22/06/2025

Ի՞նչն է խնդիրը, կամ՝ ո՞վ է խնդիրը, որ հարցը չի շարժվում տեղից, Բաքու՞ն

«Սա նույնն է, թե մեր հայության մտավախությունն այն է, թե վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ի՞նչ են նրանք ուզում, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ–գալ…է, թող գնան–գան, վա՞տ է դա։ Մենք ենք դա առաջարկում մեր «Խաղաղության խաչմերուկով», Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի ակնկալիքների վերաբերյալ հարցին՝ որպես Մեծ Թուրանի նախագիծ:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ճանապարհները ապաշրջափակվելու են «Խաղաղության խաչմերուկի» հայկական տրամաբանությամբ, այլ ոչ թե Թուրքիայի՝ թուրանական: Ի՞նչ են խոսել այդ մասին Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում, հայտնի չէ, բայց Ստամբուլից առաջ՝ Բուդապեշտում, Թուրքիայի նախագահը հունիսի սկզբին ելույթ է ունեցել Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում և հայտարարել, որ «զանգեզուրյան միջանցքը» ռազմավարական առաջնահերթություն է «թյուրքական աշխարհի» միավորման համար, կոչ անելով թյուրքալեզու պետություններին ավելի ակտիվ գործել այդ միջանցքը ձևավորելու ուղղությամբ:

Հետևաբար այստեղ առաջանում է հարց, թե հրապարակային հայտարարություններից անդին ինչպիսին է խոսակցությունը «հետնաբեմում»: Էրդողանը համաձա՞յն է այն կոնցեպտին, որի մասին խոսում է Հայաստանի վարչապետը:

Եթե այո, ապա ի՞նչն է խնդիրը, կամ՝ ո՞վ է խնդիրը, որ հարցը չի շարժվում տեղից: Բաքու՞ն, որը առ այսօր չի պատասխանել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ Երևանի առաջարկին, որի մասին Փաշինյանը բարձրաձայնել է ամիսներ առաջ:

Թե՞ Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ փորձում է դիմադրել «միջանցք» ստանալու փորձերին, որ Ադրբեջանն ու Թուրքիան վարում են համատեղ, ինչի վկայություն կարող էր լինել Էրդողան-Ալիև հանդիպումը Փաշինյանի թուրքական այցի նախօրեին:

Իրավիճակը այստեղ իսկապես մշուշոտ է: Իսկ գուցե խնդիրը Ռուսաստա՞նն է, որը համաձայն չէ, որ լինի հաղորդակցություն առանց իր վերահսկողության, համարելով, որ ճանապարհների այսպես ասած ինքնիշխան ապաշրջափակման ներքո այդուհանդերձ հաստատվելու է թուրքական գերակայություն՝ առնվազն «փափուկ ուժի» տրամաբանությամբ:

Մյուս կողմից կա թերևս մեկ այլ հարց՝ Իսկ Ադրբեջանը արդյո՞ք լիարժեք է շահագրգռված ճանապարհների ապաշրջափակմամբ, թե՞ Բաքվի համար «թյուրքական աշխարհի միասնությունը» էական չէ, այլ գուցե նույնիսկ ռազմավարական ռիսկ, քանի որ Ադրբեջանն այդ դեպքում կարող է լինել ընդամենը մի օղակ՝ Թուրքիայի լիակատար եւ ամբողջական գերակայության ներքո, իսկ «չլուծվածության» պայմաններում Բաքուն ստանում է ավելի մեծ սուբյեկտային նշանակություն:

Հանգույցը իսկապես բարդ է, քան կարող է թվալ նույնիսկ առաջին հայացքից: Բայց, հենց այդ բարդությունն է մտահոգության առանցքային առարկան, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական տրամաբանության որեւէ ռազմավարությամբ պահանջարկ վայելող քաղաքական որևէ խնդիր անխուսափելիորեն հանգում է ռազմական էսկալացիայի, եթե այսպես ասած ողջախոհ ժամանակահատվածում չի ստանում քաղաքական լուծում:

Որքան է այս հարցում «ողջախոհ ժամանակահատվածը»: Սա է խնդիրը: Եվ ռիսկն այն է, որ Իրանի դեմ պատերազմը պարզապես արագացնում է ժամանակի պտույտները: