26/10/2025

Բուդապեշտի հանդիպումը չեղարկվեց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Բուդապեշտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը:

Այս մասին նա հայտարարել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք չեղարկեցինք նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Պարզապես չէի կարծում, որ այն ճիշտ է։ Մենք չէինք հասնի այն արդյունքին, որը մեզ անհրաժեշտ էր։ Այդ պատճառով ես չեղարկեցի այն։ Բայց հանդիպումը կկայանա ապագայում», – ասել է Թրամփը։

Նա նշել է, որ Պուտինի հետ իր զրույցները միշտ «լավ են ընթանում, բայց դրանք չեն հանգեցնում կոնկրետ արդյունքների»։ Ըստ Թրամփի՝ «Պուտինը ցանկանում է ամեն ինչ մեկ կտորով, ոչ թե մաս-մաս» և ներկայումս «պատրաստ չէ բանակցել»։

Ամերիկացի նախագահը նաև հույս է հայտնել, որ «Պուտինը ավելի խելամիտ կդառնա, և Զելենսկին, հուսով եմ՝ նույնպես», հավելելով. «Բանակցելու համար երկուսն են պետք»։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով, Ռուսաստանը և Ուկրաինան պետք է ամրապնդեն իրենց ներկայիս դիրքերը ճակատում և դադարեցնեն ռազմական գործողությունները։

Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են հանդիպում անցկացնել Բուդապեշտում։ Սակայն ճշգրիտ ամսաթիվ չի նշանակվել։

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 21-ին, Financial Times-ը և The Telegraph-ը հայտնել են, որ գագաթնաժողովը չեղարկվել է, իսկ որոշումը կայացվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում են ավարտել հակամարտությունը։

Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը՝ հնդկական Դիվալիի տոնին նվիրված միջոցառման ժամանակ։ «Կարծում եմ, որ Պուտինը ուզում է ավարտել պատերազմը։ Ես կարծում եմ, որ Զելենսկին էլ է դա ուզում։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը՝ խոսելով Ուկրաինական պատերազմն ավարտելու հեռանկարների մասին։ Նա վերստին վստահություն է հայտնել, որ Ուկրաինական հակամարտությունը կարող էր պատճառ դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի։ Սակայն հիմա նման սպառնալիք չկա։