17/09/2025

Հիմա երկիրը մոլախոտից քաղհանելու ժամանակն է

Ի պատասխան օրեր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` եկեղեցուն, հոգեւորականներին եւ անձնապես Վեհափառին թիրախավորող հայտարարություններին` կուսակրոնության ուխտը խախտելու, բարեվարքության ստուգում եւ նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու հետ կապված, նախօրեին հարյուրավոր քաղաքացիներ էին գնացել «Զվարթնոց» օդանավակայան՝ Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորելու եւՀայ առաքելական եկեղեցուն զորավիգ լինելու:

Հրապարակ թերթը գրել է․ Օդանավակայանում հնչեց Տերունական աղոթքը, կատարվեց «Երկար կյանք տուր Հայրապետին» շարականը, իսկ Վեհափառը, դիմելով ներկաներին, հորդորեց պահպանել հանգստություն։ «Վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ եւ օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը»,- իր կարճ խոսքում նշեց Գարեգին Բ-ն։

Բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, անդրադառնալով իշխանություն-եկեղեցի վերջին օրերին սրված հակամարտությանը, նկատում է. «Այն, ինչ հիմա արվում է մեր իշխանության կողմից, ես այլեւս դադարել եմ զարմանալ, ես ոչինչ չեմ հասկանում եւ իրականում չեմ պատկերացնում մարդկային այդ տեսակը…, բայց ակնհայտ է, որ սա կոնկրետ ոտնձգություն է մեր եկեղեցու դեմ, ու ժողովուրդը պետք է կանգնի իր եկեղեցու կողքին: Դա մեր կարեւորագույն ինստիտուտներից մեկն է, որն անկախ է, եւ ոչ մեկն իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին, դա մեր ազգապահպանության կարեւոր օղակն է` դարերից եկող, եւ մենք ուղղակի իրավունք չունենք նման ոտնձգություններ անել եկեղեցու ուղղությամբ»:

Արզումանյանը նաեւ կոչով դիմում է մեր բոլոր հայրենակիցներին, որոնք, իր իսկ խոսքերով՝ կուլ են գնում այդ քարոզչությանը, որ տարվում է եկեղեցու դեմ. «Եվ հավանություն են տալիս այս ամենին, որն ուղղակի խայտառակություն է եւ մեր ազգային ամոթն է: Մենք պետք է խելքներս գլուխներս հավաքենք, այսպես չի կարելի այլեւս, սա մեր ազգային վերջին կառույցն է մեր ժողովրդի համար, որին պետք է միայն հարգանքով եւ խոնարհումով վերաբերվել»:

Քանի որ Փաշինյանը պարբերաբար սկսել է հավատացյալներին դիմել եւ հորդորել՝ գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, ավելին` դրա համար նույնիսկ համակարգող խումբ է ձեւավորում, մտավախություն չկա՞, որ այսկերպ հասարակությանը տանում է քաղաքացիական բախումների։ «Ես ունեմ այդ մտավախությունը եւ շատ վախենում եմ, դրա համար եմ ասում, որ մեր ժողովուրդը պետք է մի քիչ գիտակից լինի, չի կարելի այսպես շարունակել, ու այս պառակտումը, որ 2018-ից սկսվեց եւ շարունակվում է, ուղղակի անթույլատրելի է: Սա այն հարցն է, որ միաբանություն է մեզ պետք, սարսափելի անհանգիստ, վատ վիճակ է»:

Շատերն այս ընթացքում սոցցանցային ֆլեշմոբի միջոցով պահանջում էին, որ Վեհափառը նզովի վարչապետին, ի վերջո՝ այս իրավիճակում ո՞րը պետք է լինի Մայր Աթոռի անելիքը։ «Կարծում եմ` Մայր Աթոռն այստեղ անելիք չունի եւ պետք է ասի, որ դա` կուսակրոնության ուխտը, մեր ներքին գործն է, որը ո՛չ 10 պատվիրաններում կա, ո՛չ 7 մահացու մեղքերի մեջ կա …, այսինքն՝ սա ուղղակի պատրվակ է, եւ նպատակը դա չէ: Իմ համոզմամբ, պատճառը վերջին օրերին տեղի ունեցած Բեռնի համաժողովն էր, որտեղ Վեհափառը խոսեց Արցախի, մեր գերիների, պատմամշակութային հուշարձանների մասին, եւ հիմա դրա պատասխանն է այս ամենը, ինչ կատարվում է»: Այսինքն՝ Վեհափառին հիմա պատժում են, որ իշխանություններին հակառակ քաղաքականությո՞ւն է վարում։ «Դա քաղաքականություն չէ, այլ մեր եկեղեցու պարտքն է, մենք այնտեղ թողել ենք Ամարաս, Դադիվանք, Գանձասար, ո՞նց կարող է մեր Վեհափառը չանհանգստանալ, թե դրանց ճակատագիրն ինչ կլինի: Սա բնավ քաղաքականության մեջ մտնել չէ, ինչպես որ մեկնաբանում են, սա մեծ մտահոգություն է մեր եկեղեցիների, պատմության ու արժեքների հանդեպ»:
Գիշերը Վեհափառին օդանավակայանում դիմավորելու էին գնացել հարյուրավոր քաղաքացիներ, ինչը, շատերի գնահատմամբ, ապտակ էր վարչապետին։ Ի՞նչ է կարծում՝ կզգաստանա՞ դրանից հետո Փաշինյանը։ «Չեմ կարող ասել, բայց ես ողջունում եմ այդ մարդկանց, որ գնացել էին Վեհափառին դիմավորելու»:

Արցախցի գրող Համլետ Մարտիրոսյանն ասում է` կոչեր անելուն սովոր չէ, բայց ներկա դեպքում լռելը համարում է դավաճանություն, նախ` ինքդ քո, հետո` ազգի հանդեպ։ «Այն, ինչ շրջանառության մեջ է դրել ներկա իշխանությունը վերջին օրերին, հերթական թակարդն է մեզ համար, հայության համար։ Նույն սցենարն է գործի դրվել, փոխվել են միայն թիրախն ու գործող անձը։ Նպատակը, սակայն, նույնն է։ 2018-ին Նիկոլը կոչ էր անում՝ «քայլ անել, մերժել Սերժին», եւ դու, իմ հայ ժողովուրդ, Սերժից զզված՝ քո ճակատագրական քայլն արեցիր` չմտածելով, որ քո ազնիվ ցանկությունը Նիկոլն ու նրան բերած ուժերն օգտագործելու են իրենց դիվային ծրագիրն իրագործելու համար, ինչի պտուղները քաղում ենք առայսօր` Արցախի կորուստ, բանակի կազմաքանդում, տարածքների հանձնում եւ այլն, եւ այլն։ Այլ կերպ ասած` Նիկոլը մեր ձեռքով քանդեց մեր տուն-երկիրը։ Եվ դրանում մեզնից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի։ Խաբված ենք եղել, միամիտ ենք եղել, հավատացել ենք` էական չէ, արդյունքն այն է, ինչ ունենք այսօր»,- ասում է արձակագիրն ու ընդգծում, որ նույնատիպ սցենար հիմա է խաղարկվում, իսկ կաթողիկոսն ընդամենը թիրախ է։

«Եթե անգամ Վեհափառը լինի սրբություն սրբոց, միեւնույն է, մի բան մոգոնելու է այս իշխանությունը` եկեղեցու դեմ իր արշավն իրականացնելու համար։ Նպատակն է՝ կազմաքանդել, ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին, որը մեր վերջին պատվարն է, մեր ինքնության գրավականը։ Օրեր առաջ Ադրբեջանի մոլլան հայտարարեց, չէ՞, որ հայկական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ահա թե ինչու Նիկոլն անցավ հարձակման։ Սա մոլլայի հանձնարարականն է Նիկոլին։ Ուրեմն խնդրանք-թախանձանքս է` հայեր ջան, եղեք շրջահայաց, սթափ, ձեր անխոհեմ քայլերով ջուր չլցնեք նիկոլա-թուրքական ջրաղացին։ Եթե մեզ պետք լինի կաթողիկոս փոխել, մենք դա կանենք իր ժամանակին, հավուր պատշաճի։ Հիմա երկիրը մոլախոտից քաղհանելու ժամանակն է»։