28/10/2025

ԱԺ պատգամավոր Մանավազյանի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, ուղարկել է մորը, ռեկտորն էլ ազատել է աշխատանքից

ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանին ազատել են աշխատանքից:

Նա իր էջում գրառում էր արել. «Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձանից անկախ պատճառներով այլևս չեմ կարող դասավանդել ԵՊՀ-ում։ Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»։

Պարզվեց, որ խոսքն այն մասին է, որ ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանի առաջին կուրսեցի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, որն իր կարծիքով` ոչ պատշաճ օրինակ է գրել գրատախտակին, ուղարկել է մորը, մայրն էլ երեւի ԵՊՀ ռեկտորի միջոցով դասախոսին ազատել է տվել աշխատանքից:
Իհարկե, այս ազատումը միանգամայն ապօրինի է, որովհետեւ Աշխատանքային օրենսգիրք կա եւ մարդուն չեն կարող նման կամայականության արդյունքում ազատել աշխատանքից եւ մենք կարծում են` Սահակ Մուրադյանը պետք է դիմի դատարան եւ վերականգնվի աշխատանքում: Բայց այստեղ առավել ուշագրավ է խնդրի բարոյական կողմը:

Երկրի վարչապետը թաքուն հոգեւորականների է նկարել տալիս ու տարածում, իր թիմակից պատգամավորների հեռախոսներն է փորփրում, կոմպրոմատներն է հավաքում իր հակառակորդների վրա, ուստի բոլորովին արտառոց չէ, որ այս մթնոլորտում ապրող ՔՊ-ականների զավակներն էլ արդեն 18 տարեկանում պետք է «գործ տվող» ու մատնիչ դառնան եւ իրենց դասախոսներին թաքուն նկարահանեն ու աշխատանքից ազատել տան:

Ուղղակի զարմանում ես` ի՞նչ տեսակի կին, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, մայր պետք է լինի այս պատգամավորը, որ չհասկանա` սրանով առաջին հերթին իր զավակին է վնասում: Սրանից հետո ինչպե՞ս է 4 տարի իր աղջիկը սովորելու համալսարանում` ինչպես է մտնելու լսարան, ինչպես է շփվելու իր համակուրսեցիների հետ, նրան ինչպես են վերաբերվելու Մանուկյանի կոլեգաները` դասախոսները: Այս մասին տիկին Մանավազյանը մտածե՞լ է արդյոք: