09/09/2025

Արցախի պատմությունից մի դրվագ ու բազմաթիվ խեղաթյուրումներ

Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների գլխավոր հաղթաթուղթը մեկն է՝ մերժել է ԼՂ կարգավորման «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը, փչացրել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, երկիրը տարել պատերազմի և պարտության, Արցախի կործանման գնով գնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման»:

Ընդհանուր առմամբ դա բնութագրվում է որպես «արկածախնդրություն»:

Ղարաբաղյան Շարժման պատմությունը, ցավոք, «արկածախնդրության» մի քանի ստույգ, փաստաթղթավորված փաստեր գիտի, որ արժանի են քաղաքագիտական լրջագույն ուսումնասիրության:

Մեր ժամանակը և հնարավորությունները սուղ են, ուստի մեկ իրողության շուրջ միայն դիտարկումներ կանենք:

1989 թվականի օգոստոսի 16-ին Ստեփանակերտում գումարվել է ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար, երբ մարզում օրինական իշխանություն էր ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն, որի նախագահն Արկադի Վոլսկին էր:

Դա փաստացի «ուղղակի նախագահական կառավարման մարմին» էր և ուղղակիորեն ենթարկվում էր Մոսկվային:

Համագումարի որոշումներից մեկը վերաբերում էր Հատուկ կառավարման կոմիտեին և… նրա ստեղծումը ճանաչում էր ԽՍՀՄ սահմանադրությանը հակասող և անօրինական:

Եթե փաստենք, որ համագումարը ընտրել է Ազգային խորհուրդ և այն հռչակել որպես «իշխանության միակ օրինական մարմին», ապա ֆորմալ առումով ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի լիազորությունները 1989 թվականի օգոստոսի 16-ին դադարեցվել են:

Ուղիղ մեկ ամիս հետո, 1989 թվականի սեպտեմբերի 15-ին,- ի դեպ, դա Օսմանյան Թուրքիայի էքսպեդիցիոն կորպուսի կողմից Բաքվի օկուպացման օրն է,- Ադրբեջանի Գերագույն խորհուրդը կայացրել է ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարելու մասին որոշում և դիմել ԽՍՀՄ ԳԽ-ին, որպեսզի այն հաստատվի:

1989 թվականի դեկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը պաշտոնապես հաստատել է ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի լուծարումը:

Հավելենք, որ ԼՂԻՄ համագումարը հրավիրվել է, երբ ինքնավար մարզ էր այցելել ԽՍՀՄ ԳԽ հատուկ հանձնաժողովը, որ պետք է ԼՂ կարգավորման առաջարկություններ ներկայացներ:

Մի իրավիճակում, երբ Ստեփանակերտը Մոսկվայի հատուկ ներկայացուցչին իշխանազրկում է, ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունն ինչո՞ւ պիտի ղարաբաղյան հարցին գոնե մասնակի հայանպաստ լուծում տալու մոտիվացիա ունենար:

Դրա համար էլ Վոլսկու փոխարեն ԼՂ կառավարիչ կարգեց Վիկտոր Պոլյանիչկոյին, բայց արդեն՝ որպես Ադրբեջանի հանրապետական Կազմկոմիտեի նախագահի: