22/06/2025

Վանաձորում էլ է սահմանադրական կարգը տապալել․ Լուսանկար

ՔՊ-ի հետ գործարքի մեջ մտած ՀԱՍԿ-ը հնարավոր ամեն ինչ անում է, որ Վանաձորում նոր ընտրություններ չնշանակվեն, որ իր Արկադի Փելեշյանը մի քիչ էլ աշխատի քաղաքապետ։

Հրապարակ թերթը գրել է․ Հունիսի 20-ին դատարանը պետք է հրապարակեր Վանաձորի ավագանու վերաբերյալ որոշումը, որով Վանաձորի ավագանին կսկսեր նիստեր անել, եւ քաղաքապետ ընտրել չկարողանալու պարագայում արտահերթ ընտրություններ կնշանակվեին:

Սակայն ՀԱՍԿ-ի փաստաբան Արթուր Սուքիասյանը վճռի հրապարակումից 2 օր առաջ դատարանին ներկայացրել է միջնորդություն՝ խնդրելով վերսկսել գործի քննությունը։ Այս հիմքով էլ դատարանը վճիռը չի հրապարակել, եւ, ըստ ամենայնի, հաջորդ նիստի օր կնշանակվի սեպտեմբերին, եւ ՀԱՍԿ-ի ժամանակավոր քաղաքապետը կշարունակի պաշտոնավարել։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գեւորգ Քոթանջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ եթե դատարանի որոշումն ուժի մեջ մտներ, ապա վերջապես հանգուցալուծվելու էր Վանաձորի տեղական ինքնակառավարման ճգնաժամը, որը դրսեւորվում է նրանով, որ համայնքն ընտրված ղեկավար չունի, ավագանու նիստեր չեն կայանում:

Այդ ճգնաժամը կարող էր հանգուցալուծվել միայն արտահերթ ընտրությունների պարագայում։ Քոթանջյանը սրանում միտում է տեսնում, շեշտում է՝ ոչ թե իրավական, այլ մաքուր քաղաքական գործընթաց է գնում։

«Փաստաբան Արթուր Սուքիասյանը, որ 2016-ին ԼՀԿ-ի ավագանու ցուցակում է եղել, շատ լավ գիտեր, որ «Լուսավոր Հայաստանը» հայցից հրաժարվել է, եւ վերջին դատական նիստին կարող էր միջնորդություն ներկայացնել` չի արել, սպասել է վճռի հրապարակումից 2 օր շուտ՝ հունիսի 17-ին։ ՀԱՍԿ-ն ամեն ինչ անում է, որ իրենց մարդը մնա քաղաքապետի ԺՊ։

Այս գործով դատավորը եղել է ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Ըստ իս՝ ամբողջ պրոցեսը՝ վերից վար, կազմակերպված քաղաքական գործընթաց է։ Վանաձորում անորոշ է մնում ընտրությունների գնալու հարցը։ Եթե դատարանը վճիռն այսօր հրապարակեր, ապա ավագանին կկարողանար նիստ գումարել եւ համայնքի ղեկավար ընտրել, իսկ եթե 20-օրյա ժամկետում չընտրեր, ավագանին կլուծարվեր, կգնար նոր ընտրությունների»,- մանրամասնեց Քոթանջյանը։

Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելուց հետո, հիշեցնենք, Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակվել Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության թեկնածուն՝ քրեական անցյալով հայտնի Արկադի Փելեշյանը, որն արդեն 3․5 տարի է՝ համայնքը ղեկավարում է որպես Փաշինյանի կողմից նշանակված «ժամանակավոր» պաշտոնակատար։

Քոթանջյանի խոսքով՝ ՀԱՍ կուսակցությունը, որը բողոքարկել էր վճիռն այն հիմքով, որ առաջին ատյանում գործի քննության ընթացքում չէր ծանուցվել, ինչն ինքնին անհեթեթ է, քանի որ համայնքի ղեկավարի «ժամանակավոր» պաշտոնակատարը հենց այդ կուսակցության ընտրական ցուցակն էր գլխավորում, որոշման հրապարակումից երկու օր առաջ դատարանին ներկայացրել է միջնորդություն՝ վերսկսելու գործի քննությունը, որպեսզի փաստաբանին վճարված գումարի փոխհատուցման  հարցը որոշվի։

«Ուշագրավ է, որ կուսակցության եւ փաստաբանի միջեւ պայմանագիրը կնքվել է դեռեւս 2024 թվականի մայիսին, սակայն դրա վերաբերյալ դատարանին միջնորդությունը ներկայացվում է ավելի քան 1 տարի անց՝ որոշման հրապարակման նախօրեին։

Այս գործի քննությունը տարիներով անհարկի ձգձգվել է, մինչդեռ վարչական դատավարությունը նախատեսում է ընտրական գործընթացների հետ կապված վեճերի խիստ սեղմ ժամկետներ։ Դատարանները, դատավարության նորմերը մեկնաբանելով խիստ պոզիտիվ տեսանկյունից, անտեսելով դրանց նպատակը, վեճը որակել էին որպես ոչ ընտրական ու այն քննել սովորական ժամկետներում։ Դատավարության կողմը, իր հերթին, ակնհայտորեն չարաշահում է իր իրավունքները՝ խորացնելով Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման ճգնաժամը եւ հանգեցնելով հանրապետության 3-րդ քաղաքի ողջ բնակչության ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարման»,- ասաց նա։

Հիշեցնենք․ օրերս «Հրապարակը» Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվել էր՝ եթե Վանաձորում արտահերթ ընտրություններ լինեն, կմասնակցի՞,  պատասխանել էր՝ այո, շարունակելու է պայքարել։ Նկատենք նաեւ, որ Վանաձորի ընտրությունների գործընթացի դատական քննությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը միջամտում դատական իշխանության գործունեությանը, եւ ինչպես են դատական համակարգով կաթվածահար անում տեղական իշխանության գործունեությունը:

«Հրապարակ». Վանաձորում էլ է սահմանադրական կարգը տապալել