15/10/2025

Օնիկ Ախվերդյանը՝ Փարաքար համայնքի նոր ղեկավար. Ինչ է հայտնել նա ու Մանե Թանդիլյանը․ Լուսանկար

Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Օնիկ Ախվերդյանը:

Համայնքի ղեկավար ընտրելու նպատակով հրավիրվել էր Փարաքար համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ կայացել է քվեարկությունը:

Հոկտեմբերի 2-ին համայնքի ավագանին արտահերթ նիստ էր գումարել, որոշել, որ հոկտեմբերի 7-ին նոր ընտրություն է լինելու:

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, որը ոստիկան էր, սպանվել են: Մեկ անձ էլ վիրավորում էր ստացել: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ի կեսգիշերին: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վերջիններիս սպանել և վիրավորել է 20-ամյա Գևորգ Հարությունյանը, որը կալանավորվել է: Ըստ իրավապահների՝ նրան այս գործում օժանդակել է Նարեկ Օհանյանը, որը ևս կալանավորվել է: Նարեկ Օհանյանը փետրվարին Մերձանավում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Մեղադրյալ Գևորգ Հարությունյանն իր ցուցմունքներում պնդել է, որ վրեժխնդրությունից դրդված է գնացել այս քայլին:

Փարաքարի նորընտիր ղեկավար Օնիկ Ախվերդյանը, մեկնաբանելով իր ընտրությունից հետո լրագրողների հարցերը, նշեց, որ այժմ չի մտածում ոչ մի անձնական հարցի կամ տագնապի մասին, քանի որ կորցրել է իր մտերիմ ընկերոջը։

Լրագրողի հարցին՝ արդյոք համայնքապետի պաշտոնը չի համարվում «խնդրահարույց», քանի որ նախորդ ղեկավարները դժվարությամբ են հեռացել այդ դիրքից, Ախվերդյանը պատասխանեց․ «Ոչ մի ներքին անհանգստություն չունեմ։ Ես կորցրել եմ իմ մտերիմ ընկերոջը, և դա հիմա ամենակարևորն է ինձ համար»։

Փարաքարի համայնքապետի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում Մանե Թանդիլյանը անդրադարձել է Վալոդյա Գրիգորյանի սպանությանը՝ ընդգծելով, որ միայն սպանություն կատարողին գտնելը դեռ չի նշանակում ամբողջ հանցագործությունը բացահայտված է։

Թանդիլյանի խոսքով՝ պայքարը շարունակվելու է մինչև վերջ, և բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն ունեն այս հանցագործության հետ՝ լինի դա լռությամբ, անգործությամբ կամ աջակցությամբ, պատասխանատվությունից չեն խուսափելու։
«Ժամանակը այստեղ նշանակություն չունի․ այսօր լինի թե վաղը, բոլորը պիտի պատասխան տան։ Այդպիսի մարդու կյանքը ընդհատելը աններելի է, և նրանք չեն կարող դա մարսել»,– նշեց նա։

Նա նաև ընդգծեց, որ Վալոդյա Գրիգորյանի հիշատակը շարունակում է ապրել Փարաքարի համայնքում. «Նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ Փարաքարը շարունակելու է զարգանալ նաև նրա անվան ներքո»։