27/09/2025

Հայկ Սարգսյանը ՔՊ նոր վարչության կազմում չի ընտրվել, կշարունակի՞ ՔՊ-ի հետ մնալ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընտրությունները կայացել են սահմանված կարգով, ձևավորվել է նոր կազմ, և որևէ արտառոց բան չի գրանցվել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով նոր վարչության կազմում չի ընտրվել։

Նրա խոսքով՝ կուսակցության ներսում ընթացել է քարոզարշավ, և պատվիրակները քվեարկել են այն թեկնածուների օգտին, ում ցանկացել են․ «Ընտրությունները եղել են թափանցիկ ու պարզ։ Ինչո՞ւ պետք է հիասթափված լինեմ»։

Այն հարցին, թե հնարավո՞ր է իր անունը դուրս մնա նաև կուսակցությունից, պատգամավորը պատասխանել է․ «Դրանք անհեթեթ տեղեկություններ են, մեկնաբանելու էլ տեղ չունեն։ Իհարկե, շարունակելու եմ ՔՊ–ի հետ ճանապարհը»։

Սարգսյանը նշել է, որ ընդհանուր առմամբ առաջադրվել է 41 թեկնածու, որոնցից ընտրվել է 20-ը։ Ինքը ստացել է բավականին մեծ թվով ձայներ և շնորհակալ է իր կուսակիցներին աջակցության համար. «Մի քանի ձայն պակասել է։ Հավանաբար պատճառը այն է, որ քարոզարշավին միացել եմ ուշ։ Քարոզարշավը մեկնարկել էր սեպտեմբերի 1-ին, իսկ ես ակտիվացել եմ միայն վերջին շաբաթվա ընթացքում»: