Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ի նիստում, ինչպեսեւ սպասվում էր, որոշեց չեղյալ համարել ՀԷՑ-ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայ եկեղեցու պաշտպանության օգտին խոսելու համար։ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն անմիջապես հայտարարեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու կամ պետականացնելու գործընթաց սկսելու մասին։
Հետագայում ՀԷՑ-ի կառավարիչ նշանակվեց ՊՎԾ տնօրեն Ռոմանոս Պետրոսյանը, Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություն իրականացրին, որ ՀԷՑ-ի հետ կապված որոշումները միանձնյա ՀԾԿՀ նախագահն ընդունի։
Հետո արդեն հայտարարեցին, որ եթե մեծ ծախսերի հետ կապված չլինի, ՀԷՑ-ը կա՛մ կպետականացնեն, կա՛մ կմասնավորեցնեն՝ որեւէ այլ, գուցե միջազգային ընկերության վաճառելով, որի կառավարմանը մասնակցություն կունենա նաեւ ՀՀ կառավարությունը։ Այնպես, ինչպես ԶՊՄԿ-ի, «Լիդիանի» կամ «Վիվասելի» մեջ կառավարությունը «փայ մտավ»։
Միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանեց, որ այս խնդիրն ավելի շատ իրավական տիրույթում է, քանի որ այստեղ փորձ է արվում գողանալու ուրիշի գույքը։ «Տարբերակներից մեկն այն է, որ «Տաշիր գրուպին» լիցենզիայից զրկելուց հետո կստեղծեն մի կառույց, որին կտան լիցենզիա եւ կփորձեն այդ կառույցով ղեկավարել ուրիշի սեփականությունը։ Սա նշանակում է, որ փորձում են օրինական միջոցներով ուրիշի սեփականությունը գողանալ»,- ասաց Մանվելյանը։ Իշխանությունների արած հայտարարությունը, թե ՀԷՑ-ը կարող են վաճառել այլ ընկերության, արդյո՞ք իր մեջ էներգետիկ ու նաեւ ազգային անվտանգային մարտահրավերներ չի պարունակում։ Մանվելյանն ասաց, որ ՀԷՑ-ն այլ ընկերության վաճառելը բավականին բարդ խնդիր է, որովհետեւ կա Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը, եւ ոչ մի միջազգային ընկերություն կամ կառույց երբեք գումար չի դնի ու չի գնի ՀԷՑ-ը։
«Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշում կա, որ սա ուրիշի սեփականությունն է՝ նրանից անօրինական ձեւով բռնազավթված։ Քանի դեռ այս որոշումը կա, ոչ ոք ոչ մի ներդրում չի անի Հայաստանում, հատկապես՝ ՀԷՑ-ի ուղղությամբ»,- ասաց փորձագետը։ Իսկ արբիտրաժային դատարանի որոշումը հետ կպահի՞, օրինակ, թուրքական կամ ադրբեջանական հիմք ունեցող որեւէ ընկերության՝ գնել ՀԷՑ-ը։ Ասաց, որ եթե չկա քաղաքական նպատակ, այլ միայն տնտեսական է, ապա դժվար կլինի ՀԷՑ-ին գնորդ գտնելը, սակայն քաղաքական որոշման դեպքում չի բացառվում, որ այն կարող են գնել հենց քաղաքական նպատակներով։ Իսկ ՀՀ քաղաքացիները որեւէ խնդրի պարագայում ո՞ւր պիտի դիմեն։ Մանվելյանը նշեց, որ եթե անգամ մասնավորեցվի օտար կազմակերպության, ամենայն հավանականությամբ, որեւէ մեկին կնշանակեն պատասխանատու, սակայն այլ՝ ավելի վտանգավոր սցենար էլ է քննարկվում․ ընկերությունը ոչ թե ամբողջական, այլ մաս-մաս վաճառել։
«Չեմ կարող պնդել, բայց, որքան հասկանում եմ, իրենց նպատակն է ՀԷՑ-ը բաժանել մասերի՝ մաս-մաս վաճառել, ներքին ինչ-որ գնորդներ գտնել։ Դա շատ վտանգավոր է էներգետիկ անվտանգության տեսակետից»,- նկատեց Մանվելյանը։
Ստացվում է, որ ոչ միայն սպառողը նորմալ էլեկտրաէներգիա չի ստանա, այլեւ ազգային անվտանգային խնդրի առաջ էլ կարող ենք կանգնել։ «Սա էներգետիկ անվտանգությունը վտանգելու փորձ է, իսկ եթե ՀԷՑ-ը մասերի բաժանեն, համոզված եմ՝ վաղ թե ուշ, դա բերելու է գների բարձրացման»։






Բաց մի թողեք
24 տարի բերդում անցկացնելուց հետո կրկին կալանավայրում է հայտնվել․ Լուսանկար
Անհամբեր սպասում եմ, թե ինչ է որոշելու նույն առաջին ատյանի դատարանը մեր գործով
Նախընտրական ներկայացումների թատերաշրջանը հայտարարվում է բացված