29/10/2025

Ադրբեջանում ցնծում են․ Փաշինյանի նոր առաջարկը կրճատում է ճանապարհը Թուրքիայի հետ

Ի պատասխան Ադրբեջանի՝ Կենտրոնական Ասիայից եւ Ռուսաստանից Հայաստան եկող բեռների համար տարանցիկ ճանապարհ բացելու որոշման, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց Թբիլիսիում, ապա հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է Բաքվին նմանատիպ հնարավորություններ առաջարկել։

Թեման լայնորեն լուսաբանվում է ադրբեջանական մասմեդիայում, որտեղ գրում են, թե, ըստ Փաշինյանի, Հայաստանը պատրաստ է բեռնափոխադրման ճանապարհ բացել Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակը։

Մասնավորապես, Փաշինյանն առաջարկել է օգտագործել Ալիջան-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղին՝ ընդգծելով, որ այս փուլում սա միակ իրատեսական տարբերակն է։ Ակնհայտ է, որ Թրամփի ուղին՝ Սյունիքի կամուրջը, դեռ աշխատանքներ է պահանջում, եւ այդ շինարարությունն էլ արագ չի լինի, ուստի Փաշինյանը շտապում է եւ այլ ուղիներ է առաջարկում Ադրբեջանին։

Ադրբեջանական իշխանամերձ կայքերից մեկը՝ Հաքին.ազ-ը, անդրադառնալով թեմային, գրում է. «Այնուամենայնիվ, այս առաջարկի իրականացումը բախվում է ակնհայտ խոչընդոտների։ Որպեսզի երթուղին գործարկվի, սահմանային անցակետերը պետք է բացվեն ինչպես Թուրքիայի եւ Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Հայ-թուրքական սահմանին գտնվող Ալիջան անցակետը (Մարգարան՝ հայկական կողմից) փակ է 1993 թվականի մարտից։

Չնայած Անկարայի եւ Երեւանի միջեւ շարունակվող կարգավորման գործընթացին, թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ սահմանը չի բացվի, մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը»։

Ըստ այս պաշտոնական պարբերականի, «2022 թվականից ի վեր Փաշինյանը բազմիցս առաջ է քաշել Ադրբեջանի հետ երեք սահմանային անցակետեր ստեղծելու նախաձեռնություններ՝ Քելբաջարի (Սոթքի անցակետ), Սադարակի (հայերեն՝ Սադրուք, Նախիջեւանում – խմբ.) եւ Գուբադլիի (Էյվազլիի անցակետ) ուղղությամբ։ Սակայն Բաքուն իր ջանքերը կենտրոնացրել է «Զանգեզուրի միջանցքի» վրա եւ անտեսել է այդ նախաձեռնությունները»։

«Այսօր երկու կողմերի առաջնահերթությունները տեղափոխվել են, այսպես կոչված, Թրամփի ուղի, որի գործարկումը, նախնական գնահատականներով, կտեւի առնվազն երկու տարի։ Ինչպես նախկինում հաղորդվել էր, Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների շինարարությունը «Զանգեզուրի միջանցքի» իր հատվածում։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։ Ինչ վերաբերում է Հայաստանով անցնող 43 կիլոմետրանոց հատվածին, ապա աշխատանքները դեռեւս չեն սկսվել։ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ այս երթուղու կառավարման մեխանիզմների վերաբերյալ բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ շինարարությունը, հավանաբար, կսկսվի միայն համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո»,- գրում է իշխանամետ կայքը:

Բացի այդ, հոդվածում պնդում կա, թե ««Զանգեզուրի միջանցքը», ներառյալ դրա հայկական հատվածը՝ Թրամփի ուղին, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ամենակարճ ցամաքային ճանապարհն է։ Սակայն դրա իրականացումը պահանջում է ժամանակ եւ քաղաքական կամք։ Փաշինյանի առաջարկած երթուղին ավելի երկար է, բայց պոտենցիալ պատրաստ է օգտագործման. եթե Թուրքիան բացի Ալիջանի անցակետը, իսկ Ադրբեջանը բացի Հաքարի գետի վրայով Լաչինի (հայկական օկուպացված Բերձորի – խմբ.) ուղղությամբ կառուցված կամրջի վրա գտնվող սահմանային անցակետը, որը կառուցվել է 2023 թվականին, այս երթուղով երթեւեկությունը կարող է սկսվել մի քանի օրվա ընթացքում»,- գրում է ադրբեջանական ԶԼՄ-ն։

«Գործնական տեսանկյունից, Հայաստանով անցնող երթուղին շատ առավելություններ կարող է ունենալ։ Ներկայում թուրքական բեռներն Ադրբեջան են մատակարարվում Տրապիզոն-Թբիլիսի-Ղազախ-Բաքու երթուղով, որը մոտավորապես 1200 կիլոմետր երկարություն ունի։ Դրանից մոտավորապես 430 կիլոմետրը Տրապիզոնի եւ Թբիլիսիի, 260-ը՝ Թբիլիսիի եւ Ղազախի, իսկ 500-ը՝ Ղազախի եւ Բաքվի միջեւ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի առաջարկած երթուղին գրեթե կիսով չափ երկար է. Ալիջանից մինչեւ Երեւան մոտավորապես 15 կիլոմետր է, Երեւանից մինչեւ Գորիս՝ մոտավորապես 190 կիլոմետր, իսկ Լաչինից մինչեւ Բաքու՝ եւս 420 կիլոմետր։ Ընդհանուր առմամբ, սա մոտավորապես 630 կիլոմետր է։ Այսպիսով, նոր երթուղին կլինի վրացական ներկայիս երթուղու կեսը, ինչը կարող է զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը եւ առաքման ժամանակը»։

«Երեւանի գլխավոր նպատակն է՝ խրախուսել Թուրքիային՝ բացել Ալիջանի սահմանային անցակետը»,- ընդգծում է հոդվածագիրը: «Հաշվի առնելով, որ Զանգեզուրի միջանցքը եւս 130-140 կիլոմետրով կարճ կլինի, քան Հայաստանով անցնող երթուղին, պարզ է դառնում, թե որքանով կարող է դրա գործարկումը զգալիորեն նվազեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բեռնափոխադրումների արժեքը։

Սա, ի վերջո, ամբողջ Միջին միջանցքը՝ Չինաստանից մինչեւ Եվրոպա, կդարձնի ամենակարճ եւ ամենաարդյունավետ ցամաքային երթուղին։ Զանգիլան-Գուբադլի-Լաչին նոր մայրուղու շինարարությունը մոտենում է ավարտին, եւ բազմաշերտ Հորադիզ-Զանգիլան մայրուղին գրեթե պատրաստ է։ Չնայած նոր ճանապարհները դեռեւս չեն բացվել երթեւեկության համար, հին երթուղիները շարունակում են լիովին գործել, իսկ Լաչինից Բաքու բեռնափոխադրումներն անարգել են։ Միակ հարցն այն է, թե որքանով է Ադրբեջանը հետաքրքրված Հայաստանի նախաձեռնության իրականացման հարցում»,- եզրահանգում է հոդվածագիրը։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած պայմանավորվածություններից հետո Հարավային Կովկասում նոր առեւտրային եւ տնտեսական հնարավորություններ են բացվել՝ կարծում են Ադրբեջանում։ «Բացելով իր տարածքով Հայաստան ուղեւորվող բեռների տարանցիկ ուղի՝ Ադրբեջանը փաստացի առաջին քայլն է արել՝ դեպի տնտեսական համագործակցություն Երեւանի հետ»,- համոզված են Բաքվում: «Իր հերթին, Հայաստանն առաջարկում է Գորիսի երթուղին օգտագործել որպես ժամանակավոր լուծում, մինչեւ համաձայնագրի կնքումը»,-եզրափակում է Հաքին.ազ-ը։