21/11/2025

Պուտինի համախոհների ճամբարը կատարյալ թերուսների հավաքածու է

Պուտինը նշել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է զենքը վայր դնելու և գերի հանձնվելու հնարավորություն ունենան։ Ռուսաստանի նախագահը հանձնարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին զեկուցել, թե ինչպես է կատարվում այդ խնդիրը, հաղորդում է ТАСС-ը։

«Վալերի Ալեքսեևիչ, ես նաև կխնդրեի ձեզ զեկուցել, թե արդյոք ձեզ հաջողվում է ստեղծել պայմաններ, ինչպես ես խնդրել էի, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները զենքը վայր դնեն և հանձնվեն՝ հաշվի առնելով իրավիճակը, որում նրանք ներկայում հայտնվել են»,- հետաքրրքվել է Ռուսաստանի նախագահը։

Վաշինգտոնում ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովից հետո, ինչպես և սպասելի էր, ռուսաստանյան քարոզչությունն այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական ընտրությունը ներկայացնում է որպես «նոր գաղութատիրության հաստատմանը միտված քայլ»:

Ընդ որում, որքան էլ արտառոց չհնչի, սլաքներն ուղղվում են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ Չինաստանի ուղղությամբ: Ղրղըզստանցի քաղաքական մեկնաբան Ազադ Աթամբաևը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ փաստեր է բերում, թե Մոսկվան ինչպես է «օգտագործում նախկին կլանային իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի ներշնչի, որ չինացիներն առանց մեկ կրակոցի, միայն դեմոգրաֆիկ էքսպանսիայով առաջիկա մեկ-երկու տասնամյակի ընթացքում բնիկ ժողովուրդներին իրենց հայրենիքում վերափոխելու են ազգային փոքրամասնության»:

Ավելի հանգամանալի անդրադարձել է կատարել ղազախստանցի բլոգեր Իբրիշ Նուրուպբաևը: Նա ուսումնասիրել է Չինաստան-Ղազախստան-Եվրոպա՝ Ռուսաստանը շրջանցող, միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ռուսաստանյան մամուլի հրապարակումները և եկել եզրակացության, որ «Պուտինի համախոհների ճամբարը կատարյալ թերուսների հավաքածու է, քանի որ բոլորը միաբերան կրկնում են, որ հյուսիսային ծովային երթուղին Եվրոպա-Ասիա բեռնափոխադրումների ամենահարմար, անվտանգ և էժան երթուղին է»:

Ղազախստանցի բլոգերը բերում է մի շարք հիմնավոր փաստարկներ, որ այդ երթուղին գործարկելու համար հարկ է ունենալ ատոմային սառցահատների նոր նավատորմ, տիեզերք արձակել կապի և նավիգացիայի տասնյակ արբանյակներ, կառուցել պահուստային նավահանգիստներ, ստեղծել առևտրական և սառցահատ նավերի տեխնիկական սպասարկման և փրկարարական ենթակառուցվածքներ:

Այդ ծավալի աշխատանքները պահանջում են հսկայական ներդրումներ և տասնյակ տարիներ, բայց ամենակարեւորը՝ ուկրաինական պատերազմի դադարեցում և Միացյալ Նահանգների հետ իրավա-քաղաքական պայմանավորվածություն, քանի որ երթուղին պետք է անցնի Բերինգի նեղուցով, իսկ այնտեղ «բանալին ԱՄՆ ձեռքում է, քանի որ վերահսկում է Կրուզերշտեռնի կղզին»:

Ռուսաստանյան «կացնային քարոզչությանը» կարելի է տասնյակ, հարյուրավոր անառարկելի փաստերով և տրամաբանական եզրահանգումներով հակադարձել: Դրանից ոչ միայն ոչինչ չի փոխվում, այլեւ ամրապնդվում է փորձագիտական տեսակետը, որ Մոսկվան «հետխորհրդային տարածքն այդքան հանգիստ չի հանձնի»:

Փաստացի Կենտրոնական Ասիան ահազանգում է, որ վտանգվում են ԱՄՆ-ի, Եվրամիության, նույնիսկ Չինաստանի հետ ազատ համագործակցության պայմանավորվածությունները: Եվ ամենամեծ վտանգն այն է, որ նպատակին հասնելու համար Ռուսաստանը խաղադրույք է դնում տարածաշրջանի նախկին կլանային ուժերի վրա:

Կենտրոնական Ասիայի քաղաքական կայունությունը ռեսուրս է նաև Հայաստանի համար: Մեկնարկում է վարչապետ Փաշինյանի Ղազախստան այցը: Աստանան որոշակի ներդրում է ունեցել հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ տրամադրելով բանակցային հարթակ:

Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել ղազախստանյան գնացքաշար: Ղազախստանը Կենտրոնական Ասիայի «հանգույցն» է, միաժամանակ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը:

Այդ տարածաշրջանում որևէ ֆորս-մաժոր կվտանգի խաղաղության, կայունության և համագործակցության ծրագրի ամբողջ կոնստրուկցիան: