21/11/2025

Ում էր պետք ուղղաթիռ կործանել և այդ առիթն օգտագործել լայնածավալ պատերազմ սկսելու համար

1991թ. նոյեմբերի 21-ին Աղդամի մոտակայքում աղետի է ենթարկվել ԽՍՀՄ ՆԳՆ ՄԻ-8 մարդատար ուղղաթիռը: 34 տարի անց ադրբեջանական քարոզչությունը շարունակում է պնդել, որ «ահաբեկչական ակտը իրականացրել են Ղարաբաղի անջատողականները, որպեսզի խափանեն Ժելեզնովոդսկում ձեռք բերված պայմանավորվածությունները և իրավիճակը հասցնեն լայնածավալ պատերազմի»:

Այդ պատահարի մասին շատ քիչ, ընդ որում՝ հակասական տեղեկություններ կան: Ըստ Բաքվի պաշտոնական վարկածի, այդ օրն Աղդամ են գործուղվել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԼՂԻՄ Կազմկոմիտեի նախագահ Պոլյանիչկոն, ՆԳ վարչության պետ Կովալյովը, դատախազ Պլավսկին:

Այնուհետև բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են այցելել Մարտունի, որտեղ, իբր, ադրբեջանցի «բնակիչները ենթարկվում էին բռնությունների»:

Ստույգ հայտնի է, որ վերջին պահին ուղղաթիռ չեն նստել Վիկտոր Պոլյանիչկոն և Ադրբեջանի ԳԽ նախագահի առաջին տեղակալ Թամեռլան Գարաևը: Օդ բարձրանալուց մի քանի րոպե հետո ուղղաթիռը խորտակվել է:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ուղղաթիռը «կամ գնդակոծվել է խոշոր տրամաչափի գնդացիրից, կամ խոցվել շարժական զենիթային հրթիռով»: Ուղղաթիռի կործանումը դարձել է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի քաղաքական թիմի մեծագույն մասի մահվան պատճառը:

Ի՞նչ է նախորդել ուղղաթիռի կործանմանը: 1991թ. սեպտեմբերի 6-ին Ադրբեջանում կայացել են նախագահի համաժողովրդական առաջին ընտրություններ: Չորս օր առաջ ստանձնած լինելով Նախիջևանի Գերագույն մաջլիսի նախագահը պաշտոնը, Հեյդար Ալիևը հրամանագրով այդ ընտրություններն ինքնավարության տարածքում չեղյալ է հայտարարել:

Նախագահի պաշտոնում ընտրելով՝ Այազ Մութալիբովը փորձ է արել «պետական դավաճանության» մեղադրանքով ձերբակալել Հեյդար Ալիևին: Տեղեկանալով այդ մասին, ամենայն հավանականությամբ՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի վստահելի աղբյուրներից, Հեյդար Ալիևը կեղծ տեղեկություն է տարածել, որ Մութալիբովը «լուծարում է Նախիջևանի ինքնավարությունը» և կոչ է արել, որ «ժողովուրդը ոտքի կանգնի և պաշտպանի իր պատիվը»:

Այդ իրավիճակում միակ քաղաքական գործիչը, որ շահագրգռված էր Մութալիբովի իշխանության թուլացմամբ և տարածաշրջանում լայնածավալ պատերազմով, Հեյդար Ալիևն էր, որովհետև Ադրբեջանում իշխանության վերադառնալու այլ հնարավորություն, քան Ժելեզնովդսկի պայմանավորվածությունների ձախողումը և Այազ Մութալիբովին հեղինակազրկումն էր, նա չուներ: Խնդիր է, թե ո՞ւմ միջոցով է նա իրականացրել ուղղաթիռի կործանման գործողությունը:

Հայկական հետքը լիովին բացառելի է, որովհետև ուղղաթիռը կործանվել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ամենահավանական վարկած է մնում քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի կողմից մոտ երեք տասնամյակ առաջ դիտարկվածը. Ինչո՞ւ վերջին պահին Վիկտոր Պոլյանիչկոն և Թամեռլան Գարաևը ուղղաթիռ չեն նստել:

Ալիզադեն ուշադրություն է հրավիրել փաստին, որ իշխանության վերադառնալով՝ Հեյդար Ալիևը Թամեռլան Գարաևին տեղափոխել է դիվանագիտական աշխատանքի, հեռացրել Ադրբեջանից: Ուղղաթիռի կործանումից չորս օր հետո Թամեռլան Գարաևի նախաձեռնությամբ հրավիրվել է Ադրբեջանի ԳԽ արտահերթ նստաշրջան, որտեղ ընդունվել է ԼՂԻՄ-ը լուծարելու և ադրբեջանական բնակավայրերում զորքեր տեղաբաշխելու մասին որոշում:

Սա ամենահիմնավոր ապացույցն է, թե ում էր պետք ուղղաթիռ կործանել և այդ առիթն օգտագործել լայնածավալ պատերազմ սկսելու համար: