21/11/2025

Նույնիսկ «ախուրյանցի անո» սեգմենտն այլեւս հրաժարվում է սպառել հայհոյախառն քաղաքական օրակարգը

Հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանած ու դրանով ներքին թշնամանք հրահրող՝ պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ութերորդ տարում հասկացել է, որ ժողովուրդը զզվել է այդ դիսկուրսից՝ նախկին-ներկա պառակտումից։ Արցախը հանձնած, հինգ հազար զոհերի պատասխանատվությունն ուսերին կրող Փաշինյանն իր ամենամեծ մեղքը հենց դա է համարում:

Երեկ, կառավարության նիստից հետո նա, պատասխանելով լրագրողների հարցերին, խոստովանել է իր մեղքը, ասել, որ մեղքերի թողություն է խնդրում․ «Հիմա դուք կասեք, որ ես էլ եմ նույնն արել… Այո՛, դրա համար հիմա ես կիրակի օրերը գնում եմ ու խորանի առաջ ծնկի եմ գալիս, մեղքերի համար թողություն եմ խնդրում»։ Բայց հընթացս բաց չի թողել նախկիններին խայթելու առիթը եւ ցույց է տվել, որ զղջման խոսքերն ընդամենը խոսքեր են, որոնցից ոչ մի գործողություն չի բխում։ Ասել է, որ նախորդած շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք ՀՀ-ն առաջնորդել են, տարել են դեպի թակարդ ու պահել թակարդում, 2026 թ. ԱԺ ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն ու այլեւս քաղաքական դաշտում տեղ չունենան․ «Մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են նախկին-ներկա բանավեճերից, էլ չեմ ասում, որ այդ բանավեճերը շատ հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից»։ Տեղեկացրել է նաեւ, թե այս թեմայով իրենց կուսակցության ֆորմատով էլ են քննարկում ունեցել ու եկել են այն եզրակացության, որ պետք է քաղաքական կյանքի նորմալ կանոններ հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չպետք է ունենա։ Եվս մի 8 տարի անց էլ երեւի կհասկանա, որ չի կարելի սահմանափակել ազատ խոսքը, վիրավորել ու քիթը խոթել հոգեւորականների կյանքի մեջ, որ մարդու հեռախոսի պարունակությունը կարդալ չի կարելի, եւ սրբազաններին ու գործարարներին իր հրահանգով կալանավորելն էլ վատ բան է:

«Երեւի թե առաջին անգամն է, որ պետք է համաձայնեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ժողովուրդը ոչ միայն հոգնել է, այլեւ զզվում է այս թշնամանքից։ Այո, հավատացնում եմ՝ հասարակությունը հոգնել է, զզվել բոլոր այն գործիչներից, որոնց հանրային խոսույթում կան հայհոյանք, անեծք, թշնամանք, ատելության քարոզ, հավատացնում եմ ձեզ` այլեւս լսելի չեն, դա միանշանակ է»,- Հրապարակ թերթի հետ զրույցում ասում է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Միեւնույն ժամանակ նա արձանագրում է, որ հենց Փաշինյանն է հասարակությանը նստեցրել ատելության, անեծքի, թշնամանքի թմրասեղի վրա․ «Հենց իրենք՝ 2018 թվականի դագաղների իշխանազավթմամբ: Այս ռեժիմի կարգախոսն է՝ «ատիր քո մերձավորին», եւ այս ռեժիմն իր իշխանությունը պահում է՝ հասարակությանը նստեցրած ատելության նարկոտիկի ասեղի վրա, բայց, այո, ես ավելի քան վստահ եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք փորձելու են իրենց  կարծիքով քվե շահել հայհոյանքով, անեծքով, «նախկինները, թալանը, թալանը» տավտոլոգիայով, ակնհայտորեն  դատապարտված են լինելու»։

Զոհրաբյանը չի կարծում, թե Փաշինյանն անձամբ եւ անկեղծորեն դատապարտում է հայհոյանքն ու թշնամանքը․ «Պարզապես իրենք էլ են հասկացել, որ նախկին-ներկա բանավեճը, թե` նախկինները թալանել են, նախկինները հանձնել են․․․ այս  այլանդակությունն այլեւս իր սպառողը չունի։ Նույնիսկ «ախուրյանցի անո» սեգմենտն այլեւս հրաժարվում է սպառել հայհոյախառն քաղաքական օրակարգը, հրաժարվում է ուտել նախկինների մասին կուտը։ Ես ավելի քան վստահ եմ՝ գուցե սոցիոլոգիական հարցումներ ունեն եւ հասկանում են, որ իրենց մարտավարությունը մերժելի է, հիմա որոշել են արձանագրել հայտնի ճշմարտություններ։ Իսկ, այո, ճշմարտությունն այն է, որ ես՝ ինքս, շատ պարզ մոնիթորինգ եմ անում, նայում եմ այն լուրերի դիտումները, որտեղ կան հայհոյանք, նեգատիվ, այդտեղ նկատելիորեն պակաս են այդ կարգի լուրերի, այդ լեքսիկոնն օգտագործող գործիչների դիտումները, քան այն գործիչների, որոնց խոսույթում անեծք, հայհոյանք չկա։ Սա շատ տեսանելի է, որովհետեւ հասարակությունը հոգնել է տոքսիկ միջավայրից, տոքսիկ գործիչներից, տոքսիկ քաղաքական ուժերից։ Ես հասկանում եմ՝ շատ դժվար է զսպել գայթակղությունը եւ չպատասխանել, երբ որ մի փնթի կենդանի քեզ ու երեխայիդ ամենապաթոլոգիկ հայհոյանքներն է տալիս, բայց ես վերջին շրջանում հաճախ եմ ասում, որ ամեն օր ինքս ինձ վրա աշխատում եմ, որ ինձ, իմ երեխային, ընտանիքին սեռապաթոլոգիկ հայհոյանք տվող վիժվածքին չպատասխանեմ, որովհետեւ այդ դեպքում ես ինչո՞վ եմ տարբերվելու իրենից»։ Իշխանության կարգախոսը՝ «Ատիր քո մերձավորին», այլեւս չի սպառվում, Փաշինյանը, ըստ Զոհրաբյանի, հասկացել է, որ այլեւս չի կարող մայոնեզով եւ կետչուպով այդ ամենն ուտեցնել «ախուրյանցի անո» սեգմենտին, ուստիեւ ասում է շատ հայտնի ճշմարտություններ։

Ի դեպ, վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո իշխանությունը մոտ երկու ամիս հրաժարվել էր նախկին-ներկա կարգախոսից, փոխարենը ծածանում էր կեղծ խաղաղության դրոշակը, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրումով խաղաղություն են բերել, վերջ կոնֆլիկտին, բայց կարճ ժամանակ անց պայթեց քարոզչական փուչիկը, իշխանության ներքին հարցումներն էլ ցույց են տվել, որ հասարակության կեսից ավելին չի հավատում խաղաղության խոստումներին, վերջին շաբաթներին կրկին վերադարձել էին նախկին-ներկա դիսկուրսին, բայց, ըստ ամենայնի, իրոք ինչ-որ հարցումներով պարզել են, որ դա այլեւս չի անցնում, ու Փաշինյանը նոր կարգախոսի փնտրտուքի մեջ է ընկել` 26-ի ընտրությունները ստիպում են մարտավարություն փոխել։