08/09/2025

Ինչպե՞ս են 1991-ից հետո բաշխվում «սեւ» եւ «սպիտակ» ժամանակաշրջանները հանրային նարատիվներում

Որոնք են հայաստանյան իրականության հիմնական «նարատիվները» Նախկին ռուսաստանցի, իսկ այժմ իսրայելցի սոցիոլոգ Վիկտոր Վախշտայնն իր վերջին դասախոսություններից մեկում պատասխանում է այն հարցին, թե երբ են նարատիվները (աշխարհայացքով «լիցքավորված» պատմությունները) դառնում քիչ թե շատ կայուն ու ազդեցիկ:

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նարատիվը (հայերեն՝ պատումը) ունենա 4 չափանիշ.

ա/ ինքնություն, որոշակի «խմբակային» պատկանելություն,

բ/ չարի ու բարու, մաքուրի եւ կեղտոտի տարբերակում, այդ թվում «ժամանակները» բնութագրելու առումով՝ այս ժամանակահատվածը լավն էր, արժանապատիվ կյանքի շրջան էր, իսկ այն մեկը՝ ճիշտ հակառակը,

գ/ երրորդ չափումը տարածական է՝ համաշխարհային չարիք, տեղական չարիք, նույնը՝ իհարկե, բարիքը,

դ/ պատասխան «ուղղվածության» մասին՝ ո՞ւր են գնում աշխարհը, իմ երկիրը, ո՞ւր եմ գնում ես:

Փորձենք ենթադրություններ անել, թե որոնք են այդ չափանիշներով հայաստանյան հիմնական պատումները: Բայց սկզբից վերապահում անենք, որ նարատիվների դեպքում կարեւոր չէ, դրանք ճիշտ են, թե սխալ, գնահատականներն արդար են, թե անարդար: Կարեւոր է այն, թե ինչին են հավատում մեծ մարդկանց մեծ խմբերը:

Առաջին (ա) չափանիշով մարդիկ իրենց կարող են նույնականացել որպես «հայ ժողովրդի ներկայացուցիչներ», եւ այդ դեպքում նրանք պետք է փնտրեն ինչ-որ խմբեր, որոնք հակադիր են, թշնամի են իրենց ինքնությանը՝ թուրքեր, ռուսներ, սորոսականներ, նախկիններ, թալանչիներ, նիկոլականներ:

Այստեղ կարելի է առանձնացնել երկու նարատիվ (իհարկե, բազմաթիվ ենթատարբերակներով).

1/ «մենք ժողովուրդն ենք, իսկ նրանք նախկիններ են, թալանչիներ են եւ ռսաստրուկներ»,

2/ «մենք ժողովուրդն ենք, իսկ նրանք՝ թուրքամետներ են, սորոսականներ են եւ նիկոլականներ»:

Կրկնեմ՝ խոսքը հիմնական, այս պահին քիչ թե շատ կայուն երկու նարատիվների մասին է:

Երկրորդ դեպքում (բ)՝ այն հարցին, թե ո՞ր ժամանակներն էին առավել պայծառ, իսկ որոնք էին առավել մռայլ, մեր համաքաղաքացիները, հավանաբար, տարբեր ձեւով կպատասխանեն:

Նրանք, ովքեր 60-ն անց են, ունեն երկու պատում.

1/ մինչեւ 1990-ականները (երբեմն՝ մինչեւ Գորբաչովի գալը) ամեն ինչ՝ տնտեսությունը, առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը ծաղկում էին, իսկ հետո ամեն ինչ փչացավ, քանդվեց,

2/ մինչեւ 1990-ականները՝ կոմունիստական մենիշխանություն էր, բռնաճնշումներ, այլախոհների հետապնդում, լճացում, Պոլիտբյորոյի մարազմ, իսկ 1990-ից հետո բացվեց թեեւ դժվար, բայց ցանկալի ազատության ուղին:

Բայց այդ երկու պատումների վրա կարելի է առանձնապես չսեւեռվել, որովհետեւ իմ սերնդակիցներն աստիճանաբար հեռանում են ասպարեզից: Ինչպե՞ս են 1991-ից հետո բաշխվում «սեւ» եւ «սպիտակ» ժամանակաշրջանները հանրային նարատիվներում:

Այստեղ տարբերակները մի քանիսն են.

1/ 1990-ականներ՝ ցուրտումութ – 2000-ականներ՝ թալան – 2018-ից հետո՝ ինքնիշխանության եւ խաղաղության տրիումֆ (մթի եւ ցրտի նարատիվը մասամբ փոխանցվել է նախորդ սերնդի «Սովետի ծաղկման» պատումից)

2/ 1990-ականներ՝ ցուրտումութ – 2000-ականներ՝ հաղթանակներ – 2018-ից հետո՝ տապալում, աղետներ,

3/ 1990-ականներ՝ հաղթանակներ – 2000-ականներ՝ հաղթանակների ամրապնդում- 2018-ից հետո՝ տապալում,

4/ 1990-ականներ՝ հաղթանակներ – 2000-ականներ՝ թալան – 2018-ից հետո՝ տապալում,

5/ ամեն ինչ սեւ է՝ 1990-ականներ՝ ցուրտումութ – 2000-ականներ՝ թալան – 2018-ից հետո՝ տապալում:

Կարող են, իհարկե, լինել որոշակի երանգներ, «գորշ» հատվածներ, բայց հիմնական սխեմաները հստակ են: Երրորդ (գ) չափանիշով ամեն ինչ պարզ է: 1/ Լուսավոր, առաջադեմ, ժողովրդավարական Արեւմուտք (համաշխարհային բարիք) – ազգընտիր, մեզ ռուսի լծից ազատագրած իշխանություն (տեղական բարիք) – հետամնաց, կայսրապաշտ Ռուսաստան (համաշխարհային չարիք) – հայաստանյան «5-րդ շարասյուն», նույն իրենք՝ նախկիններ ու թալանչիներ (տեղական չարիք): 2/ ուժեղ լիդերի կողմից ղեկավարվող եւ ինքնուրույնության ձգտող Ռուսաստան (համաշխարհային բարիք) – հայրենասեր, Ռուսաստանի դերը գիտակցող հայեր (տեղական բարիք) – այլասերված, LGBT-ամետ Արեւմուտք (համաշխարհային չարիք) – սորոսականներ (տեղական չարիք):

Չորրորդ տիպի նարատիվներն անմիջականորեն բխում են առաջին երեքից: Օրինակ, եթե դուք տեսնում եք Հայաստանում լուսավոր Արեւմուտքի հաղթանակը, ուրեմն, ամենայն հավանականությամբ, կարծում եք, որ աշխարհը եւ նրա հետ Հայաստանը վստահորեն գնում է առաջընթացի ուղով:

Եվ հակառակը՝ եթե գտնում եք, որ Հայաստանը տապալվել է կամ՝ որ մեր երկրում իշխում են սորոսականները, ուրեմն կարծում եք, որ մենք բոլորս գլորվում ենք անդունդը:

Վերջին նկատառումը:

Սխալ է մտածել, որ պատումներն ամբողջությամբ կախված են միայն նրանից, թե ով, ինչպես եւ որքան արդյունավետ է կարողանում քաղաքացիներին ինչ-որ բան «կերցնել»: Դա, իհարկե, գործոններից մեկն է, բայց՝ ոչ միակը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