26/10/2025

ԱՄՆ նախագահը «կդավաճանի՞» հավաքական Եվրոպային, եթե արդեն իսկ չի դավաճանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում են վերջ դնել հակամարտությանը։

«Կարծում եմ՝ Պուտինը ցանկանում է, որ սա դադարեցվի։ Կարծում եմ՝ Զելենսկին ևս ցանկանում է, որ սա դադարեցվի։ Եվ կարծում եմ՝ այն կդադարի», ասել է նա և հավելել, որ Ուկրաինայում հրադադարի հնարավորություն կա։

Դոնալդ Թրամփը կրկին նշել է, որ ուկրաինական հակամարտությունը նախկինում կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, իսկ այժմ նման սպառնալիք չկա։

Սամարղանդում կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի նիստը: ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնվել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին ելույթի հիմնական թեզերը:

Գործակալությունը դրանք հրապարակել է Բուդապեշտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների սպասվող հանդիպման մասին տեղեկությունների ֆոնին, ինչն արդեն իսկ քարոզչական առումով ուշագրավ է:

Նարիշկինը հետխորհրդային տարածքի երկրների գործընկերների ուշադրությունը սրել է երկու առանցքային երևույթի վրա: Նա խոսել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ռազմական ծախսերի կտրուկ ավելացման և մարդկային ռեսուրսների հավաքագրման և ծավալվող «ռուսատյաց քարոզչության» վրա:

Այդուհանդերձ, Նարիշկինը տեսակետ է հայտնել, որ եվրոպացի գործիչները «վստահ չեն, որ Ռուսաստանի հետ ռազմական ուղղակի բախման դեպքում Միացյալ Նահանգները կկատարի ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածով ստանձնած պարտավորությունները»:

Ըստ երևույթին, առկա իրավիճակում դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից քաղաքական ղեկավարությանը տրվող գլխավոր խորհրդատվությունն է և այդ թեզի վրա է կառուցված նաև Ուկրաինայում պատերազմը շարունակելու որոշումը:

Ռուսաստանյան մամուլը ոգեւորվածությամբ է խոսում Թրամփ-Զելենսկի բանակցությունների «կատարյալ ձախողման» և ուկրաինական կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման «կտրուկ փոփոխության» մասին: Փորձագետներից մեկը նույնիսկ հպարտությամբ արձանագրել է, որ Պուտինի «մեկ հեռախոսազանգը Վաշինգտոնում ռազմավարական որոշումներ է փոխում»:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահը դարձյալ առկախել է Ռուսաստանի նկատմամբ «դժոխային պատժամիջոցներ սահմանող» բանաձեւի քվեարկությունը: Ամերիկյան մամուլը տպավորություն ունի, որ Թրամփը Պուտինին «ևս մեկ հնարավորություն է տալիս, որպեսզի նա համաձայնի Ուկրաինայում կրակի դադարեցման Վաշինգտոնի առաջարկին»:

Բայց որքանով հասկացվում է Կրեմլի խոսնակ Պեսկովի մեկնաբանությունից, զորքերի շփման ներկայիս գծով հրադադարի հաստատումը Պուտինի համար ընդունելի չէ: Ռուսաստանը գլոբալ առումով ձգտում է եվրո-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի փլուզմանը:

ԱՄՆ նախագահը «կդավաճանի՞» հավաքական Եվրոպային: Եվ եթե դա տեղի ունենա, ապա ի՞նչ սահմաններ կունենա Ուկրաինան, հետխորհրդային տարածքն առհասարակ: