Հայաստանում հուլիսի 27-ին տոնում են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:
Այս տոնը հայտնի է նաև «Վարդավառ» անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով՝ հայտնեց Իր Աստվածությունը»:
«Վարդավառ»-ի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. պատարագ և կատարվում հոգեհանգիստ:






Բաց մի թողեք
Նոյեմբերի 9-ի աստղագուշակ․ Կարևոր է չտրվել սադրանքներին և հիշել ձեր սեփական շահերը
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. Լուսանկար