Գրել էինք,որ ՔՊ վարչության ընտրությունը նախորդի պես այս անգամ էլ կարծես թե հարթ չի անցել եւ կեղծիք է տեղի ունեցել. մեր տեղեկություններով՝ հաշվարկի վերջին փուլում պարզվել է, որ ընտրական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել, մինչդեռ իրականում 880 պատվիրակ է գրանցվել։
Հրապարակ թերթը գրել է․ Իհարկե, ՔՊ-ն սրան կտա տեխնիկական խոտան անվանումը, ասելով, որ հաշվարկը օնլայն է իրականացվում, սակայն դա իրավիճակը չի փրկում։ Շուրջ երկու ժամ է՝ ՔՊ-ից տվյալներ չեն հաղորդում, պատգամավորներն էլ ընդհատակ են անցել։
Կեղծիքների մասին կասկածները խորացնում է նաեւ ՔՊ-ի պաշտոնական հաղորդագրությունը.
«ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ»։
Այս տեքստը վկայում է, որ էլեկտրոնային հաշվարկը արժանահավատ չի եղել ՔՊ-ական մեծամասնության համար եւ դրել ձեռքով են հաշվել: Կեղծիքների մասին լուրը ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը այսպես է բնորոշել. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության և Վերահսկող հանձնաժողովի ընտրությունների հետ կապված մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում։
ՔՊ վարչության և վերահսկողի քվեարկության ու հաշվարկի ամեն մի վայրկյանը եղել է ուղիղ եթերում։ Քվեատուփից դուրս եկած յուրաքանչյուր քվեաթերթիկ ցույց է տրվել ուղիղ եթերում։
Քիչ հետո էլ նախատեսվածի պես սքաներով հաշվարկից հետո կիրականցվի քվեաթերթիկների մանուալ (ձեռքով) հաշվարկ, որը ևս ընթանում է ուղիղ եթերում։
Թե ինչպե՞ս էր կարելի այսպիսի թափանցիկությունից հետո Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործություններ գրել, չեմ հասկանում»:
Ուշագրավ է, որ ՔՊ օնլայն հաշվարկի ցուցատախտակին վերջին տվյալներով Փաշինյանի օգտին 826 թիվն է նշված, մինչդեռ պաշտոնապես հայտարարվեց 758: Թե ով է Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործում, կարծում ենք՝ վիճելու կարիք չկա: Եթե ՔՊ-ում արդար-թափանցիկ լիներ գործընթացը, ձեռքով կրկնահաշվարկի կարիք չէր առաջանա։


Բաց մի թողեք
Ովքեր են ՔՊ նախընտրական ցուցակում հայտնված առավելագույն ձայներ ստացած կանայք
ՔՊ 50 առաջատար արդյունքները․ շատ պատգամավորներ, նախարարներ ու մարզպետներ տեղ չեն գտել
Նիկոլ Փաշինյան՝ 894, Սուրեն Պապիկյան՝ 780, Գևորգ Պապոյան՝ 765. քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ստացած քվեների