21/11/2025

Սուտ պայքար ենթամշակույթի դեմ․ «Օրենքով գող» Օշականցի Գևորիկին դատարանն ազատ է արձակել

Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալել էր «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին, որին դիմել էր Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի ղեկավար, ՔՊ-ական Քրիստինե Մադոյանը իր ընտանիքի անդամից մեկ այլ քրեական հեղինակության կողմից պահանջվող 250 հազար դոլարի հարցը լուծելու համար։

Քննչական կոմիտեից պատասխանել են, որ ՔԿ-ն ձերբակալման նույն օրը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Մելիքյանի նկատմամբ կալանքն իբրև խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանի կողմից մերժվել է։

«Դատարանի որոշումն ուղարկվել է քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ որոշման բողոքարկման հարցը քննարկելու համար», – պատասխանել են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ն հստակեցրել է, որ Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի ղեկավար Քրիստինե Մադոյանը, որն ըստ որոշ լուրերի այդ պաշտոնին նշանակվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների համար, այս քրեական գործում ունի վկայի կարգավիճակ։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներից տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։

Կոմիտեից հայտնել էին, որ Հ.Մ.-ի քույրը, տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման և անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը:

Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին:

Blog Image