21/11/2025

Փաշինյանն անձամբ դիմել է դատարան ընդդեմ «Հրապարակ» թերթի

«Փաշինյանը դիմել է դատարան ու համարում է, որ մեր հրապարակման մեջ կա զրպարտություն, բայց դա իրականում ոչ թե զրպարտություն է, այլ պարզապես հարցադրումներ են՝ հիմնականում հռետորական»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նշենք, որ այս պահին Աջափնյակի դատարանում ընթանում է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի» նիստը. «Այդ հռետորական հարցադրումները, ի դեպ, հենց իր ոճի մեջ են, իր գրառումների տրամաբանության մեջ են, ու այդպես հեղինակը փորձել է այդ ոճով պարզապես արձագանքել իրեն: Մայիս-հունիս ամիսներին հենց ինքն էր գրառումներ անում եկեղեցու դեմ, սրբազանների դեմ, հարցումներ էր անում՝ կուսակրոն եք արդյոք դուք, զավակ ունեք թե չունեք, խախտե՞լ եք արդյոք կանոնագիրքը, թե՞ ոչ: Հիմա այս նույն ոճի մեջ էլ մեր հեղինակը պարզապես փորձել է պատասխանել նրան՝ արդյոք դավաճանու՞մ է կնոջը, արդյոք ասեկոսեները ճիշտ են, թե ոչ և այլն: Հոդվածում իրականում չկա որևէ պնդում, որևէ տեղեկատվություն, որի համար ինքը դիմել է դատարան, պարզապես հռետորական հարցադրումներ են արված»: