13/06/2025

«Ֆազի» սպանությունից մեկ տարի անց․ նոր մանրամասներ

Ուղիղ մեկ տարի է անցել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանությունից։ Սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում։ Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:

Դեպքից անմիջապես հետո համացանցում կադրեր հայտնվեցին, որոնցում երևում էր, թե ինչպես է «Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում դեպքի վայրից: Դրան հաջորդեցին լուրերը, թե Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ։ Դեպքից երկու ամիս անց կասկածները փարատվեցին, և իրավապահները ձերբակալեցին ու կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին և նրա վարորդին, իսկ բուն սպանություն կատարողներին մինչ օրս փնտրում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ և չի ընդունում մեղադրանքը։

Մոտ վեց ամիս կալանքի տակ մնալուց հետո՝ 2025 թվականի փետրվարի 26-ին Ստեփանյանն ազատ արձակվեց, սակայն դրանից մոտ մեկ ամիս անց՝ մարտի 18-ին կրկին կալանավորվեց և այս պահին գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Թեև Քննչական կոմիտեն տեղեկություն տրամադրել էր դեպքի մանրամասների մասին, սակայն կան բաներ, որոնց մասին չի խոսվում։ Օրինակ այն, որ սպանության օրը՝ սպանությունից րոպեներ առաջ «Չաղ Ռուստամը» Փարվանա ռեստորանային համալիրում Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանի հետ ճաշկերույթի է մասնակցել։

Վկաները պատմում են, որ նա անհանգիստ է եղել, անընդհատ հեռախոսին է նայել, ու հենց զանգ է ստացել, միանգամից դուրս է եկել ու գնացել Պռոշյան գյուղում գտնվող իր առանձնատուն՝ հանդիպելու մարդասպաններին։ Դրանից հետո էլ մարդասպաններն օգնականի հետ դուրս են գալիս և գնում դեպի Զվարթնոց օդանավակայան, որտեղից էլ մեկնել են ՌԴ։

Մեկ տարվա ընթացքում «Չաղ Ռուստամի» գործով տասից ավելի դատական նիստ է տեղի ունեցել, թեև դատաքննությունը հայցվոր կողմին չի բավարարում, հատկապես, որ կան որոշակի հիմքեր՝ կարծելու, թե «Չաղ Ռուստամն» ունի ՔՊ-ականների աջակցությունը։

Մասնավորապես, մեր ձեռքի տակ են հայտնվել տարբեր միջոցառումներից կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես է «Չաղ Ռուստամը» ՔՊ-ական շրջանակի հետ տարբեր միջոցառումների մասնակցում։

Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 3-ին, Ավանի դատարանում։