Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրերս պատրաստակամություն է հայտնել՝ մասնակցել բաց, չմոնտաժված հարցազրույցի ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագիրների կամ նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա հայտնել է Տելեգրամում հրապարակված տեսանյութում։
Սիմոնյանը նշել է, որ վերջին օրերին ակտիվ քննարկումների, մեղադրանքների եւ քաղաքական մեկնաբանությունների ֆոնին ինքը պատրաստ է պատասխանել ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերին՝ իրենց ընտրած հարթակում։ «
Առաջարկում եմ, որ ամենակարկառուն քաղաքական մեկնաբանները, խմբագիրները, որոնք այս օրերին տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, հանդիպեն ինձ հետ։ Ես պատրաստ եմ հարցազրույց տալ բոլոր այն ընդդիմադիր լրատվականների խմբագիրներին կամ նրանց ներկայացուցչին՝ իրենց տաղավարում, իրենց տարածքում, իրենց նախընտրած հարթակում»,- ասել է նա։
ԱԺ նախագահի խոսքով՝ ինքը որեւէ պայման չի դնում, որպեսզի ընդդիմադիր լրատվամիջոցները հնարավորություն չունենան պատճառաբանելու, թե հարցազրույց կազմակերպելուց խուսափել են այդ պայմանների պատճառով։ Եվ հիշատակել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների անուններ, որոնց առաջարկում է ընդունել մարտահրավերը․ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյան, Yerevan Today-ի ներկայացուցիչ, «5-րդ ալիքի» կողմից ընտրված անձ։ Սիմոնյանն ընդգծել է, որ հարցազրույցը պետք է լինի չմոնտաժված, միմյանց նկատմամբ հարգալից մթնոլորտում։ «Խնդրում եմ կապ հաստատել իմ խոսնակի հետ եւ կազմակերպել հարցազրույցը։ Այն պետք է լինի մեկս մյուսին հարգելու տրամաբանությամբ՝ հարցերի եւ պատասխանների բացահայտման համար»,- նշել է նա։
ԱԺ նախագահը հավելել է, որ իր առաջարկն արվում է համապետական ընտրություններից մի քանի ամիս առաջ, եւ հույս է հայտնել, որ ընդդիմադիր լրատվամիջոցները չեն խուսափի հանդիպումից։ «Կսպասեմ իմ կողմից նետված ձեռնոցին ձեր պատասխանին, հուսամ՝ չեք խուսափի»,- եզրափակել է Սիմոնյանը։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանից «Հրապարակը» հարցրեց` ընդունելո՞ւ է Ազգային ժողովի նախագահի հրավեր-առաջարկը, թե՞ ոչ: Աբրահամյանն ասաց. «Հրավերն այդպես չեն ուղարկում, ոչ էլ՝ առաջարկը: Այն լինում է հետեւյալ կերպ. կա՛մ ինքը պետք է զանգահարեր, կա՛մ իր մամուլի ծառայությունը: Ինչից հետո նոր քննարկում ենք: Ես չգիտեմ էլ, թե Ալեն Սիմոնյանն ինչ է հայտարարել: Եթե ինձ զանգահարեն, ինձ հետ բանակցեն, ապա կմտածեմ: Այս եղանակով, հատկապես այն դեպքում, որ ես այդ հայտարարությունը չեմ էլ լսել, չեմ պատրաստվում վերջինից հարցազրույց վերցնել»:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ, անդրադառնալով ԱԺ նախագահի հրավերին, ասաց. «Դե, իր ղեկավարը նախկին նախագահներին է համառորեն բանավեճի հրավիրում, ինքն էլ խմբագիրներին է փորձում երկխոսության տանել: Բայց մոռանում է, որ ընդամենը օրեր առաջ իր իսկ դիմումի հիման վրա երկու լրագրող-բլոգեր են կալանավորվել` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, իբրեւ թե իրեն սպառնալու եւ հայհոյելու պատճառով: Այ, երբ իր դիմումները հետ վերցնի քննչականից, եւ փոդքաստը վարող տղաները հայտնվեն ազատության մեջ, այն ժամանակ կքննարկենք իրենից հարցազրույց վերցնելու տարբերակները»:







Բաց մի թողեք
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով
Փաշինյանն ունի «ընդունված լինելու» խորքային պահանջ, իր մաշկի վրա զգում է հանրության պաղ հոսանքը