Հուլիսի 10-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը 2005 թվականից մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանն էր, անակնկալ կերպով ազատվեց աշխատանքից:
Հրապարակ թերթը գրել է․ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը շատ մոտ է Ժամկոչյանի հետ եւ ինքն էլ մասնագիտությամբ աստվածաբան է, չի երկարացրել նրա պայմանագրի ժամկետը: ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասում է, որ համալսարանում բոլոր դեկանների ժամկետն էլ հինգ տարին մեկ լրանում է, սակայն իշխանության հանդեպ լոյալ դեկանների ժամկետն անաղմուկ երկարացնում են, իսկ նրանք, ովքեր ցանկալի չեն, բուհից հեռացվում եմ:
Թեպետ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պարագայում պատկերը փոքր-ինչ այլ է: Նա մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որը նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Ժամկոչյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության այս տարիներին որեւէ քննադատական խոսք չի ասել իշխանությունների մասին, ավելին` ըստ որոշ լուրերի, անգամ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տվել` Եկեղեցու դեմ պայքարում, սակայն հունիսի 27-ին նա Մայր Աթոռի բակում էր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Միքայել Աջապահյանին բերման ենթարկել, իսկ հուլիսի 4-ին ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիային էր մասնակցում:
Ակցիայի մասնակից բոլոր հոգեւորականներին առաջարկել են այդ օրը բարձրանալ բեմահարթակ եւ իրենց աջակցությունը հայտնել քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին: Ճիշտ է` նրանցից մեկն է ելույթ ունեցել եւ այն էլ ոչ այնքան հաջող, սակայն Ժամկոչյանը` Եզրաս արքեպիսկոպոսի եւ մյուսների հետ հարթակ է բարձրացել եւ հայտնվել իշխանությունների թիրախում:
Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին հարցրել է. «Բեմահարթակի վրա քեզ լա՞վ էիր զգում ընդդիմադիրների հետ», եւ մոտավորապես ասել. «Դե, այսուհետ կարող ես հայտնվել բոլոր ընդդիմադիր բեմահարթակներում, դեկանի աշխատանքին հրաժեշտ տալուց հետո»: Մեզ պատմեցին, որ իշխանությունում խիստ զայրացել են, որ իրենց թիմակից, իրենց հետ մինչ այդ համագործակցած դեկանը համարձակվել է իրենց թշնամու կողքին կանգնել` երկակի խաղ խաղալ, աջակցելով Եկեղեցուն եւ Սամվել Կարապետյանին:
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը «Հրապարակի» հետ զրույցում ըստ էության չհերքեց, որ իրեն իր կամքից անկախ են հեռացրել համալսարանից: Բայց նշեց. «Ինձ նախարարը ոչինչ չի ասել, ես հիմա հյուր եմ, չեմ կարող երկար խոսել»: Մենք միայն հետաքրքրվեցինք` չե՞ք ցանկանում մասնակցել դեկանի համար նախատեսված մրցույթին։ Ժամկոչյանը շեշտեց. «Դեռեւս ոչինչ չեմ որոշել, ե՞րբ է, դեռ չեմ որոշել, երբ որոշեմ, անպայման տեղյակ կպահեմ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին աշխատանքից հեռացնելուց հետո մայր բուհի պաշտոնական կայքէջում հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ բուհը հայտարարում է Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման մրցույթ: Դիմումների վերջնաժամկետի մասին մենք նշում չգտանք, միայն ասվում է, որ դեկանի ընտրությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին, առավոտյան ժամը 10-ին: Նշվում է նաեւ, որ պաշտոնի հավակնորդը պետք է ունենա ֆակուլտետի ուղղությանը համապատասխանող գիտական աuտիճան ու կոչում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 3-րդ կետ): Ֆակուլտետի դեկանն ընտրվելու է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։
Բաց մի թողեք
Նախարարություններում թիվ 1 ռեժիմ է. ամեն վայրկյան կարող է շուտափույթ հավաքի հրահանգ լինել
«Ով էլ խոսի՜ կրթության մասին». Դպրոցի տնօրենը ինտերնետի գաղտնաբառը դրել է նիկոլփաշինյան․ Մխիթարյան
Իշխանության բերելը գուցեեւ հեշտ է, բայց «ճանապարհելն» է շատ բարդ