Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 10 օր է՝ տնային կալանքի տակ է։ Նա չի ընդունում իրեն վերագրվող հանցանքները։ Վարուժան Ներսիսյանի փաստաբան Սերգեյ Մարաբյանը վստահեցնում է, որ բոլոր գործընթացները՝ աճուրդներ, հողերի օտարում, օրենքով սահմանված կարգով են իրականացվել։
Հրապարակ թերթը գրել է․ Ներսիսյանին մեղադրում են փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նա հողերի օտարման, աճուրդների անցկացման ընթացքում ապօրինություններ է գործել, իսկ որդին օժանդակել է հորը։ Նաիրի Ներսիսյանն ազատության մեջ է, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, վարչական հսկողություն է կիրառվել։
«Ես չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել, քանի որ նախաքննություն է ընթանում։ Կարող եմ միայն ասել, որ հող է օտարվել, եւ ներկայացվում է, որ օտարման պրոցեսն ապօրինի է եղել։ Իր անունով է հողը ձեւակերպել, եւ սա ներկայացվում է որպես դիրքի չարաշահում, փողերի լվացում։ Բայց Վարուժան Ներսիսյանը ժխտում է, պնդում է, որ ամբողջն օրինական գործընթաց է եղել։ Գործարքների մեկնաբանման խնդիր է»,- ասում է Սերգեյ Մարաբյանը։
Նախկին քաղաքապետի դեմ սա արդեն երկրորդ հակակոռուպցիոն վարույթն է։ Առաջինը՝ նույն մեղադրանքով, դատարանում է։ Ըստ փաստաբանի, նոր մեղադրանքը կապված է հնի հետ, եղած վարույթի ընթացքում նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք նոր վարույթի հիմքում են դրվել։
Իջեւանում կարծում են, որ ՔՊ-ականները, ամենայն հավանականությամբ, ուզում են «փայ պոկել» Ներսիսյանների անշարժ գույքից, որի վարձակալությունից ստացված եկամուտներով նրանք ապրում են։ Ասում են նաեւ, որ Վարուժան Ներսիսյանն առանձնապես սիրված քաղաքապետ չի եղել, եւ հիշում են, որ քաղաքապետ եղած ժամանակ համայնքի հողերը բաժանել է մասնավոր ընկերություններին։
Մասնավորապես, իջեւանցիների սիրած զբոսավայրը՝ քաղաքի հարավային մուտքի մոտ գտնվող «Սպիտակ ջուր» գետի վրա կառուցված ջրամբարը, 40 տարով անհատույց օգտագործման է տվել «Իջեւան տուրիզմ ընդ բիզնես» ՍՊԸ-ին, որը հաջորդ քաղաքապետի՝ Վարդան Ղալումյանի օրոք դատական կարգով վերադարձվեց քաղաքին։







Բաց մի թողեք
21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. Լուսանկար
Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. Լուսանկար
Հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում»