26/07/2025

Մշակույթի զարգացման հիմնադրամը ամփոփեց տարին և շնորհակալագրեր հանձնեց. Լուսանկարներ․ Տեսանյութ

Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը համագործակցում է Հայաստանի ավելի քան 20 թանգարանի հետ, ամփոփեց գործունեության առաջին տարին և շնորհակալագրեր հանձնեց այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել են թանգարանների գործունեությունն ու նպաստել ինչպես Թանգարանային գիշերը, այնպես էլ՝ առհասարակ դրանց հանրահռչակմանը: 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան՝ հարկի ներքո էին հավաքվել թանգարանների տնօրեններ, մտավորականներ, լրագրողներ, շնորհակալագիր տրվեց նաև մեզ՝ Mitk.am լրատվական վերլուծական կայքին:

May be an image of 2 people, people studying, television and text

Մշակույթի զարգացման հիմնադրամի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը մասնավորեց, որ հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից․ «Այն իրականացնում է 20 և ավելի թանգարանների հետ տարբեր աշխատանքներ: Շուտով հիմնադրամին կմիանան Հայաստանի բոլոր թանգարանները: Հիմնադրամն իրականացնում է թանգարանների հանրահռչակման, մարքեթինգի, հաշվապահական և այլ հարցերի վերաբերյալ գործառույթներ: Մեր աշխատանքի՝ PR, SMM, մարքեթինգային ռազմավարության արդյունքում «Թանգարանային գիշեր»-ի այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 100 հազարով»,-տեղեկացրեց Գրիգորյանը:

May be an image of 6 people, people studying and text

Նա հայտնեց, որ հիմնադրամի իրականացրած կարևոր նախագծերից  են եղել «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը և մարքեթինգային արշավը, որն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու, Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը, Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառին Հայաստանի մասնակցությունը, «Տարեհաց» խորագրով ամանորյա ուտեստների տոնավաճառի կազմակերպումը Երևանում և այլն:

Հիմնադրամն առաջիկայում նախատեսում է համագործակցել Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի և Ազգային դիմանկարների պատկերասրահի հետ՝ երկու խոշոր միջազգային ցուցահանդեսների մշակման նպատակով: Նախագծերից մեկը նվիրվելու է Հովնաթանյան ընտանիքի արվեստին՝ ընդգծելով նրանց պատմական և գեղարվեստական ժառանգությունը:

May be an image of 3 people

Հիմնադրամն աշխատում է նաև պատմական վայրերն արդիականացնելու, այդ տարածքներում երաժշտական և այլ փառատոններ կազմակերպելու ուղղությամբ:Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը կարևորեց համագործակցությունը  Մշակույթի  զարգացման հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ փոխգործակցության արդյունքում Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոբելյանական տարբերանշան ունեն․ «Տարբերանշանի համար առանձնացվել է  Իսահակյանի այն նկարը, որի հեղինակը գերմանացի նկարիչ Օտաման Բեգասն է:  Յուրահատուկ տարբերանշան է ստացվել: Քննարկումների ընթացքում եկանք այն եզրակացության, որ Իսահակյանին հարկավոր է նոր շնչով, ոճով և ժամանակակից մարդուն առավել հասանելի ներկայացնել: Ըստ իս՝ հիմնադրամի հետ համատեղ մեզ հաջողվել է ստանալ այնպիսի տարբերանշան և թեմատիկ նյութ, որը պատասխանում է այն հարցերին, որոնք հնչեցնում են ժամանակակից մարդիկ»:

May be an image of 8 people and text

Նա անդրադարձավ նաև վարպետի հոբելյանին նվիրված ցուցադրությանը, որը բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Ցուցադրության կազմակերպման գործում դերակատարություն է ունեցել նաև հիմնադրամը․ «Ցուցադրությունը կոչվում է «Իսահակյանի ոդիսականը», որտեղ մենք պատմում ենք վարպետի՝ տարբեր երկրներ ճամփորդությունների մասին, երբ նա ստիպված հեռացել էր հայրենիքից, սակայն հայացքը դեպի Հայաստան էր: Ցուցադրության առանցքում Իսահակյանն է, Արագած լեռն է: Անգամ Փարիզում ստեղծագործելիս նա երազել է լինել Արագածի փեշին: Քարտեզի միջոցով ցուցադրված են այն երկրները, որտեղ եղել է Իսահակյանը, իսկ սրահի մուգ կապույտ գույնն ընտրվել է Մարտիրոս Սարյանի՝  հատուկ Իսահակյանի տուն-թանգարանի բացման համար ստեղծած «Արագած» կտավի գույնին համապատասխան»:

May be an image of 7 people and flower

Նա հայտնեց, որ Ավետիք Իսհակյանի տուն թանգարանում աշմնանը դեռ բազմաբովանդակ միջոցառումներ են սպասվում։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից Արշալույս Հարությունյանի ուսանողները արվեստասերներին յուրովի մեկնաբանությամբ ներկայացրին Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի բեմադրությունը: