21/06/2025

Լայն ժպիտներ, փիառ այց

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա հասնելուց ժամեր անց Երեւանում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, ամենուր ոստիկանական կուտակումներ էին։ Ոստիկանությունը բերման էր ենթարկում, ձերբակալում Սրբազան պայքարի աջակիցներին, ՀՅԴ երիտասարդներին։

«Հրապարակ» թերթը գրել է․ ՆԳՆ-ից մի զավեշտալի պարզաբանում տարածեցին այդ առթիվ, թե իբր «ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ», ուստի՝ «իրականացվում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ»։

Պարզ է, որ փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել` կանխելով պայքարի որեւէ փորձ:

ՆԳՆ-ից կոչ արեցին նաեւ՝ պահպանել հասարակական կարգը, սպառնալով․ «Ցանկացած հակաօրինական դրսեւորում արժանանալու է կոշտ հակազդման»: Թե որտեղ եւ ովքեր էին խախտել հասարակական կարգը, չհաղորդեցին։ Սակայն Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո արդեն իսկ պարզ է՝ Փաշինյանն անհաղթահարելի վախեր ունի, որ պահին կասկածի որդը մտավ մեջը, ով իր դիրքորոշումը չկիսեց, ցանկացած պահի բերման կենթարկվի կամ կկալանավորվի: Իսկ ՀՀ ոստիկանապետը, ՆԳ նախարարը, դատախազն ու ԱԱԾ տնօրենը, քննչականի եւ հակակոռուպցիոնի ղեկավարները դարձել են նրա ձեռքի խաղալիքը` անդեմ ու կարծիք չունեցող:

Տեղեկություններ էինք ստանում նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը բերվել են թիվ 1 մարտական պատրաստության վիճակի: Անգամ կառավարական առանձնատների մոտ ոստիկանական զորքեր էին կուտակել։ Ըստ ամենայնի, Փաշինյանը փորձում է կանխել Հայաստանում քաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված հնարավոր զարգացումները, մասնավորապես, Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո հնչեցին հայտարարություններ՝ պայքար սկսելու մասին, կամ էլ՝ Էրդողանի կամակատարը Թուրքիայում հակահայ որոշումներ ընդունելուց առաջ որոշել է նախապես ուժի ցուցադրություն կազմակերպել Երեւանում, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի ընդվզել իր որոշումների դեմ։

Նշենք, որ Փաշինյանի օդանավը երեկ Ստամբուլում վայրէջք կատարեց կեսօրից հետո: Կառավարական 12 հոգանոց պատվիրակության կազմում են արտգործնախարարը, հայ- թուրքական կարգավորման հարցով բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ 4 հոգի՝ փիառն ապահովելու համար․ 2-ական օպերատոր, լուսանկարիչ, մամուլի քարտուղար:

Օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Թուրքիայի փոխարտգործնախարարը: Նույն օրը նա հանդիպում ունեցավ Թուրքիայում հայ համայնքի մի քանի ներկայացուցչի հետ, որից համր տեսանյութ տարածեցին։ Լուր ստացվեց, որ Պոլսո հայոց պատրիարքն ու պատրիարքարանի հոգեւորականները հրաժարվել են նրան ընդունել պատրիարքարանում: Ինքը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, պարզվեց, Ստամբուլում չէ` մեկնել է ԱՄՆ, բայց կարող էր հանձնարարել, որ ընդունեին Նիկոլ Փաշինյանին, հարկ չէր համարել:

Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի դիմաց։ Ինչ վերաբերում է վարչապետի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութին, որտեղ մի հոգեւորական ջերմորեն ողջունում է Փաշինյանին, նա, ըստ լրատվամիջոցների, հայ կաթոլիկների առաջնորդ Հայր Վարդան Քազանճյանն է։