10/09/2025

Հայաստան – Եվրամիություն. անդամակցությունն այլընտրանք չունի և չպետք է ունենա

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Օրենքի ընդունման նպատակները պաշտոնապես սահմանվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հասարակության բարեկեցության բարձրացումը, երկրի անվտանգության, դիմակայունության և իրավունքի գերակայության ամրապնդումը։

Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու որոշումն ավելի շուտ ռազմավարական զարգացում է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, քան արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձ: Այն արտացոլում է հասարակական տրամադրությունները՝ հօգուտ Եվրոպայի հետ ավելի սերտ ինտեգրման և ցույց է տալիս Հայաստանի ձգտումը ավելի դիվերսիֆիկացված միջազգային համագործակցության:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը կապված է զգալի դժվարությունների հետ՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ Հանրային ընկալումներըԵՄ Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի իրականացրած «2023 տարեկան հետազոտություն․ Հայաստան․ Եվրոպական Միության ընկալումները» ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների 60%-ը վստահություն է հայտնել Եվրամիությանը, ինչն, ըստ հարցման, ավելի շատ է, քան ցանկացած այլ միջազգային ինստիտուտի նկատմամբ վստահությունը։ Նույն կազմակերպության 2024 թվականի հետազոտության մեջ ԵՄ-ին վստահություն է հայտնել հարցվածների 66%-ը։ 75%-ը նշել է, որ կցանկանար, որ ԵՄ-ն ավելի մեծ դեր խաղար երկրի պաշտպանության ամրապնդման գործում։

Պետք է ընդգծել, որ ԵՄ-ի նկատմամբ վստահությունը Հայաստանի հանրության շրջանում նոր երևույթ չէ, և նույն ծրագրի կողմից անցկացված հարցումներով՝ 2017-2022 թվականների ընթացքում այն կազմել է 55-70%։ Բացառություն է կազմել 2021թ․-ը՝ 43%-ով, ինչը պայմանավորված էր 2020 թվականին միջազգային դերակատարների նկատմամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, վստահության անկմամբ։2024 թվականի հուլիսին Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի հարցումների համաձայն՝ հարցվածների 56,7%-ը կողմ է արտահայտվել Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը, որից 34,2%-ը նշել է, որ ՀՀ-ն միանշանակ պետք է ձգտի անդամակցել ԵՄ-ին,  22.5%-ը պատասխանել է՝ ավելի շուտ՝ այո:

Եթե դիտարկենք Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ 2024թ․ սեպտեմբերին իրականացրած հարցումները, ապա կարող ենք առանձնացել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ մի քանի կարևոր տվյալ։ Հարցվածների 20%-ը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի ուղղված միայն ԵՄ-ին և Արևմուտքին, 31%-ը՝ որ պետք է լինի արևմտամետ, բայց պահպանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, 20%-ը՝ որ պետք է լինի ռուսամետ, բայց պահպանի հարաբերությունները Արևմուտքի հետ, և 6%-ը՝ որ պետք է լինի միայն ռուսամետ։

Ընդհանուր հարցվածների 58%-ը նշել է, որ կքվեարկեր ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Հատկանշական է, որ 55+ տարիքային խմբի ներկայացուցիչների 66%-ն է պատրաստակամություն հայտնել քվեարկելու ԵՄ-ին անդամակցության օգտին, 36-55 տարիքային խմբի՝ 61%-ը, իսկ 18-35 խմբի՝ 46%-ը։

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հարցվածների 40%-ը ԵՄ-ին անդամակցելու առավելությունը տեսնում է անվտանգության և կայունության ամրապնդման մեջ, 11%-ն ընդգծել է տնտեսական առավելությունները, 11%-ը՝ երկրի զարգացումը։

Թերությունների շարքում կարևոր է առանձնացնել ընտանեկան արժեքների վատթարացումը՝ 22%, ԵՄ-ից աջակցություն չստանալը՝ 21%, Ռուսաստանին «բարկացնելը»՝ 12%, և տնտեսական վատ հետևանքները՝ միայն 6%։Անվտանգություն և պաշտպանությունՎերջին տարիների հասարակական կարծիքի ուսումնասիրությունը, փաստորեն, ցույց է տալիս, որ Եվրամիության նկատմամբ, ընդհանուր առմամբ, Հայաստանում կա դրական վերաբերմունք, և մարդկանց առնվազն կեսը ԵՄ-ին անդամակցության հեռանկարին դրական է վերաբերվում։

