22/06/2025

Վաղը կհիշեք ինձ, երբ Թուրքիան Գյումրիի պահանջը դնի․ Լոքմագյոզյան

Թուրքական կողմն, ինչպես միշտ է լինում, առաջինը հրապարակեց  Էրդողան-Փաշինյան ստամբուլյան հանդիպման կադրերը։  Կարճ ժամանակ անց իր Ֆեյսբուքում դա արեց Փաշինյանը։

Օսմանյան սուլթանների,  ապա Աթաթուրքի նստավայր, հայ ճարտարապետի կառուցած Դոլմաբահչեի պալատում ՔՊ-ականների կողմից  նախապես պատմական որակված  հանդիպման մասին կողմերը ստանդարտ տեքստ տարածեցին Հարավային Կովկասում խաղաղության, երկկողմ հարաբերությունների և իհարկե,  Երևան-Բաքու օրակարգի մասին:

Ըստ թուրքական կողմի, Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա ներկայիս իրավիճակում, նշել է, որ Թուրքիան շարունակելու է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանը «փոխադարձ շահեկան» փոխըմբռնմամբ զարգացնելու նպատակով ձեռնարկվող ջանքերին։

Ըստ հայկական կողմի, Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

Իր այցի տողատակը, ըստ էության, Փաշինյանը բացել է հայ համայնքի հետ հանդիպմանը։ Ստամբուլահայ Ակօս թերթի փոխանցմամբ, Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը կարող է դառնալ Թուրանի համար «ջրի ճամփա»։

«Խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե կա ջրի ճամփան, ապա մենք բոլորս կարող ենք միասին խմել այդ ջուրը, որևէ խոչընդոտ չկա», -ասել  է  նա։

Հրեշավոր մի բան է համարում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը այն, ինչ հայտարարել է Փաշինյանը, որը ըստ մեր զրուցակցի, արդեն ինքն է խոսում Թուրանի մասին, նա անգամ չի խոսում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապ հաստատելու մասին, խոսում է Թուրանի մասին, ինչը  ըստ թուրքագետի,  ամենասարսափելին է։

«Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Փաշինյանը արդեն բացահայտ խոսում է, որ ինքը թուրքերի համար է աշխատում և Թուրանը կազմելու, թուրքերի ճանապարհը բացելու խնդրում գլխավոր օղակն է հանդիսանում։ Թուրքերի հարյուր տարվա երազանքը ոչ թե  թուրքերն են իրականացնում այլ մի վայ հայ` Փաշինյանը, իսկ եթե այդպիսի բան կատարվի, արդեն մեզ վրա կարելի է խաչ քաշել, նա հարյուր տոկոսով թուրքական շահերն է առաջ տանում, որի մեջ մտնում է  Հայաստանի թուլացումը կամ հայ ժողովրդի վերացումը այս տարածաշրջանից։ Թուրանի ծրագրի մեջ է մտնում մի 10 հազար քկմ թողնելը Հայաստանից, որը կախված կլինի Թուրքիայից և Ադրբեջանից»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի ու Էրդողանի հետ հանդիպման առաջին ինֆորմացիան, ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Նրա խոսքով,  քանի որ Փաշինյանն է խնդրել Էրդողանի հետ հանդիպումը, իսկ Էրդողանը մեծահոգաբար ընդունել է, կարող ենք վստահ պնդել, որ Փաշինյանի ցանկությունն է, որ Թուրքիան միջնորդ դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև և ի վերջո համոզի Ալիևին, այսպես կոչված խաղաղության պայմանագրի,  իսկ իրականում ամբողջ երկրի հանձնման պայմանագրի ստորագրման հարցում։

«Հավանաբար,  Փաշինյանը Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է ցանկացած զիջման Ալիևին, բայց Ալիևն, այնուամենայնիվ, չի ստորագրի։ Իհարկե, Թուրքիան էլ իր հերթին է սպասում և այնպես չէ, որ Ալիևի պահանջները կատարելուց հետո, եթե անգամ Ալիևը ստորագրի, ամեն ինչ վերջանալու է ու Թուրքիայի հետ սահմանը բացվելու է, որից միայն Թուրքիան կարող է շահել։

Թուրքիան չի բացելու սահմանը։ Թուրքիան միշտ ասել է, որ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծելուց հետո կգաք մեզ մոտ, բայց այդ` կգաք մեզ մոտը չի նշանակում,  թե մենք ձեր ցանկությունները կկատարենք, այլ նշանակում է, որ մեր պահանջները կկատարեք։ Այստեղ Թուրքիայի կողմից էլ պահանջներ կան, կտեսնեք, որ այդ գլխավոր 3 պահանջները կատարելուց հետո, Թուրքիան իր պահանջները կդնի, որտեղ լինելու է ռուսական զորքի դուրս բերումը և հեռացումը տարածաշրջանից և հողային պահանջներ է դնելու։

Այնպես չէ, որ միայն Ադրբեջանը հողային պահանջներ ունի, Թուրքիան էլ Գյումրիի վրա աչք ունի, կտեսնեք, վաղը կհիշեք ինձ, երբ Թուրքիան Գյումրիի պահանջը դնի կամ այդ տարածաշրջանի  մի մասն իրեն հանձնելու»,- ահազանգում է թուրքագետը։

Թուրքագետը կրկին շեշտում է` արդեն ակնհայտ երևում են, այսպես ասած, ականջները“ Փաշինյանն աշխատում է  Հայաստանի շահերին հակառակ Թուրանի կազմության համար և ինքն է գլխավոր դերը ստանձնել, ինչը, իրականում սոսկալի է։