01/07/2025

Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․

Ադրբեջանական կայքերն ուշադիր հետևում են Փաշինյանի՝ հակաեկեղեցական արշավին ու ծափահարում տեղի ունեցողին: Նրանց հատկապես հրճվանք են պատճառում Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ սկսված հալածանքները:

Ադրբեջանական գլխավոր քարոզչակայքերից մեկը` Haqqin.az-ը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո արված գրառումը հենց այդպես էլ ներկայացրել էր՝ Մակրոնն աջակցում է Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսված արշավին:

Այս կայքը աչքաթող չի արել Փաշինյանի ոչ մի հրապարակում` թե իր պաշտոնական ֆեսյբուքյան էջում, թե ելույթներից՝ րոպեի ճշտությամբ ներկայացնելով, թե ինչ հակաեկեղեցական հրահանգ է տվել Փաշինյանը, ինչպես է հայտարարել իր «հաղթանակի» մասին և այլն:

Չնայած, ի տարբերություն Փաշինյանի, թշնամական քարոզչակայքը զերծ է մնացել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին վիրավորական արտահայտություններից կամ ձևակերպումներից՝ միայն թարգամանել է վերջինիս գրառումը:

«Որս արքեպիսկոպոսների նկատմամբ» վերնագրով նյութում, Haqqin.az-ը նշում է, որ Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Տեր Բագրապ Արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումից հետո նրանց հետ փոխկապակցված անձանց անշարժ գույքն են սկսել ուսումնասիրել ՀՀ իշխանությունները:

Haqqin.az-ի աջակցությունը Փաշինյանին այսքանով չի սահմանափակվել: Կայքի հեղինակ Թենգիզ Աբլոտիան «Դիմացեք, Փաշինյան» վերտառությամբ հոդվածում գրում է, որ չնայած Փաշինյանին հզոր քաղաքական գործիչ չես համարի, սակայն նա իր տեսակի մեջ առաջինն է:

«Հայ ժողովրդի բախտն անպատմելիորեն բերել է, որ Հայաստանի համար պատմական ու բարդագույն այս շրջանում իրենց վարչապետն է Նիկոլ Փաշինյանը»,- գրում է հեղինակը:
«Առաջին հայացքից Փաշինյանը հզոր քաղաքական գործչի տպավորություն չի թողնում, և, իհարկե, այդպիսի չի հանդիսանում:

Ոնց որ թե սովորական հետխորհրդային կերպար է, որ բառերով փորձում է հեռանալ Ռուսաստանից, բայց դեռևս գտնվում է նրա օրբիտրում: Սակայն Փաշինյանն առաջինն է Հայաստանում, ով շարունակաբար փորձում է ազատվել ռուսական ուդավկայից: Նա առաջին հայկական քաղաքական գործիչն է, ով թուրքատյացություն չի քարոզում և որքան հնարավոր է, փորձում է քաղաքակիրթ հարաբերություններ կառուցել Բաքվի և Անկարայի հետ:

Չեմ կասկածում, որ վաղ թե ուշ դա նրան հաջողվելու է և հարևանների միջև թշնամությունը ժամանակի ընթացքում զրոյի կհասնի»,-գրում է Haqqin.az-ի հեղինակը, մոռանալով, որ Հայաստանը երբեք թշնամություն չի քարոզել, ինչը չենք կարող ասել Ալիևի ու ադրբեջանական հասարկության մասին: Այսքանով, սակայն, վերջինս չի սահմանափակվում:

Նա նշում է, որ Փաշինյանն առաջինն էր, ով համարձակվեց գրոհել հայկական ազգային ինքնագիտակցության «հայկական սուրբ կովերի» դարպասները: Նկատի ունի` Հայ առաքելական սուրբ եկեղեցին և համայն հայության գլխավոր սրբավայր Մայր Աթոռը:

«Փաշինյանը եկեղեցու դեմ գնաց և դրանով անցավ իր վրացական նախորդին՝ Միխեիլ Սաակաշվիլուն, ով վախենում էր եկեղեցուց և փաստացիորեն նրա հետ սիլիբիլի էր անում, ինչը սակայն հետո նրա դեմ խաղաց, որովհետև վրացական եկեղեցին կարևորագույն դեր խաղաց 2012  թվականի ընտրություններում Սաակաշվիլու պարտության հարցում»,- շեշտում է ադրբեջանցի հեղինակը, նշելով, որ Փաշինյանը եկեղեցու դեմ իր պայքարում ոչ միայն հայ ինքնության դեմ է դուրս եկել, այլև հաջորդ տարվա ընտրություններում վախենալով խայտառակ պարտությունից, որոշել է այսկերպ լիկվիդացնել իր համար վտանգ ներկայացնող Հայ առաքելական եկեղեցուն:

Նույնիսկ ադրբեջանցի հեղինակն է նկատում, որ այն, ինչ անում է Փաշինյանը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ՝ աննախադեպ է: «Այդպիսի հակազդեցություն հայկական հոգևորականության դեմ Հայաստանի պատմությունը չի հիշում, և դա վարչապետի ամենաճիշտ ու համարձակ քայլերից մեկն է:

Հայկական եկեղեցին, ինչպես և իրենց վրացական կոլեգաները, դա Մոսկվայի ագենտուրան է, որը ամենավտանգավորն է, սա փողի հարց չէ: Առաջին հերթին վրացի և հայ հոգևորականներին իրենց ռուս կոլեգաների հետ միավորում է գաղափարական մտերմությունը և նոր հետո միայն մատերալիստական կամ գումարային ֆակտորը»,- գրում է ադրբեջանցի հեղինակը՝ փաստացի կրկնելով Նիկոլ Փաշինյանի աջակիցների հակաեկեղեցական բնորոշումները:

Հիշեցնեմ, որ համացանցում ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատակիցների կամ պարզապես Նիկոլ Փաշինյանի ու տարատեսակ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցուն մեղադրում են ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ: Ադրբեջանցի հոդվածագիրը չի մոռացել նաև Սամվել Կարապետյանին, չնյաած անունը չի նշել, սակայն հոդվածին կցված է Կարապետյանի նկարը:

Գրել է, որ վերջինս կարող է անցանկալի այլընտրանք լինել Հայաստանի և հայ ազգի համար, որովհետև կարող է խոսել Հայաստանի անվտանգության, տնտեսության զարգացման, արտաքին քաղաքականության մշակման մասին, ու, ի վերջո, թուրքական աշխարհի, ինչպես հեղինակն է նշում, ոտքի տակի լաթը դառնալուց հրաժարվել և հենց սրանում է գլխավոր վտանգը տեսնում Haqqin.az-ի հեղինակը:

Իսկ վերջում ադրբեջանցի հեղինակը խորհուրդներ է տալիս Փաշինյանին, նշելով, որ եթե ուզում է տեսնել, թե ինչ կլինի Հայաստանի վերջը, եթե ինքը հետքայլ անի, բավական է նայել Վրաստանին, որտեղ փոքրաթիվ ընդդիմությունն իբրև թե ճնշված է Վրաստանի իշխանությունների կողմից և որ Վրաստանին «կռախ » է սպասվում: Վրաստանի թվացյալ «կռախը» երևի թե պայմանավորված է նրանով, որ Վրաստանի իշխանություններն առաջնորդվում են իրենց ազգային շահով, ոչ թե արեւմուտքի կցորդի դերում:

«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի: Մի լսեք նրանց, ովքեր ցինիկ կերպով կխոսեն ժողովրդավարության մասին, այն մասին, որ չի կարելի բանտ նստեցնել քաղաքական հակառակորդներին և հակադրվել եկեղեցուն, որը հենց հայության սիմվոլն է հանդիսանում: Մի լսեք ոչ Մոսկվային, ոչ Բրյուսելին, ոչ էլ Վաշինգտոնին: Եթե Դուք Հայաստանի համար լավն եք ուզում, իսկ այդ մասով ես կասկած անգամ չունեմ, եթե ձգտում եք ձեր երկրի զարգացմանն ու երազում եք մի օր նստել մեքենան ու գնալ Բաքու և Անկարա, ապա ոչնչացրեք, տրորեք բոլոր տրոյական ձիերին, որոնց ուղարկել են ձեր երկիր ու միգուցե դեռ էլի ուղարկեն»,-ոգևորում է Փաշինյանին՝ ադրբեջանցի կոլեգան…

Մտորումները թողնում եմ ձեզ և կցում այն նկարը, որը Փաշինյանին խորհուրդ տվող ադրբեջանցի քարոզիչը կցել էր իր լայնածավալ նյութին՝ Ալիևի ծաղրական հայցքի ներքո ճնշված Փաշինյանը: