Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության բացմամբ մեկնարկել է ԱՄՆ դեսպանատան և անձամբ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի աջակցությամբ Սարոյանական օրերի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա էր ԱՄՆ-ում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք: «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությամբ ներկայացվում են Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։
Ցուցադրության բացման կապակցությամբ ներկաներին ողջույնի խոսք է ասել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը․ «Վիլյամ Սարոյանը համամարդկային արժեքների և մշակութային երկխոսության խորհրդանիշ է։ Նրա ստեղծագործական ժառանգությունը միավորում է հայ և ամերիկյան մշակութային աշխարհները՝ ընդգծելով բարեկամության, փոխադարձ հարգանքի և համընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը։ Այս ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում նորովի արժևորել Սարոյանի ժառանգությունը՝ այն ներկայացնելով ոչ միայն գրականության, այլև արվեստի բազմաբնույթ արտահայտչաձևերի միջոցով»։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում մշակույթի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը, որը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը, ստեղծագործական փոխանակումների և միջմշակութային երկխոսության զարգացմանը։ «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը կդառնա հայ-ամերիկյան մշակութային համագործակցության ևս մեկ նշանակալի ձեռքբերում և կնպաստի մեր հասարակությունների միջև կապերի խորացմանը»,- ասաց նա՝ ընդգծելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետևողական աջակցությունը, որի շնորհիվ նման նախաձեռնությունները դառնում են իրականություն։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև ԳԱԹ աշխատակազմին կատարած աշխատանքի համար: ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հաջող համագործակցության համար: «Սարոյանական օրերի անցկացմամբ ցանկանում ենք ներկայացնել Սարոյանի ստեղծարար միտքը ողջ հարստությամբ՝ ոչ միայն նրա գրական ժառանգությունը, այլև հեղինակած նկարները, որոնք շատ ուշագրավ աշխատանքներ են: Դրանցում արտացոլված են Սարոյանը սերն ու բերկրանքը կյանքի նկատմամբ»,- ասաց դեսպանը։
«Մի անգամ անգլիացի գրող Բեռնարդ Շոուի հետ է զրուցում Վիլյամ Սարոյանը: Շոուն բողոքում ՝ ծերացել եմ, մահս մոտ է: Սարոյանն ասում է՝ չէ, չէ…դու չես մահանալու, բոլորիցս երկար ես ապրելու: Եվ ես նկատի չունեմ քեզ որպես գրող, որ քո ստեղծագործություններն ավելի երկար են ապրելու, քան մյուս գրողների ստեղծագործությունները: Իհարկե, իմ գործերը բացառություն են, որեւէ գրողի ստեղծագործություն իմից ավելի երկար չի կարող ապրել, իմ գրական ժառանգությունը ժամանակ առ ժամանակ նորից ու նորից բացահայտվելու է…Իսկ երբ գա այն պահը, որ իմ գրավոր ստեղծագործությունները նոր ասելիք չունենան, արդեն առաջ կգան իմ նկարները, իսկ ես հազարավոր նկարներ ունեմ: Իսկապես Սարոյանի գրական ժառանգությունը շարունակում է ասելիք պարունակել»։
Այս մասին պատմեց Սարոյանի հիմնադրամի նախագահ Սկոթ Սեդրակյանը․ «Շատ հաճելի զգացողություններով եմ գտնվում Երեւանում եւ անչափ ուրախ եմ, որ աշխատելով հիմնադրամում՝ այսօր Հայաստանում կարողանում ենք ներկայացնել Սարոյանի այնպիսի գործեր, որոնք դեռեւս անհայտ են: Սարոյանն իրապես բազմաշնորհ արվեստագետ էր, գրում էր վեպեր, դրամաներ, նաեւ հեղինակել է երգ, որը վաճառքի առումով շատ բարձր հորիզոնական է գրավել, նրա նկարչական գործերը եւս ուշագրավ են: Վստահ եմ, որ դրանք տեսնելիս բոլորը մեծ հաճույք կվայելեն»:
Անդրադարձ եղավ նաեւ 2 տարի առաջ իր՝ Հայաստան այցելությանը, երբ ԳԱԱ արվեստի ինստիտուտին նվիրել էր Սարոյանի աշխատանքներից մեկը: Նա հիշեց, որ նկարը Սարոյանը նկարել էր նոյեմբերի 10-ին, այդ օրը նաեւ ԳԱԱ հիմնադրման օրն էր, դրա համար էլ ինքը աշխատանքը նվիրել է ԳԱԱ արվեստի ինստիտուտին: Նաեւ հիշեցրեց, որ նկարը շոկոլադի փաթեթի վրա է նկարված:
Իսկ ո՞վ է Սարոյանի իր սիրելի հերոսը: «Երբ ես պատրաստում էի այս ցուցահանդեսը, եւ նաեւ նրա անտիպ ստեղծագործությունների գիրքն էինք պատրաստում, առիթ ունեցա հազարավոր էջեր ընթերցել նրա օրագրից:Նա իր կյանքի մասին մանրամասն գրառումներ ուներ, շատ հետաքրքիր էր կարդալ նրա հաղթանակների, պարտությունների, հաջողությունների ու դժվարությունների մասին: Ու կերպարը, որ ինձ դուր եկավ, հենց Սարոյանն էր»,- եղավ Սկոթ Սեդրակյանի պատասխանը:
«Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը ներկայացնում է Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքներ, գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության եւ արվեստի թանգարանին։
Աշխատանքները հիմնականում ստեղծվել են 1960-1979 թվականներին եւ ընդգրկում են ստեղծման օրը, տարեթիվը, ինչպես նաև տարատեսակ ուշագրավ հեղինակային նշումներ: Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց, որ խորհրդանշական է, որ հենց այս թանգարանում են մեկնարկում Սարոյանական միջոցառումներ, որտեղ ոչ միայն պահվում է Վիլյամ Սարոյանի արխիվային հավաքածուն, այլեւ 60 տարի առաջ Սարոյանը եղել է Գրականության եւ արվեստի թանգարանում ու ասել, որ սա գանձերի պահպանման իրական հաղթանակ է: Այն ժամանակ նրան ուղեկցել է Վահագն Դավթյանը, որն էլ հետո Սարոյանին բնորոշել է որպես բարի հսկա:
Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը․ մուտքը՝ ցուցադրության տոմսով։ Նշենք, որ սեպտեմբերի 5-ից ԳԱԹ-ն իր դռները նորովի կբացի հանրության առաջ՝ նոր ցուցասրահով և նոր ձևաչափով։
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
100-ամյակին հաշված օրեր են մնացել. Սեպտեմբերի 30-ին Հենրիկ Մալյանը կդառնա 100-տարեկան. Լուսանկարներ
Հայ երաժիշտը դարձել է «Տարեշրջանի դաշնակահար»․ Լուսանկար
Գրքի փառատոն Երևանում․ Սարոյանը, չպոեզիան, նոր գրքերն ու պատերազմը