Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին: «Անադոլուն» հայտնում է, որ բանակցություններն ընթացել են ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների կազմով ձևաչափերում, որից հետո Էրդողանը և Մերցը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Եթե համադրենք Թուրքիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հրապարակային հայտարարությունները, ապա կունենանք այսպիսի մոտավոր պատկեր: Էրդողանը պատրաստակամություն է հայտնում ներգրավվել Եվրոպայի անվտանգության «նոր ճարտարապետությանը»՝ ներդնելով թուրքական ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունները, փոխարենն ակնկալում է Եվրամիությանն անդամակցություն, Եվրոպայում թուրքական և առհասարակ իսլամադավան համայնքների իրավունքների ապահովում:
Էրդողանը նաև նախապայմաններ ունի ռուս-ուկրաինական կարգավորման հարցում, որտեղ գերադասում է Պուտինը «կոշտուկները չտրորել», ինչպես նաև հույս է պահում, որ Եվրոպան և Գերմանիան մասնավորապես կսատարեն իսրայելա-պաղեստինյան կարգավորման «երկու պետություն» սկզբունքին:
Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլերին, ապա նա գոնե հրապարակային հայտարարության մակարդակում ընդունում է, որ Եվրոպայի անվտանգությանն ապահովմանը Թուրքիայի մասնակցությունը «անհրաժեշտություն է», ակնարկում է, որ թուրքական ռազմաարդյունաբերությունը կարող է եվրոպական պատվերներ ստանալ, աջակցում է Անկարայի ռազմա-տեխնոլոգիական նորացման քաղաքականությանը և Թուրքիային «տեսնում Եվրամիության կազմում»:
Ինչպես պարզ հասկացվում է Գերմանիայի կանցլերի դիտարկումներից, նա Թուրքիայի նախագահի հետ առնվազն երեք հարցում տարակարծիք է. Մերցը չի անդրադարձել Գերմանիայի և առհասարակ Եվրոպայի թուրքական և իսլամադավան «համայնքների» թեմային, չի խոսել ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան կարգավորման մասին: Այլ աղբյուրների տեղեկություններով, Մերցը և Էրդողանը «հայտարարի չեն եկել ՀԱՄԱՍ-ի գնահատման հարցում»:
Դա նշանակում է, որ Գերմանիան Գազայի ապագան տեսնում է առանց ՀԱՄԱՍ-ի, իսկ Թուրքիան՝ շարունակում պնդել, որ պաղեստինյան այդ կազմակերպությունը պետք է ապագա անկախ Պաղեստինի «քաղաքական համակարգի մաս կազմի»: Գերմանիան, երևում է, չի կիսում նաև ուկրաինական կարգավորման հարցում Թուրքիայի «հարաբերական չեզոքությունը»:
Դիտարժան է, որ երկու օր առաջ Թուրքիա է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Այդ բանակցությունների մասին տեղեկատվությունը նկատելիորեն գործնական է:
Կողմերը քննարկել են ռազմական երկկողմ համագործակցության հարցեր: Արևմտյան լրագրողներից մեկը նույնիսկ «կատակել է», որ Լոնդոնը և Անկարան «ՆԱՏՕ-ի կազմում առանձին առանցք են ստեղծում»: Եվրամիություն-Թուրքիա անվտանգային «սիներգիան», այդուհանդերձ, հնարավոր չէ առանց Ֆրանսիայի մասնակցության:
Ծրագրվո՞ւմ է, արդյոք, Էմանուել Մակրոնի Անկարա այցը: Գուցե պատահական զուգադիպություն է, բայց, այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ Գերմանիայի կանցլերի Անկարայում գտնվելու ժամերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:






Բաց մի թողեք
ԵՄ-ն վերազինում է, իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը
Ի՞նչ նպատակ են հետապնդում ներքաղաքական «անդրկուլիսյան բեմադրությունները»
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության «Համակարգող խորհրդը» ՌԴ ԱԴԾ գործակալներ են