Միևնույն ժամանակ, հարցումների ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը տեսնում են Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության բարձրացման կտրվածքով։Այս առումով, կարևոր է նշել, որ Եվրամիությունը պաշտպանական կառույց չէ, և Եվրոպայի անվտանգությունն այսօր մեծապես կախված է ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից։ Հաշվի առնելով Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի քաղաքականությունը և վերաբերմունքը Եվրոպայի պաշտպանությանը՝ Եվրամիության համար այսօր գերխնդիր է ապահովելու սեփական անվտանգությունը և մշակելու հստակ ռազմավարություն ԱՄՆ-ից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, ինչպես նաև ձևավորելու սեփական անվտանգայի համակարգը։

Այսպես, օրինակ, Ֆրանսիան առաջ է մղում եվրոպական բանակի ստեղծման գաղափարը, մի շարք երկրներ հայտարարել են պաշտպանական ծախսերն ավելացնելու մասին, ակտիվորեն քննարկվում է ԵՄ-ի անվտանգության ապագա ռազմավարությունը։

Չնայած Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առանցքային ուղղությունը չի կարող լինել պաշտպանությունը, այնուամենայնիվ, Երևանն ու Բրյուսելը սկսել են աստիճանաբար ամրապնդել համագործակցությունը անվտանգության ոլորտում, որը ներառում է ՀՀ անվտանգության համակարգի ամրապնդմանն ուղղված որոշ մեխանիզմներ:

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն (EUMA)Ի պատասխան Երևանի դիմումի՝  2023 թվականի հունվարին ԵՄ-ն Հայաստանում տեղակայեց քաղաքացիական դիտորդական առաքելությունը: EUMA-ի առաջ խնդիր է դրված անաչառ և անկողմնակալ կերպով դիտարկել և զեկուցել Հայաստան-Ադրբեջան սահմանի անվտանգության իրավիճակի մասին, նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծմանը:

Այդ առումով կարևոր է, որ առաքելությունը պարբերաբար անուղղակի հերքում է ադրբեջանական կողմի տեղեկությունները, թե հայկական կողմը կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ և զինտեխնիկա է կուտակում սահմաններին։ Թեև առաքելությունը քաղաքացիական է, այն որոշակի կայունացնող գործոն է տարածաշրջանում, քանի որ EUMA-ի ներկայության շնորհիվ սահմանային միջադեպերի թիվը նվազել է։ 2025 թվականի հունվարին ԵՄ Խորհուրդը որոշում կայացրեց երկարաձգել առաքելության մանդատը՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Առաքելության անձնակազմն էլ այժմ ունի 225 անդամ։Աջակցություն Խաղաղության եվրոպական հիմնադրամից և Բրյուսելում ռազմական կցորդի նշանակումԽաղաղության եվրոպական հիմնադրամը նախատեսված է ԵՄ գործընկեր երկրների պաշտպանունակության ամրապնդման համար: 2024 թվականի հուլիսին ԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի Զինված ուժերին աջակցելու նպատակով 10 միլիոն եվրոյի աջակցության ծրագիրը։

Այս ֆինանսավորումը նախատեսված է ոչ մահաբեր սարքավորումների ձեռքբերման համար։ 2025 թվականի մարտ ամսվա հաշվետվություններում նշվում է, որ ԵՄ-ն դիտարկում է Հայաստանին 10 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ոչ մահաբեր նշանակության ռազմական օգնություն հատկացնելու հնարավորությունը:

Հատկանշական է, որ Հայաստանին աջակցություն տրամադրելու համար Հունգարիան պահանջում է, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի նաև Ադրբեջանին։Անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության ուղղությամբ մեկ այլ քայլ էր Բրյուսելում ռազմական կցորդի նշանակումը։ 2025 թվականի մարտին ՀՀ պաշտպանության նախարարությունը հավանություն տվեց ԵՄ-ում և Բելգիայում պաշտպանական ներկայացուցչության ստեղծմանը։ Նպատակը անվտանգության հարցերի շուրջ շփումների և փոխգործակցության ընդլայնումն է:Երկխոսություն քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը։ Երկխոսության նիստերի անցկացումը կրում է շարունակական բնույթ։

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյաննը հայտնել է, որ այդ երկխոսության ներքո քննարկվում են անվտանգության ոլորտում համագործակցության այլ ձևաչափեր։Հայաստան-Եվրամիություն Գործընկերության նոր օրակարգՀայաստանն ու Եվրամիությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, մոտ ժամանակներս կստորագրեն Գործընկերության նոր օրակարգը։

