերի վերաբերյալ: Շատ մեծացել է վթարների թիվը»։

Ըստ Ավինյանի՝ դա քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարց չէ. «Դա պետական գույք է, ենթադրում եմ՝ մի մասն էլ հանձնված չէ «Վեոլիա ջրին»: Ստացվում է, որ մենք քաղաքում ունենք ենթակառուցվածք, որը մեր սեփականությունը չէ, մեր ենթակայության տակ չէ, մաշված է աննկարագրելի չափով, և շատ լավ է, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացնում: Շնորհակալ եմ գործընկերներին, բայց, կարծում եմ՝ միանգամյա ծրագիր չպետք է լինի»։

Քաղաքապետը, անդրադառնալով մեկ շաբաթում 400 վթարի մասին տեղեկությանը, ասաց. «Քաղաքապետարանը լուծում է խնդիրներ, որոնք իրենը չեն: Հիմա եկեք հասկանանք՝ ով է պատասխանատու օղակը, ասենք՝ սա քո գործն է, գնա արա: Որովհետև անընդհատ ասում են՝ քաղաքապետարանն այս է, քաղաքապետարանն այն է: Վերջում ասում ենք՝ մենք չենք, ժողովուրդ ջան, այս մարդն է, այս պաշտոնյան է: Նստած է, իրեն էշի տեղ է դրել, քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ է, էլի։ Մարաղը մտած, սենց ինքը չի երևում։ Է հետո, լավ»։