26/10/2025

Կոբախիձեն ափսոսանք է հայտնել իր երբեմնի զինակից, նախկին վարչապետի հետ կատարվածի համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ափսոսանք է հայտնել իր երբեմնի զինակից, իրավանախորդ՝ երկրի կառավարության նախկին ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կատարվածի համար։

«Տեղի ունեցածը խորն ափսոսանք է հարուցում։ Ես չեմ ցանկանում որևէ այլ մեկնաբանություն անել այս հարցի վերաբերյալ»,-ասել է նա։

Կոբախիձեն այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով Ղարիբաշվիլիի հարցաքննության վերաբերյալ լրագրողների հարցերին։

Նա նշել է, որ 2024 թվականի փետրվարի 8-ին վարչապետ նշանակվելուց ի վեր կառավարությունը գործել է լիակատար թափանցիկության մթնոլորտում։

Կոբախիձեն հավելել է, որ չի պատրաստվում որևէ մեկնաբանություն անել այս հարցի վերաբերյալ և կոչ է արել լրագրողներին իրենց հարցերն ուղղել համապատասխան մարմիններին։

Հիշեցնենք՝ Ղարիբաշվիլին նախորօրեին հարցաքննվել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն վարչության կողմից։

Նա խոստովանել է, որ մի քանի տարի շարունակ անօրինական եկամուտ է ստացել։

Մինչ այդ էլ նրա տանը կատարված խուզարկությամբ խոշոր կանխիկ գումարներ և թանկարժեք զարդեր էին հայտնաբերվել: