08/09/2025

Պաշտպանության նախարար աշխատած ժամանակ Փաշինյանին խաբել «բաշարած» գեներալը

Հայրենափրկչության կուրս վերցրած, իրենց քաղգործիչ, կուսգործիչ հռչակած որոշ սուբյեկտներ, ինչպես նրանց ղեկավարած ուժերի հաշվետվություններն են ցույց տալիս, չեն կարողանում նույնիսկ մի կուսակցություն պահել՝ ֆինանսական մուտքեր ապահովելով։

Ուր մնաց թե իշխանափոխություն անել կարողանան, առավել ևս՝ «երկիր փրկել»։

Մասնավորապես 2016-ից գործող «Համախմբում» կուսակցության 2024 թվականի տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելուց հետո մեզ համակեց կարեկցանքը և անհագ ցանկություն առաջացավ հանգանակություն կատարել՝ կուսակցությանը նվիրաբերելով մի քանի հազար դրամ։

Որ գոնե ձևի համար հաջորդ տարվա հաշվետվության մեջ, գրողը տանի, թի՜վ նշված լինի։ Այս կուսակցության ղեկավարը, ինչպես գիտենք, Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքների սպասարկումը ստանձնած, Հայաստանին սպառնացող «արմագեդոնի» «դեմը» ֆեյսբուքյան ստատուսներով կամ տեսաուղերձներով «առնող», Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն է։

Ինչն է ուշագրավ՝ կուսակցության 2024 թ․ հաշվետվության մեջ միայն մեկ նշում կա՝ հաշվետվության «Ղեկավար անձնակազմ» բաժնում՝ «Վարդան Մինասի Օսկանյան, արական, պաշտոնը ստանձնելու տարեթիվը՝ 25/07/2016 թ․»։

Որևէ վճար՝ նվիրատվություն, մուտքի վճար, անդամավճար, անշարժ գույքի կառավարումից մուտքեր և այլն, հաշվետվության մեջ բացակայում են։

Նույն «թշվառ, անտեր» վիճակն էլ մեկ տարի առաջ օգոստոսի 23-ին՝ ՀՀ Անկախության հռչակագրի օրը պետական գրանցում ստացած ու այդ փաստի առթիվ մի կուշտ պարծեցած, Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հաշվետվության դեպքում է։

ՌԴ-ում արդեն մի քանի տարի ծվարած ու ռուսական ռադիոալիքներից մեկի («Ռադիոզվեզդա») մշտական հյուրը դարձած, մեկումեջ էլ «վայեննի» նախշերով շապիկով ֆեյսբուքյան եթեր մտնող ու «երԳիր փրԳող» Արշակ Հենզրիկովիչը, փաստորեն, բիզնեսի տեր է, բայց սեփական կուսակցության համար ֆինանսական հոսքեր չի կարողացել ապահովել։ Գոնե սեփական միջոցներից մի քանի հարյուր հազար դրամ տար իր քաղկառույցի անդամներից մեկին՝ կուսակցությանը նվիրատվության կարգով փոխանցելու համար։

Պաշտպանության նախարար աշխատած ժամանակ ՀՀ վարչապետին խաբել «բաշարած» գեներալը, փաստորեն, չի «բաշարել» նման տրյուկ անել։

Կուսակցությունը նույնիսկ անդամավճար չի ստացել, ուր մնաց թե՝ դրամական, բնեղենով նվիրատվություններ, վարկեր, փոխառություններ․․․«Զրո»-ների շարք է ամբողջ հաշվետվության մեջ։ Այդ թվանշանը, համաձայնեք, արտահայտում է կուսակցության ղեկավարի ելույթների ու գործունեության ՕԳԳ-ն։

Մեկ այլ՝ ՌԴ-ում «հով ու ապահով» «լռված» քաղգործիչի՝ «ԴԱՀԿ-ի Միհրանի» Միհրան Պողոսյանի ղեկավարած կուսակցության հաշվետվությունը, ի համեմատ նախորդների, ահագին հուսադրող է՝ միլիարդների վրա նստած նախկին պետական ծառայողը, որի գույքի օրինականությունը Գլխավոր դատախազությունը վիճարկում է Հակակոռուպցիոն դատարանում, մոտ երեք միլիոն դրամի շարժ է կարողացել ապահովել կուսակցության համար։

Եվ ուրեմն, նրա ղեկավարած «Հայոց համազգային միասնություն»-ը հաշվետու տարում մասնավորապես 560 հազար դրամ նվիրատվություն է ստացել, որոնք կատարել են ոմն Արման Առաքելյան (160 հազար դրամ) և Հայկ Ստեփանյան (400 հազար դրամ)։ Կուսակցությունն ունեցել է նաև այլ մուտքեր՝ 2 մլն 386 հազար 500 դրամ։

Ընդհանուր մուտքերը կազմել են 2 մլն 946 հազար 500 դրամ։ Նկատենք, որ գրեթե նույնքան էլ կազմվել են կուսակցության ելքերը, այսինքն, որքան գումար 2024-ին մտել է կուսակցության բյուջե, նույնքան էլ դուրս է եկել։

Մասնավորապես Միհրան Սուրենիչի բացած քաղուժը
1 մլն 82 հազար 518 դրամ ծախսել է գույքի վարձակալության վրա, 1 մլն 349 հազար դրամ «փոշիացրել» է աշխատավարձ վճարելով, մոտ 37 հազար դրամ էլ գործուղման նպատակով է ծախսել։

Նկատենք, որ եթե ՀՀՄ-ի և «Համահայկական ճակատ»-ի անդամներից ոմանք ծիկրակում էին ընդդիմադիր ակցիաներին, մասնավորապես մասնակցում Վազգեն Գալստանյանի գլխավորած «սրբազան շարժում»-ին, ապա Օսկանյանի կուսակցության անդամներին, թերևս, չափազանց դժվար է նույնականացնելը՝ (կա՞ն արդյոք այդպիսիք), ուր մնաց թե՝ նրանց որևէ ակցիայի մասնակցած լինելը ֆիքսելը։

Հա, ի դեպ, մի անգամ մեր տեսախցիկը Օսկանյանի ու նրա որդու դեմքը ֆիքսել է հիշյալ շարժման հավաքներից մեկի ժամանակ։ Հարկ է նկատել, որ երբեմնի համախմբումականները դեռ տարիներ առաջ՝ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ՕՐՕ-ի կրած խայտառակ պարտությունից հետո չէին կարողանում կապի դուրս գալ հիպերակտիվ վարքով աչքի ընկնող կուսղեկի հետ։

Ասում են՝ կուսակցության քայքայումը սկսել է այդ ժամանակվանից, ու հիմա, փաստորեն, «Համախմբում»-ից մնացել է միայն անունը։