09/09/2025

Քանի առաջին դասարանցիներ ունեն սահմանամերձ Կիրանց և Սոթք գյուղերի դպրոցները

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք կգործեն դպրոց՝ անելով նոր կյանքի առաջին, փոքր, բայց ամենակարևոր քայլը։

Եթե մայրաքաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների պակաս չկա, ավելին, դեռ մեկ ամիս առաջ են ծնողները «պայքարի» մեջ մտնում, որ կարողանան երեխային գրանցեն իրենց ավելի մոտ ու հարմար դպրոցում, ապա մարզերում պատկերը լրիվ այլ է։ Ավելին, կան դեպքեր, երբ դպրոցը երազում է գոնե տասը առաջին դասարանցի ունենալու մասին։

Ինչ պատկեր է Հայաստանի սահմանամերձ համայնքներում։ Այսպես, Տավուշի սահմանամերձ Կիրանց համայնքի միակ դպրոցն այս տարի իր դռները կբացի հինգ աշակերտի համար, հինգն էլ՝ աղջիկ։

«Այս երեխաներն էլ որ գան, դպրոցը 42 սան կունենա, որից հինգը՝ նախակրթարան են հաճախում»,- ասել է Կիրանցի դպրոցի տնօրեն Սուսաննա Փաշինյանը։

Նա նկատեց՝ աշակերտների քանակը փոքր է, բայց իրենք ամեն ինչ անում են, որ երեխաները լիարժեք կրթություն ստանան, դառնան պիտանի մարդ։

«Ուսուցիչ ունենք, որ մի քանի առարկա է դասավանդում, բայց և այնպես, երեխաները ստանում են անհրաժեշտ գիտելիքը»,- նկատեց նա։

Հարցին, թե արդյո՞ք Տավուշում տեղի ունեցած սահմանազատման և սահմանագծման աշխատանքները որևէ ազդեցություն ունեցել են դպրոց հաճախող աշակերտների թվի կրճատման հարցում, Սուսաննա Փաշինյանը պատասխանեց՝ ոչ, միշտ էլ մոտավորապես այսքան աշակերտ են ունեցել իրենք։

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք համայնքում այս տարի առաջին դասարան է գնացել յոթ աշակերտ։ Չնայած աշակերտների փոքր թվին, ամեն ինչ արվել է, որպեսզի նրանց առաջնամուտքը դպրոց տոնի վերածվի։

«Աշակերտների թիվը կարող է նաև փոխվել, հնարավոր է, մեկ-երկուսով ավելանա, բայց այս պահին յոթ է»,- ասել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դպրոցի մանկավարժական կազմն ամեն ինչ անում է, որ երեխաները պատշաճ գիտելիք ստանան ու դառնան պետությանն արժանի քաղաքացի։

Նշենք, որ նախորդ տարիների համեմատ այս տարի համայնքում առաջին դասարանցիների թիվը փոքր-ինչ կրճատվել է։ Օրինակ, 2023-ին Սոթք վարչական շրջանն ուներ 15 առաջին դասարանցի։