Որոշ աղբյուրների համաձայն՝ փաստաթղթում անդրադարձ կա նաև անվտանգային ոլորտին։ Հայտնի է, որ փաստաթուղթը շրջանակային է, այլ մանրամասներ պաշտոնապես դեռևս չեն հայտարարվել։ Կարևոր է ընդգծել, որ չնայած ակնկալվող փաստաթղթի ստորագրմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (CEPA – Comprehensive and enhanced partnership agreement), որը ստորագրվել է 2017 թվականին և դեռևս ամբողջությամբ կյանքի չի կոչվել։

Կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տեսանկյունից արդեն իսկ գոյություն ունեցող մեխանիզմները, թերևս, բավարար չեն՝ համապատասխանելու հանրության սպասելիքներին։ Հաշվի առնելով պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ Եվրամիության ներսում այսօր ընթացող քննարկումները՝ Հայաստանի համար առավել շահեկան կլինի պաշտպանական ոլորտում համագործակցությունը եվրոպական առանձին երկրների հետ։ Թեպետ պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ տվյալները պարունակում են որոշակի կոնֆիդենցիալության մակարդակ, այնուամենայնիվ որոշ փաստեր այս ուղղությամբ հրապարակային են։ Հայաստանը զարգացնում է պաշտպանական համագործակցությունը, մասնավորապես, Ֆրանսիայի հետ։

Հայաստանը Ֆրանսիայից գնել է երեք GM-200 ռադար, 50 միավոր Bastion զրահատեխնիկա, 36 միավոր 155 մմ տրամաչափի Cesar ԻՀԿ, հրազեն և այլ տեխնիկա։ Բացի այդ, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին: Պարբերաբար անցկացվում են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Ակտիվացել են պաշտպանական ոլորտի պատասխանատուների փոխայցերը եվրոպական երկրներ։Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ վերոնշյալ մեխանիզմները Հայաստանի պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացիայի ընդհանուր համակարգի միայն մի մասն են կազմում, և Երևանը ակտիվացնում է անվտանգային ոլորտում համագործակցությունը նաև այլ՝ ոչ եվրոպական կամ ոչ արևմտյան դերակատարների հետ։ՏնտեսությունԵվրամիությունը նախևառաջ տնտեսական միավորում է, և անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության տնտեսական հարաբերություններին՝ պետք է արձանագրենք, որ այս ուղղությամբ իրավիճակը միանգամայն տարբեր է։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ․ ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրում կազմել է 36.8%, որից 35.3%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ 2024թ․ ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը կազմել է 42.2%, որից 41.1%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Մինչդեռ ԵՄ երկրներինը 2023թ․ կազմել է 12.9%, իսկ 2024թ․՝ 7.7%։

Մեծ է նաև էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. տվյալների համաձայն՝ ՀՀ գազի ներկրման ծավալների 86.4%-ը բաժին է ընկել ՌԴ-ին, իսկ մնացած՝ 13.6%-ը՝ Իրանին: 2024թ․ տվյալով՝ Ռուսաստանին բաժին է ընկել գազի ներկրման 83.7%-ը։ Ռուսաստանին 2024թ․ բաժին է ընկել ՀՀ ուղարկված դրամական փոխանցումների 65.5%-ը՝ 3.8 մլրդ ԱՄՆ դոլար։

Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը էական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության ճանապարհին։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ոլորտի փորձագետների հետ։ Եվրամիության հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը նշեց, որ տնտեսական խնդիրների տեսանկյունից Հայաստանի համար ամենազգայուն հարցը գազի ներկրումն է ոչ միայն գնային քաղաքականության տեսանկյունից, այլև նման թողունակությամբ այլընտրանքային ենթակառուցվածքի բացակայության պատճառով։

Ներկայումս չկան ենթակառուցվածքներ, որոնց կարող են ապահովել Ռուսաստանի տրամադրված ծավալը։

Ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանը հսկայական մասնաբաժին ունի Հայաստանի արտաքին առևտրում, և այդ մասնաբաժինը շարունակաբար աճում է, իսկ Եվրամիությանը՝ նվազում։ Հայաստանը չի կարող Եվրոպական միության հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել` լինելով ԵԱՏՄ անդամ պետություն։

Ուստի փորձագետը նշում է, որ պետք է խորապես ուսումնասիրել և հաշվել, թե ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցումը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար, մինչ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին խոսելը:Ադամյանի խոսքով՝ Հայաստանը կարող է և պետք է խորացնի ինտեգրումը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով։ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը և լիարժեք կյանքի կոչի Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը:

Ըստ փորձագետի` անհրաժեշտ է տարանջատել ԵՄ անդամակցությունը ԵՄ ինտեգրացիայից.  Ինտեգրացիայի խորացումը չի պարտադրում անդամակցություն և հնարավորություն է տալիս Հայաստանին ընտրել համագործակցության խորացման կոնկրետ ուղղություններ։ Ավելին` կան երկրներ, որոնք խորը ինտեգրված են Եվրոպական Միությանը, ԵՄ միասնական շուկայի մաս են, օրինակ` Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը, և, այնուամենայնիվ, ԵՄ անդամ չեն: Եվրամիությանն անդամակցությունը ենթադրում է Եվրոպական Միության տնտեսական, անվտանգային քաղաքականությունների հետ ամբողջական ներդաշնակեցում։ Հայաստանի աշխարհագրական դիրքի և արտաքին քաղաքական իրավիճակի պայմաններում, ըստ Մանե Ադամյանի, այդ ներդաշնակեցումը դժվար է պատկերացնել` առնվազն հարևան Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։

Միևնույն ժամանակ, փորձագետը նշում է, որ ԵՄ անդամակցությունը ցանկացած դեպքում ենթադրում է բարդ և երկարատև ինտեգրացիայի գործընթաց, և Երևանը առաջնահերթ պետք է քայլ առ քայլ մշակի այդ ինտեգրացիոն ճանապարհը: Եթե տեսականորեն 10-15 տարի հետո աշխարհաքաղաքական գործընթացներն այնպես փոխվեն, որ նպատակահարմար լինի խոսել ԵՄ անդամակցության մասին, Հայաստանն արդեն անցած կլինի ինտեգրացիոն կարևոր գործընթաց և դա ավելի իրատեսական կլինի:

Բացի այդ, Եվրամիության հետ համագործակցության հարցերով փորձագետը շատ կարևոր է համարում ներդրումների ներգրավումը, այդ թվում՝ էներգետիկ կախվածությունը մեկ կենտրոնից նվազեցնելու, այլընտրանքային գործընկերներ գտնելու, այլընտրանքային ենթակառուցվածքներ ստեղծելու, երկրի ներսում այլընտրանքային էներգիայի աղբյուրներ ստեղծելու, դրանք պահուստավորելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, պետք է Ռուսաստանի այլընտրանքներ գտնել նաև տնտեսության մյուս ճյուղերի համար՝ տնտեսությունում կապիտալի աղբյուրի բազմազանեցման նպատակով։ Ադամյանը հավելեց նաև, որ շատ կարևոր է, որ ինտեգրման գործընթացը կազմակերպվի այնպես, որ դրանից հետքայլեր չարվեն, ու դա հիմքեր չստեղծի Հայաստանի համար առկա ծրագրերը սառեցնելու համար՝ հաշվի առնելով նաև Վրաստանի փորձը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի արտահանման ու ներմուծման խնդիրներին։ Նրա խոսքով՝ այսօր ԵԱՏՄ-ից հրաժարվելը և այլ ինտեգրացիոն կառույցի անդամակցելն այսօր Հայաստանի համար ավելի մեծ դժվարություն է ներկայացնելու, քան, օրինակ, 2018 թվականին, քանի որ 2018 թվականից դեպի ԵԱՏՄ շուկա մեր արտահանումը 5 անգամ աճել է:

Այսպես, 2018թ. արտահանումը դեպի ԵԱՏՄ 688 մլն դոլար էր, այժմ՝ 3մլրդ 345 մլն դոլար, իսկ դեպի ԵՄ 2018թ․-ից արտահանումը մոտ 10%-ով կրճատվել է․ 2018թ․ այն կազմել է 676 մլն դոլար, ինչը գրեթե հավասար էր ԵԱՏՄ-ին, իսկ այժմ՝ 611 մլն, ինչն ընդհանուր արտահանման միայն 4,7%-ն է կազմում։ Անդրադառնալով արևմտյան պատժամիջոցների պայմաններում դեպի Ռուսաստան վերաարտահանման հարցին՝ տնտեսագետը նշեց, որ դեպի ԵԱՏՄ վերաարտահանումը 2024 կազմում է ընդհանուր վերաարտահանման մոտ 40 %-ը, իսկ «մաքուր» արտահանումը 2018 թվականից աճել է մոտ 3 անգամ։ Խոսելով արտահանման կառուցվածքից՝ Թավադյանը նշեց, որ պատրաստի արտադրանքի 80-90%-ը արտահանվում է ՌԴ։

Այժմ արտահանումը դեպի ԵՄ շուկա վերաուղղորդելը զգալի դժվարություններ է ունենալու՝ կապված ինչպես եվրոպական չափանիշների համապատասխանության և ճանաչելիության խնդիրների հետ, այնպես էլ լոգիստիկ դժվարությունների։Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ եթե անգամ, օրինակ, ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելով, առանց մաքսատուրքի Հայաստանը կարողանա արտահանում իրականացնել եվրոպական շուկա, ապա, միևնույն է, կդառնա ԵՄ-ի համար հումքի էժան մատակարար, որը անցնում է ստանդարտիզացիա, և ապա թանկ գնով հետ է գալիս Հայաստան:

Թավադյանի խոսքով՝ թեպետ ԵՄ շուկան շատ մեծ է, բայց մրցակցությունը ևս մեծ է, ինչը տնտեսվարողի համար զգալի բարդություններ կարող է ստեղծել։ Ուստի որպես Հայաստանի նախնական քայլեր՝ տնտեսագետներն առաջարկում են դիվերսիֆիկացնել արտահանումը, կենտրոնանալ տարբեր շուկաների վրա, այդ թվում՝ Միջին Արևելքի, ապրանքների համար սահմանել բարձր չափանիշներ, ինչպես նաև պետք է դիտարկել ԵՄ-ի հետ սերտ ինտեգրումը տարբեր ոլորտներում՝ նախքան անդամակցությունը։

Միևնույն ժամանակ, տնտեսության դիվերսիֆիկացիային և արտահանման աճին կարող է նպաստել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։Անդամակցություն, թե՞ ինտեգրումԱյսպիսով, Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցը հանրային դիսկուրսում արդիական դարձավ՝ պայմանավորված երկրի անվտանգային մտահոգություններով։

Հանրության մի զգալի հատված անդամակցության ցանկությունը կապում է Եվրոպական Միության կողմից հնարավոր պաշտպանական երաշխիքների հետ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ն ինքը անվտանգություն արտահանող կառույց չէ և չի կարող լիարժեք ապահովել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող անվտանգային պահանջները։

Բացի անվտանգային հարցերից՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը և ԵՄ-ի տնտեսական ու շուկայական համակարգին ինտեգրվելը հսկայական կառուցվածքային մարտահրավեր է մեր երկրի համար։ Հայաստանի տնտեսությունը խորապես ինտեգրված է ԵԱՏՄ շուկային, և էներգետիկ, առևտրային ու աշխատուժի ազատ շարժի ոլորտներում ԵՄ-ի հետ համադրելիություն ապահովելը պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ և մեծածավալ ներդրումներ։ Նշված մարտահրավերներից բացի, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին կա նաև քաղաքական հստակություն ապահովելու պահանջ, այդ թվում՝ կայուն ժողովրդավարական ինստիտուտներ, օրենքի գերակայություն և ԵՄ արտաքին քաղաքականությանը համահունչ գործելակերպ։

Միևնույն ժամանակ, պետք է դիտարկել Թուրքիայի, Բալկանյան պետությունների և Արևելյան գործընկերության երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև ԵՄ անդամ հանդիսացող Արևելյան Եվրոպայի երկրների, այդ թվում՝ Հունգարիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և այլ երկրների փորձը և ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ մինչ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը կարող է երկարաժամկետ նպատակ լինել՝ ներկայումս այն հնարավոր չէ դիտարկել որպես արագ լուծում Հայաստանի անվտանգային կամ տնտեսական խնդիրների հասցեագրման համար։ Հայաստանը պետք է մշակի բազմաշերտ, հավասարակշռված և բալանսավորված արտաքին քաղաքականություն, որն առաջին հերթին կենտրոնացած կլինի սեփական ինստիտուցիոնալ կայունության և ներքին համախմբման վրա՝ միաժամանակ բաց պահելով դուռը եվրոպական ինտեգրման և ԵՄ-ին անդամակցության հեռանկարի առաջ։

Դա նշանակում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային և կրթական ուղղություններով։ Այս համատեքստում անդամակցությունը պետք է դիտարկել ոչ թե որպես միակ նպատակը, այլ որպես երկարաժամկետ ռազմավարական հետևանք՝ ինտեգրման խորացման, համատեղ ծրագրերի և համատեղ արժեքների հիման վրա։