Օրեր առաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել էր ՀՀ կառավարության «Ինտերակտիվ բյուջեն» և պարզել, որ այստեղ ներկայացվող տեղեկատվությունը չի արտացոլում բյուջեի կատարման իրական պատկերը։
Ինտերակտիվ բյուջեի միջոցով, նկատենք, քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, ինչպես նաև տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի բարեփոխումները միտված են էլ ավելի թափանցիկ և հաշվետվողական դարձնել ՀՀ կառավարության գործունեությունը», — նշված է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում։
Այսպես, 2025 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ «Ինտերակտիվ բյուջե» բաժնում նշված էր, որ այս տարվա համար նախատեսված 3 տրլն 441 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 223 մլրդ դրամը (մոտ 6․5%)։ Նույն իրավիճակն էր նաև առանձին ոլորտների դեպքում։

Fip.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ այս էջում հրապարակված տվյալները չեն արտահայտում բյուջեի կատարման ներկա ընթացքը, այսինքն՝ ճշգրիտ և արդիական չեն ներկայացված ծախսերը, որոնք կարևոր են հանրության տեղեկացված լինելու համար։
Հաշվի առնելով այս հանգամանքը, գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով պարզաբանել, թե որն է պատճառը, որ բյուջեի իրական ծախսերի ու ինտերակտիվ բյուջեով ներկայացված ցուցանիշների մասով անհամապատասխանություն կա։
Հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը, ընդունելով մեր դիտարկումները, պատասխանել է, որ ինտերակտիվ բյուջեի՝ e-gov.am կայքում հասանելի տվյալների մեջ կատարվել են անհրաժեշտ շտկումները։
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հավաստիացրել են, որ «Ինտերակտիվ բյուջեի նոր մշակված գործիքը ֆունկցիոնալ առումով ավելի արդիական է և գերազանցում է նախորդ տարբերակին»։
«Ինտերակտիվ բյուջեի» նոր տարբերակը փորձարկելու համար անցանք e-gov.am կայքի համապատասխան հղմամբ և հայտնվեցինք Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում։ Այստեղ, սակայն, ներկայացված էր ոչ թե նախկինում e-gov.am-ում հրապարակված ինտերակտիվ բյուջեն՝ պարզ, հասկանալի ու հեշտ ընկալելի վիզուալ տեսքով, այլ նոր՝ «ավելի արդիական» բյուջեն՝ ըստ գերատեսչական դասակարգման, ըստ ֆունկցիոնալ բաժինների, խմբերի, դասերի, ծրագրերի, ինչպես նաև ըստ տնտեսագիտական դասակարգման։

Այսպիսով, e-gov.am-ում ներկայացված/վիզուալիզացված ինտերակտիվ բյուջեի թվային ցուցանիշներն ուղղելու կամ թարմացնելու փոխարեն, վարչապետի աշխատակազմը գնացել է բյուջեի «ավելի արդիական և նախորդ տարբերակին գերազանցող» բյուջեի ներկայացման ճանապարհով, որն առաջին հայացքից ավելի դժվար հասանելի ու հասկանալի կարող է լինել շարքային քաղաքացու համար։
Գայանե Մարկոսյան
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի