25/11/2025

Թուրքիան իր արտաքին քաղաքական դիվիդենտներն է  ստանում` ներկայանալով որպես Հայաստանի հետ երկխոսության ջատագով

«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ կրկին հանդիպել»: Թուրք բանագնաց Սերդար Քըլըչն այս գրառմանը կից երկու նկար է հրապարակել՝ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումից, լուսանկարներից մեկում թուրքական պատվիրակության թիկունքին Արարատն է, որը Փաշինյանը համառորեն փորձում է  փոխարինել Արագածով:

Հրապարակ թերթը գրել է․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Էրդողանի հատուկ բանագնացը Մարգարայով Երեւան է հասել: Հայ-թուրքական սահմանային անցակետում նրան իր երիտասարդ գործընկեր Ռուբեն Ռուբինյանն է դիմավորել: Ապա կայացել է ընդունելություն ԱԳՆ-ում: ԱԳՆ շենքից մի փոքր հեռու՝ կառավարության շենքի առջեւ, «Ո՛չ ուրացմանը» վանկարկումներ են հնչել: Լսե՞լ է արդյոք թուրք բանագնացը դաշնակցական երիտասարդների ձայնը, դժվար է ասել:

Մինչեւ Հայաստան ժամանելը թուրք բանագնացն Իգդիրում հայտարարել է, որ հայկական կողմի հետ համատեղ քննարկումներ են իրականացնում. «Մենք կքննարկենք, թե ինչ կարելի է անել ապագայում երկու երկրների, մասնավորապես` այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար»։ Այս համատեքստում Քըլըչը խոսել է «Զանգեզուրի գծի» մասին, ասել, որ այն կարեւորագույն նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ամբողջ Կենտրոնական Ասիայի եւ թյուրքական հանրապետությունների միջեւ կապ ապահովելու համար։ Խոսելով հայկական կողմի դիրքորոշման մասին, որը, ըստ թուրք պաշտոնյայի, «բաց է օգտակար բանի համար», Քըլըչն ասել է, որ մինչեւ որոշակի նախագծերի իրականացումը, անհրաժեշտ է տեխնիկական ուսումնասիրություններ անցկացնել:

Ռուբինյան-Քըլըչ 6-րդ հանդիպման արդյունքներով հայ-թուրքական սահմանի բացումը, իհարկե, չազդարարվեց։ ԱԳՆ-ն հերթական տեքստը հրապարակեց` «քննարկել են, վերահաստատել են, պայմանավորվել են» ոճով։ Օրինակ, արագացնել 2022-ի հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ համաձայնությունը կյանքի կոչելու գործընթացը: Հիմա մենք 2025 թվականում ենք։

Այսինքն՝ 3 տարի շարունակ այս հարցի շուրջ համաձայնում ու պայմանավորվում են՝ այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։

Կամ՝ ջանքեր կգործադրվեն մշակույթի եւ ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություն կստեղծեն։ Այս իշխանությունների որդեգրած քաղաքականության պայմաններում սրա տակ ոչ միայն Թուրքիայի ազդեցության գործակալների նախապատրաստման ռիսկեր կարող ենք տեսնել, այլեւ, այսպես կոչված, պատմաբանների համատեղ հանձնաժողովի գաղափարը կյանքի կոչելու, որին, ինչ խոսք, Փաշինյանը դեմ չի լինի, որը վաղուց լծվել է «պատմական Հայաստանն» իր հորինած ու թուրքական շահերը սպասարկող «իրական Հայաստանով» փոխարինելու գործին։

ԱԳՆ-ն հայտնել էր նաեւ, թե տեխնիկական ուսումնասիրություններ կիրականացվեն Գյումրի-Կարս երկաթուղու եւ էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ, իսկ վերջում շեշտել էր, որ գործընթացը, իբրեւ թե, առանց որեւէ նախապայմանի է շարունակվելու։
«Եկավ փաստելու ընդդիմության ճշմարտացիությունն այն հարցում, որ ի սկզբանե մենք հայտարարում էինք, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսության իմիտացիոն նախապայմաններով։

Թուրքիան առաջին իսկ պահից Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության վերացումը, Հայաստանի ապաշրջափակումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը պայմանավորել է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների ընթացքով, եւ քանի այդ հանձնառությունները կարգավորված չեն, գործնականում ոչինչ չի լինի։ Այսօրվա հաղորդագրությունն ավելի պարզ ձեւով կարելի է ձեւակերպել այսպես․ մենք վերահաստատեցինք այն, ինչը հաստատել էինք մի քանի տարի առաջ, որը մինչեւ հիմա Թուրքիան չի իրականացրել»,- մեզ հետ զրույցում ասում է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով Քըլըչի այցին։

Մանուկյանը հիշեցնում է` երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ լոլոները կրկնվում են 2022-ից, որոնք դեռ այդ ամռանը պետք է կյանքի կոչվեին։ Ինչ վերաբերում է մշակութային ոլորտում համագործակցության մասին հավաստիացումներին, Մանուկյանը հիշում է` այս ամբողջ տարիներին, երբ չեն եղել դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, նմանատիպ գործընթացներ մշտապես եղել են, անգամ «Անուշն» է բեմադրվել Ստամբուլում, գործել են Հայաստան-Թուրքիա վերլուծական տարբեր ֆորմատներ, 2000-ականների սկզբին Ստամբուլի զույգ համալսարանների պատվիրակությունն է եկել ԵՊՀ։

Մեր զրուցակիցը որեւէ արդյունք չի տեսնում, բացի ժպտադեմ Ռուբինյանի ու Քըլըչի լուսանկարից, որից Թուրքիան իր արտաքին քաղաքական դիվիդենտներն է  ստանում` ներկայանալով որպես Հայաստանի հետ երկխոսության ջատագով։ «Թուրքիան շարունակում է Հայաստանի առաջ պահանջ դնել` վերջնական կլուծես Ադրբեջանի հետ հարցերդ, նոր կմտածեմ սահման բացելու մասին»,- շեշտում է Մանուկյանը։