09/09/2025

Փաշինյանն իրեն միապետ է զգում, զսպող արգելակները կորցրել է․ Սուրենյանց

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ժամանակ հերթական «աննախադեպ» միտքն է հայտնել: «Կառավարությունը ես եմ, որեւէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես՝ ինքս նրանց կհանեմ»,- հոխորտացել էր Փաշինյանը:

Խոսքը ՀԷՑ-ի մասին արբիտրաժի որոշմանն էր վերաբերում, որով միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը` Լիպարիտ Դրմեյանը, կարծիք էր հայտնել, թե այն պարտադիր է կատարման համար: Ի դեպ, այդ հայտարարության հաջորդ օրը Դրմեյանին ազատեցին աշխատանքից:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Փաշինյանն իրեն միապետի կարգավիճակում է զգում, բայց կառավարությունը կոլեգիալ մարմին է եւ չի կարող նույնանալ վարչապետի հետ: «Կառավարության կառուցվածքի մասին օրենքով նախատեսվում է, որ կառավարությունը որոշումներ կայացնում է քվեարկությամբ, հետեւաբար՝ չի կարող «կառավարությունը ես եմ» արտահայտությունը հնչել դեմոկրատական երկրների դեպքում: Հատկապես որ դրան անմիջապես հաջորդեց նրա մի հրամանը, որով ազատվեց միջազգային իրավական հարցերով ներկա գրասենյակի ղեկավարը: Դա տոտալիտարիզմի բացահայտ դրսեւորում է, եւ ակնհայտ է, որ նույնիսկ տարակարծություն այս հարցում չի կարող լինել: «Կառավարությունը ես եմ» արտահայտությունն ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը, հակասում է կառավարության մասին Հայաստանի օրենքին, ընդհանրապես՝ ժողովրդավարական մտածողությանն է հակասում»,- ասաց Սուրենյանցը:

Փաշինյանը նման մտքեր է հայտնում, որովհետեւ ի՞նքն է հավատում դրանց, թե՞ ուզում է, որ մենք հավատանք։ Քաղաքագետն ասաց, որ Փաշինյանը երկրում ավտորիտար կառավարում է հաստատել, հետեւաբար՝ միանշանակ հավատում է իր ասածին: «Ինքը զսպող գործոններ չունի եւ բացահայտորեն ասում է այն, ինչ մտածում է: Ինչքան հասարակությունը թույլ է տալիս, այնքան ավտորիտար իշխանությունները հասարակության հաշվին մեծացնում են իրենց ազդեցությունը: Եվ ճիշտ հակառակը, երբ հասարակությունը դիմադրում է, իրենք ընկրկում են: Երկար ավտորիտար ռեժիմ Հայաստանը հանդուրժել չի կարող, ռեսուրս չունեցող երկրները չեն կարող երկար ավտորիտար ռեժիմներ հանդուրժել, դա շատ թանկ հաճույք է։ Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ Հայաստանում չի լինելու նման կառավարում, եթե դիմադրություն չլինի»,- շեշտեց Սուրենյանցը: Այս պահին մրցակցային, արդյունավետ ընդդիմություն չկա, որը կկարողանար այս ավտորիտար քաղաքականության դեմն առնել՝ եզրափակում է Սուրեն Սուրենյանցը: